Ավտոշուկայում էլեկտրամոբիլների բաժինը հասել է 37 տոկոսի․ ո՞ւմ առավելություն կտրվի նոր քվոտան բաշխելիս

Էլեկտրամեքենաների մեծացող թիվը տեսանելիորեն փոխում է Հայաստանի ավտոշուկայի ու ավտոպարկի պատկերը։ Միայն 2025-ին ներմուծված մեքենաների ավելի քան մեկ երրորդը՝ մոտ 37 տոկոսը, էլեկտրամոբիլ է եղել։ Պետությունն էլ շարունակում է խթանել դրանց ներմուծումը՝ ավելացնելով անմաքս քվոտան և պահպանելով հարկային արտոնությունները։ Այս տարի Հայաստան կարող է ներմուծվել արդեն 20 հզր անմաքս էլեկտրամոբիլ։ Որքանո՞վ է իրատեսական կառավարության նպատակը՝ մինչև 2030 թվականը Հայաստանում ունենալու առնվազն 100 հզր էլեկտրամոբիլ, և ինչպե՞ս է փոխվել Հայաստանի ավտոպարկը։

2025-ին Հայաստան ներմուծված ավելի քան 48 հազար մեքենաներից 18 հազարը՝ մոտ 37 տոկոսը, էլեկտրամոբիլ է եղել։ Պետությունը շարունակում է խրախուսել դրանց ավելացումը։ Եթե նախորդ տարիներին Հայաստանի համար տարեկան սահմանված էր 8 հզր անմաքս էլեկտրամոբիլի քվոտա, ապա 2026-ի համար այն նախապես 15 հզր էր։ Վերջերս դրանց ավելացել են ևս 5 հազարը։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյան․

«Լավ լուր մեր այն հայրենակիցների համար, որոնք որոշել էին այս տարվա ընթացքում ձեռք բերել էլեկտրամոբիլ։ Ինչպես գիտեք, մոտավորապես 1900 ավտոմեքենայի քվոտա էր մնացել մեր դիլերների և ոչ դիլեր՝ ֆիզանձանց համար, և ահա այդ թվին ավելացավ ևս 5000-ը»։

Տնտեսագետ Աղասի Թավադյանի գնահատմամբ՝ էլեկտրամոբիլների ավելացումը կարող է նվազեցնել նաև ներմուծվող վառելիքից կախվածությունը․

«Դրական կողմը այն է, որ Հայաստանում վառելիքը ամենաթանկն է մեր տարածաշրջանում, և վարորդները էլ ավելի մատչելի կվարեն, և ավելի քիչ կախվածություն կունենանք բենզինից, որը գալիս է արտասահմանից, այսինքն՝ սա տնտեսական անվտանգության և ինքնապահովման տեսանկյունից ավելի կարևոր է, որովհետև մենք ենք արտադրում էլեկտրաէներգիան։ Մոտակա 2, 3 տարիներին մեր հզորությունները ընդհանուր էլեկտրաէներգիայի մոտ 30-40%-ով պիտի ավելացնենք, սա հիմնական ծանրությունը դնում է ԲԷՑ-ի վրա, և սա կարևոր է հասկանալ»։

Արտոնությունները, սակայն, ունեն սահմանափակումներ։ Ներմուծվող էլեկտրամոբիլները պետք է լինեն վերջին 3 տարվա արտադրության։ Իսկ Հարկային օրենսգրքով էլեկտրամոբիլների ներմուծումն ու օտարումը 2026-ին ևս ազատված են ԱԱՀ-ից։ ԱԺ ՔՊ խմբակցության անդամ Բաբկեն Թունյանի խոսքով՝ սա նաև բնապահպանական նկատառումներով է արվում․

«Այսինքն՝ մենք փորձում ենք էնպես անել, որ առաջիկա տարիներին էլեկտրական մեքենաների թիվը Հայաստանում գերակշռի, ու բնականաբար, ինքը իներցիայով էլ է այդ ճանապարհով գնում, բայց նաև կարգավորումներով փորձում ենք դրան խթանել։ Երկրորդը՝ էլեկտրական մոբիլները շատ ավելի շահավետ են, և 3-րդ հանգամանքը, ի վերջո, դրանց մարտկոցները նաև կարող են, չնայած ասում են, որ դրանք շրջակա միջավայրի հետ կապված որոշակի խնդիրներ ունեն, բայց նաև այլընտրանքային օգտագործման տարբերակներ ունեն»։

ՊԵԿ-ի տվյալները ևս հաստատում են էլեկտրամոբիլների պահանջարկի աճը։

2022-ին Հայաստան է ներմուծվել մոտ 47 հազար մեքենա, որոնցից՝ 3․300-ը էլեկտրամոբիլ։
2023-ին՝ մոտ 87 հզր մեքենա, որոնցից՝ 3․600-ը էլեկտրամոբիլ։
2024-ին՝ մոտ 32 հզր մեքենա, որոնցից՝ 9․500-ը էլեկտրամոբիլ։
2025-ին՝ ավելի քան 48 հազար մեքենա, որոնցից՝ ավելի քան 18 հազարը էլեկտրամոբիլ։

Այսինքն՝ 2024-2025 թվականներին ծավալը գրեթե կրկնապատկվել է։ Միաժամանակ ներմուծման բարձր ցուցանիշներում էական դեր է ունեցել նաև էլեկտրամոբիլների վերաարտահանումը։

Նախորդ տարի հատկացված 8 հազար անմաքս քվոտայից 5 հազարը ֆիզիկական անձանց, 3 հազարը՝ դիլերների համար էր։ Այս տարվա նոր քվոտան դեռ բաժանված չէ։  Թունյանն ասում է՝ ֆիզիկական անձանց ավելի մեծ հնարավորություն կտրվի։

«Շատերը մեզ ասում էին, որ իրենք արդեն իսկ մեքենաներ են պատվիրել և դրանք ճանապարհին են և չեն իմացել, որ արտոնությունը վերաբերվելու է նոր մեքենաներին։ Էս դեպքում, իհարկե, մի քիչ իրենց ասածը լեգիտիմ չէր, որովհետև ի սկզբանե ոչ ոք չէր էլ ասել, որ ընդհանրապես արտոնություն է լինելու, բայց ընդառաջ գնալով այդ մարդկանց խնդրանքներին, մենք կարգավորումը այնպես դրեցինք, որ մինչև հունվարի 31-ը մաքսազերծելու դեպքում մեքենայի ժամկետը հաշվի չեն առնի»։

Արտոնությունները տարածվում են նաև բեռնատար էլեկտրամոբիլների վրա։ Էլեկտրամոբիլների ներմուծմամբ և վաճառքով զբաղվող ընկերության հիմնադիր Վարդան Մկրտչյանի խոսքով՝ քվոտայի ավելացումը դրական է, սակայն միայն սա չէ, որ էական փոփոխություն է առաջացնում։ 

«Քանի որ արդեն մարդիկ գիտակցում են առավելությունները, էլեկտրամոբիլների և բնականոն ուղղակի զարգացում տեղի կունենա։ Իհարկե, քվոտան դրական կդիտարկվի շատ գնորդների կողմից»։

Մկրտչյանի գնահատմամբ՝ ներքին այրման շարժիչով մեքենաների համեմատ էլեկտրամոբիլներն ավելի մատչելի են նաև շահագործման տեսանկյունից։

«Առաջին հերթին վառելիքի ծախսի նվազեցումը․ այսպես ավելի քան 10 անգամ ավելի մատչելի է, ավելի հարմարավետ է, ավելի արագընթաց է։ Ավելի նորարար է։ Կարծում եմ, հիմա լրիվ հակառակ իրավիճակն է, 7,8 % կազմում է ներքին շարժման շարժիչները, մնացած էլեկտրական։ Խոսքը վերաբերում է նոր մեքենաների ներմուծման ծավալներին, ոչ երկրորդային»։

Կառավարության «Կանաչ և կայուն տնտեսության»  ծրագրով նախատեսվում է մինչև 2030 թվականը Հայաստանում ունենալ առնվազն 100 հազար էլեկտրամոբիլ։

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյան․ «Ամրագրված է, որ մենք 2030 թվականին պետք է նվազագույնը ունենանք 100 հազար էլեկտրամոբիլ. սա մեր ռազմավարական տեսլականի մասին»։

ՆԳՆ-ից «Ռադիոլուր»-ին տրամադրված տվյալներով՝ օգոստոսի 12-ի դրությամբ Հայաստանում հաշվառված է մոտ 1,9 մլն  ավտոմեքենա, որոնցից մոտ 54․400-ը՝ էլեկտրամոբիլ։ Այսինքն՝ 2030-ի 100 հազարի թիրախին հասնելու համար ներկայիս ցուցանիշին պետք է ավելանա ևս մոտ 45․600 էլեկտրամոբիլ։  

Leave a Comment