Ինչո՞ւ Արամ Վարդևանյանը կրկին հայտնվեց քաղաքական դաշտի ուշադրության կենտրոնում

Ազգային ժողովի երրորդ փոխնախագահի ընտրությունն այսօր վերածվել է քաղաքական անցյալի ու պատասխանատվության շուրջ բանավեճի։ Ընդդիմության թեկնածու Արամ Վարդևանյանը, որը տարիներ շարունակ եղել է իրավական դաշտում, իսկ նախկինում նաև հրաժարվել է պատգամավորական մանդատից, այս անգամ խորհրդարանի ամբիոնից պատասխանել է իր քաղաքական ճանապարհի վերաբերյալ հարցերին։

Սահմանադրական դատարանում ՄԻՊ–ի ներկայացուցչից մինչև Ազգային ժողովի ղեկավար կազմի անդամի հավակնորդի կարգավիճակ։ Վարդևանյանի թեկնածության քննարկումը առիթ դարձավ վերադառնալու ինչպես նրա մասնագիտական ուղուն, այնպես էլ նախկին քաղաքական որոշումներին ու ընդդիմադիր գործունեությանը։

«Իմ երազանքը չի եղել լինել ԱԺ պագամավոր կամ ԱԺ նախագահի տեղակալ»։

Հակառակ այս հայտարարությանը՝ քաղաքական ու իրավական տարբեր հարթակներում հանդես եկած Արամ Վարդևանյանն այսօր առաջարդված է որպես Ազգային ժողովի երրորդ փոխնախագահ։

Սահմանադրական դատարանում մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչ, ապա ՍԴ նախագահի և անգամ երկրի վարչապետի ավագ խորհրդական աշխատած, իսկ այժմ 9-րդ գումարման Ազգային ժողովի ընդդիմադիր փոխխոսնակի պաշտոնի թեկնածու Արամ Վարդևանյանը ելույթում շեշտում է՝ ցանկություն չի ունեցել լինելու 9-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր․

«Մեր խմբակցության իմ բոլոր գործընկերները չեն ունեցել։ ՀՀ-ում ընդդիմադիր խմբակցության պատգամավոր լինելը հեշտ չէ։ Ընդդիմադիր խմբակցության պատգամավոր լինելը մի քանի հստակ ու կանխատեսելի գործիքակազմ է ենթադրում։ Դրանք հիմնականում բխում կամ վերաբերում են իմ՝ իրավունքի ոլորտում առաջնային մասնագիտացմանը։ Քրեկաան ու քրեադատավարական իրավունք, այդ ոլորտի հետ։ Բայց այդ պատասխանատվությունը ստանձնում ենք»։

Արամ Վարդևանյանը բացատրում է, թե ինչու են ինքն ու իր խմբակցությունը ստանձնում այդ պարտականությունը․

«Որովհետև մենք գտնում ենք, որ ԱԺ-ին Սահմանադրությամբ վերապահված լիազորություններն ու գործիքակազմերը պետք է իրացվեն առաջնային մեկ նպատակի համար՝ ուժեղ Հայաստան ունելու համար։ Չնայած քաղաքական տիտանական հակադիր մոտեցումներին, բայց համաձայնություն կա։ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու և հայ ժողովրդի կամքը ուժեղ Հայաստան ունենալու մեջ է»։

Արամ Վարդևանյանի ելույթից հետո պատգամավորները հարցեր ուղղեցին թեկնածուին։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Վոլոդյա Հակոբյանը հետաքրքրվեց, թե ինչ է փոխվել 2022 թվականից հետո, երբ Վարդևանյանը «Հայաստան» դաշինքի ցուցակով ընտրվել էր պատգամավոր, սակայն հրաժարվել էր մանդատից։

– Ինչու՞ եք ուզում դառալ ԱԺ փոխխոսնակ։ Այդ ի՞նչ փոխվեց, պարո՛ն Վարդևանյան, որ մի դեպքում չհաջողելու դեպքում մանդատ եք դնում, իսկ մյուս չհաջողելու դեպքում սովորական պատգամավորից ուզում եք դառնալ ԱԺ փոխխոսնակ։

– Նման ցանկություն չունեմ, պարո՛ն Հակոբյան։ Խմբակցությունը որոշել է առաջադրել ինձ, պատասխանատվությունը ստանձնում եմ, ցանկություններով չեմ առաջնորդվում։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մեկ այլ անդամ Սոնա Ղազարյանին հետաքրքրեց, թե ինչն այնպես չի արել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2022-ին, որ Արամ Վարդևանյանը հրաժարվել է մանդատից, բայց 2026-ին Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստանի» ցուցակով ընտրվել է ԱԺ պատգամավոր․

– Այդ ի՞նչ այնպես չէր անում Ռոբերտ Քոչարյանը։

– 2022 թվական, 2026 թվական։ Ես, լինելով «Հայաստան» դաշինքի անդամ ունեցել եմ այն աստիճան ինքնուրույնություն, որ եթե ես որոշել եմ պատգամավորական մանդատը վայր դնել, վայր եմ դրել։ Այդքան ինքնուրույնությունն ունեցել եմ, իմ կողմից սուբյեկտիվ որոշումը կայացրել ու իրացրել եմ։

Վարդևանյանը խոսեց նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի կատարած աշխատանքների մասին, ինչին ի պատասխան պատգամավոր Սոնա Ղազարյանն ասաց․

«Ինձ շատ հետաքրքիր է «Հայաստան» դաշինքի դիրքորոշումը՝ ձեզ քվեարկելու վերաբերյալ, որովհետև, հարգելի՛ գործընկերներ, ձեր փոխարեն, պարո՛ն Վարդևանյանին, ես միանշանակ չէի քվերակի, հենց այս շեշտադրումներից հետո»։

Վարդևանյանի թեկնածության քննարկումն անցավ ոչ միայն նրա անցած մասնագիտական ճանապարհի, այլև քաղաքական անցյալի շուրջ սուր հարցադրումներով։ Իշխանական պատգամավորները փորձեցին պարզաբանումներ ստանալ Վարդևանյանի ինչպես նախկին որոշումների, այնպես էլ տարբեր ժամանակներում արած հայտարարությունների վերաբերյալ։

Քննարկումների առանցքային հարցերից մեկը դարձավ նաև այն, թե արդյոք խորհրդարանական մեծամասնությունը կաջակցի ընդդիմության թեկնածուին, թե ոչ։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը լրագրողներին հայտնեց, որ այդ հարցի վերաբերյալ դեռ չունեն հստակ որոշում:

«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները, ի դեպ, չեն մասնակցի Ազգային ժողովի օգոստոսի 7-ի նիստին։ Այդ մասին լրագրողներին ասել է խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը․

«Վաղը՝ ժամը 4-ին, մենք լինելու ենք Էջմիածնի դատարանի դիմաց»։

Հիշեցնենք՝ օգոստոսի 7-ին Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաում կսկսվեն Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների քրեական գործով նախնական դատալսումները։

Leave a Comment