«Ասելու եմ, որ ԵԱՏՄ-ն կաթվածահար է, չի գործում»․ ի՞նչ օրակարգով է Փաշինյանը մեկնել Ղրղզստան

ՀՀ վարչապետը աշխատանքային այցով Ղրղզստանում է: Չոլպոն-Ատայի «Իսիկ-Կուլ» միջազգային օդանավակայանում Նիկոլ Փաշինյանին դիմավորել է Ղրղզստանի նախարարների կաբինետի նախագահի տեղակալ Էրլիստ Ակունբեկովը: Նիստի օրակարգի մասին շատ բան հայտնի չէ, սակայն տեղեկություններ կան, որ քննարկման սեղանին է լինելու նաև գյուղատնտեսական շուկան զարգացնելու հարցը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցից առաջ պարզաբանել էր, որ նիստին բարձրաձայնելու է հայկական գյուղմթերքի՝ ԵԱՏՄ շուկա արտահանման վերջին սահմանափակումների հարցը։ Նաև շեշտել էր, որ այդ կառույցն այժմ կաթվածահար է։

Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին երեք համաձայնագիր կստորագրվի՝ ԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի, միությունում բրոքերների և դիլերների՝ բորսայական առևտրին մասնակցելու թույլտվության, նաև անդամ պետություններում գիտական կոչումների փոխադարձ ճանաչման մասին։ Այս մանրամասները հաղորդում է Ռուսաստանի պետական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ ընդգծելով, որ մասնակից պետությունների ներկայացուցիչները առանձնակիորեն անդրադառնան ագրարային շուկայի զարգացմանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռևս Ղրղզստան մեկնելուց առաջ ներկայացրել էր իր մասնակցության օրակարգն ու այն հարցերը, որոնք մտադիր էր շոշափելու նիստում․

«Բարձրացնելու եմ այն, ինչ ձեզ ասել եմ բրիֆինգում, ասել եմ, որ ԵԱՏՄ-ն կաթվածահար է, չի գործում, եթե ԵԱՏՄ-ի պայմանագիրը չի գործում, չի գործում ԵԱՏՄ-ն և դե ֆակտո կաթվածահար վիճակում է։ Կաթվածահարությունը խորանալու միտումներ է ցուցաբերում, և եթե էս հարցը արագ չլուծվի, ես հարյուր տոկոսով վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետությունը այս խնդիրը հաղթահարելու է, ԵԱՏՄ-ն չի հաղթահարելու»։

Հուլիսի վերջին վարչապետ Փաշինյանը հեռախոսազանգով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ասել էր, որ հայկական ապրանքների ՝ ՌԴ շուկա արտահանման սահմանափակումները հակասում են Հայաստան-Ռուսաստան իրավապայմանագրային շրջանակին ու Եվրասիական տնտեսական միության կարգավորումներին։  

Նա խնդրել էր միջոցներ ձեռնարկել կարգավորելու այս խնդիրները։ Ռուսաստանը հունիսի սկզբից արգելել էր հայկական ապրանքների գերակշիռ մասի արտահանումը ԵԱՏՄ շուկա՝ ծաղիկներից ու բանջարեղենից մինչև հանքային ջուր ու կոնյակ։ Ըստ «Ռոսսելխոզնադզոր»–ի վերջին հայտարարության՝ ռուսական կողմը խախտումներ է հայտնաբերել նաև «Բջնի» հանքային ջրի, «Պրոստո ազբուկա» բնական խմելու ջրի (այդ թվում՝ մանկական) և DARBAS ապրանքանիշի «Մոխիտո» ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքի խմբաքանակների մեջ: Խոսքը շուրջ 70 հզր շշի մասին էր: Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, սակայն, հայտարարել է, որ ռուսական կողմը չի պարզաբանել՝ կոնկրետ ինչ բնույթի են խախտումները։

Ստեղծված վիճակին արձագանքել էր ԵՄ-ն ու առաջին անգամ հատուկ միջոցներ առաջարկել Հայաստանին՝ ապրանքների մի մասը եվրոպական շուկա արտահանելու համար։ Բացի այդ՝ ԵՄ–ն ֆինանսական աջակցություն էր տրամադրել հայ գործարարներին, արտահանողներին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան․ «Այս ամենը, ինչը հնարավորություն է մեր տնտեսությունը, ի վերջո, իրոք դիվերսիֆիկացնելու և իրոք զարգացնելու, իրոք բերելու ստանդարտների նոր տեխնոլոգիաները, զարգացնելու կուտակիչ կայանները, տեխնոլոգիաները զարգացնելու, շարունակելու վերականգնվող էներգետիկայի զարգացումը և այդպես շարունակ»։

Տնտեսությունը դիվերսիֆիկացնելու Հայաստանի քայլերին արձագանքել էին ԵԱՏՄ անդամ չորս երկրների ղեկավարները։ Համատեղ հայտարարությամբ նրանք հորդորել էին հնարավորինս արագ Հայաստանի՝ Եվրոպական միությանն անդամագրվելու հարցով հանրաքվե անցկացնել։ Վարչապետի խոսքով, սակայն, այդ հանրաքվեն հնարավոր է միայն Եվրոպական միությանը պաշտոնական դիմում հղելուց և թեման առարկայական դարձնելուց հետո․

«Առարկան դեռևս գոյություն չունի։ Ես շատ հստակ ասել եմ իմ դիրքորոշումը և վերահաստատում եմ, որ նման հարցով հանրաքվե անելու համար Հայաստանը պետք է գոնե դիմած լինի, էլ չեմ ասում` առավել տրամաբանական է, որ Հայաստանը գոնե անդամության թեկնածուի կարգավիճակ ունենա, կամ արդեն այդ հարցը լինի օրակարգում։ Այդ ժամանակ շատ տրամաբանական կլինի հանրաքվե անցկացնելը»։

Ռուսաստանի՝ նման արձագանքի գլխավոր պատճառը, Նիկոլ Փաշինյանի կարծիքով, Հայաստանի բալանսավորված արտաքին քաղաքականությունն է․

«Պրոբլեմը հետևյալն է․ Հայաստանը ռազմավարական հարաբերությունների փաստաթուղթ է ստորագրել Չինաստանի հետ, Հայաստանը ռազմավարական հարաբերությունների փաստաթուղթ է ստորագրել Միացյալ Նահանգների հետ, Հայաստանը ռազմավարական հարաբերությունների փաստաթուղթ է ստորագրել Մեծ Բրիտանիայի հետ, Հոլանդիայի հետ, Ֆրանսիայի հետ և բազմաթիվ այլ պետությունների հետ»։

Ռուսաստանը փորձագիտական դաշտում հարցը դիտարկում է ավելի լայն քաղաքական ճնշումների համատեքստում։

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյան․«Քանի որ մենք նկատում ենք վերջին շրջանում Ռուսաստանի կողմից բազմակողմանի ճնշումներ Հայաստանի նկատմամբ, որոնք դրսևորվում են տնտեսական մակարդակում, քաղաքական, դիվանագիտական և նաև, իհարկե, քարոզչական մակարդակներում, կոնկրետ տվյալ քննարկվող թեման էլ նույն տրամաբանության մեջ է։ Մի քանի մակարդակում միաժամանակ Հայաստանի դեմ իրականացվում է համակողմանի ճնշման քաղաքականություն»։

Տնտեսության դիվերսիֆիկացումը չպետք է լինի Ռուսաստանի ու ԵԱՏՄ-ի հաշվին․ Նիկոլ Փաշինյանին այսպես էին արձագանքել Ռուսաստանից։ Չոլպան-Աթայում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից առաջ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը խոսել է Երևանի հետ նվազող առևտրաշրջանառությունից․  

«2024 թվականին Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունը հասել է ռեկորդային մակարդակի՝ մոտ 12 միլիարդ դոլարի, ինչը հսկայական թիվ է։ Անցյալ տարի այն նվազել է` հասնելով 8 միլիարդ դոլարի։ Այս տարի ևս առևտրաշրջանառությունը կտրուկ նվազում է, և իրավիճակն այնպիսին է, որ այն ակնհայտորեն կշարունակի նվազել»։

Փաշինյանը չի կարծում, թե նվազող առևտրաշրջանառության մեղավորը Հայաստանի կառավարությունն է․

 «Ուզում եմ հիշեցնել, որ Եվրասիական տնտեսական միությունը հայեցակարգային մի քանի դրույթների վրա է հիմնված` աշխատուժի, ապրանքների, ծառայությունների և ֆինանսների ազատ տեղաշարժ։ Եթե դա չկա, նշանակում է` Եվրասիական տնտեսական միություն չկա։ Չկա՝ չկա»։

Ակնկալվում է, որ ՀՀ վարչապետն առաջիկա երկու օրերին Ղրղզստանում նաև այս հարցը պետք է հնչեցնի․ ԵԱՏՄ-ն կա՞, թե՞ ոչ։

Leave a Comment