Կիևը Մոսկվային մեղադրում է ռազմական հանցագործություն կատարելու համար։ Առիթը Խերսոնում բանջարեղեն վաճառող տղամարդու վրա անօդաչու սարքի հարձակումն է։ Հրապարակված կադրերը պարզորոշ ցույց են տալիս, որ հարձակումը կոնկրետ է և թիրախավորված։ Միջազգային մամուլը հաղորդում է, որ Ռուսաստանի արձակած հրթիռների և անօդաչու սարքերի հարվածներից գիշերը Կիևում և հարակից մարզերում զոհվել է 17 մարդ, կան վիրավորներ։
Մոսկվան նույնպես մեղադրում է Կիևին՝ նշելով, որ ուկրաինական անօդաչուների և հեռահար հրթիռների հարվածներից քաղաքացիական անձինք են տուժում։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սոցիալական ցանցերում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է ռուսական անօդաչու սարքը հետապնդում և որսում Խերսոնի փողոցային տաղավարներից մեկում բանջարեղեն վաճառող տղամարդուն։
Տեսանյութում երևում է, թե ինչպես է տղամարդը փորձում փախչել անօդաչուից, թե ինչպես է անօդաչուն շրջանցում և ի վերջո հարվածում այն մեքենային, որի հետևում թաքնվել էր բանջարեղեն վաճառողը։
Վնասվածքներ ստացած տղամարդը՝ Յուրին, ավելի ուշ հիվանդանոցից պատմում էր կատարվածի մասին։
«Կինս սկսեց փախչել, և անօդաչուն սկսեց թռչել մեքենայի վրայով։ Ես նրան ցույց տվեցի, որ «նայիր, սա բանջարեղեն է»։ Բայց սարքը սկսեց գալ ինձ վրա։ Ես փորձում էի փախչել՝ ցույց տալով, որ այստեղ ոչինչ չունեմ։ Կինս գոռում էր․ «Յուրա՛, վազի՛ր»։ Բայց ո՞ւր պետք է փախչեի, շուրջս տափաստան է, գնալու տեղ չկա։ Ապաստարա՞ն։ Անկեղծ ասած՝ նույնիսկ ժամանակ չունեի մտածելու դրա մասին։ Սարսափելի էր»։
Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ անօդաչու սարքերի հարձակումները քաղաքացիական բնակչության վրա ավելացել են․ պատերազմի սկզբից ի վեր զոհվել է 967 մարդ, այդ թվում՝ 10 երեխա, և վիրավորվել են գրեթե 7 հազարը։
AP-ն հաղորդում է, որ ռուսական անօդաչու սարքերի օպերատորները հետևում և հարվածում են քաղաքացիական անձանց։
ՄԱԿ-ի հանձնաժողովը 2025 թ․ հոկտեմբերին արձանագրել էր, որ նման հարձակումները մարդկության դեմ հանցագործություններ են։ Զելենսկին հայտարարել է․
«Աշխարհը պետք է տեսնի, որ Ռուսաստանը խելագարվել է, և որ նրա զինվորները հաճույք են ստանում քաղաքացիական անձանց սպանելուց ու բռնությունից»։
Ռուսաստանն էլ Ուկրաինային է մեղադրում ահաբեկչության համար և պնդում, որ ուկրաինական անօդաչուները հատուկ հարձակվում են քաղաքացիական բնակչության վրա։
AP–ն գրում է, որ Սև ծովի ափին՝ Կրասնոդարի մարզում, ուկրաինական անօդաչու սարքի հարձակումից յոթ մարդ է զոհվել, այդ թվում՝ երեք երեխա, 58-ը վիրավորվել են։
Տեղական իշխանությունները հայտնում են, որ վիրավորներից 21-ը հոսպիտալացվել են։
Միացյալ Ռուսաստանի երիտասարդ գվարդիայի ղեկավար Սերգեյ Դոբրովոլսկի․
«Մարդիկ, որոնք դիտմամբ թիրախավորում են քաղաքացիական ենթակառուցվածքները՝ լողափերը, որտեղ երեխաներ են, մասնագիտական դպրոցները, որտեղ երեխաներ են սովորում և ուսանողներ են ապրում, և հանգստավայրերը, այլևս չեն կարող մարդ կոչվել»։
ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների առաքելությունը մոնիտորինգի միջոցով պարզել է, որ Ուկրաինայում 2026 թվականի առաջին վեց ամիսներին խաղաղ բնակչության շրջանում գրանցվել է շուրջ 1․400 զոհ և 8 հզր վիրավոր։ Այս տվյալները համադրելով 2025-ի նույն ժամանակահատվածին՝ առաքելությունն արձանագրել է, որ զոհերի և վիրավորների թիվն Ուկրաինայում 37 տոկոսով ավելացել է։ Այն կրկնակի ավելի է 2024–ի ցուցանիշից։
AP-ի փոխանցմամբ՝ Ուկրաինան սահմանափակ քանակությամբ հրթիռներ ունի ԱՄՆ-ում արտադրված Patriot համակարգերի համար։ Դրանք ուկրաինական զինանոցում միակ միջոցներն են, որոնք կարող են խոցել բալիստիկ հրթիռներ։ Այդ հանգամանքը զգալիորեն բարդացնում է Ռուսաստանի հարձակումների հետմղումը նույնիսկ այն պայմաններում, երբ Ուկրաինան ակտիվացրել է խորքային հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարանների և էներգետիկ ենթակառուցվածքների դեմ։