
Հայաստանի եւ Վրաստանի սահմանային անվտանգության ապահովման և սահմանապահ գերատեսչությունների միջև փոխգործակցությանն առնչվող հարցերն են քննարկվել Թբիլիսիում Հայաստանի Հանրապետության ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Գարիկ Մուրադյանի գլխավորած պատվիրակության այցի ընթացքում։
Վրաստանի ՆԳՆ սահմանապահ ոստիկանության պետ Դավիթ Թամազաշվիլիի հետ հանդիպման ընթացքում վերահաստատվել է համագործակցությունը շարունակաբար զարգացնելու պատրաստակամությունը։
Թամազաշվիլին ներկայացրել է Վրաստանի սահմանապահ ոստիկանության կառուցվածքը, հիմնական գործառույթները և գործունեության առաջնահերթ ուղղությունները։ Հայաստանի ԱԱԾ պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաև Վրաստանի ՆԳՆ պարեկային ոստիկանության դեպարտամենտի տնօրեն Լևան Մաիսուրաձեի հետ։ Ներկայացվել են պարեկային ոստիկանության գործունեության հիմնական ուղղությունները, ինչպես նաև քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Վրաստանի սահմանի անցման կետերում առաջացող հերթերի հետ կապված խնդիրները։
Պատվիրակությունն այցելել է նաև Վրաստանի ՆԳՆ հանրային անվտանգության և ոստիկանության ակադեմիա, որտեղ վերապատրաստում են անցնում նաև սահմանապահները։
Այցի ընթացքում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակությունն այցելել է նաև Վրաստանի ՆԳՆ «112» հանրային անվտանգության կառավարման կենտրոն։