«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար ամենապահանջվածը ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն էր։ Այն ղեկավարելուն հավակնում էր հինգ կուսակցական՝ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը, որը պատգամավորական մանդատ է ստացել, հանձնաժողովի անդամներ Մարիամ Պողոսյանն ու Զարուհի Բաթոյանը, կրթության հանձնաժողովի անդամ Լիլիթ Ստեփանյանը, նաև խմբակցության ղեկավարի պաշտոնին առաջադրված, սակայն չընտրված Արթուր Հովհաննիսյանը։
Նրանցից խմբակցության ղեկավարի պաշտոնին առաջադրված, սակայն չընտրված Արթուր Հովհաննիսյանը, ի դեպ, առաջիններից էր, որ լքեց վարչության նիստի տարածքը՝ մեկնարկից ընդամենը րոպեներ անց։ Ասաց՝ ներկայացրել է իր ծրագիրը, արդյունքների մասին խոսելը թողեց վարչությանը։
«Մեքենաս եկավ»։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուէ ընտրվել Նազելի Բաղդասարյանը։
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը ղեկավարելու համար ևս մի քանի թեկնածու էր առաջադրվել։ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամներ Ալխաս Ղազարյանն ու Տրդատ Սարգսյանը, նորեկ պատգամավոր Նելլի Բավեյանը, ինչպես նաև գործող հանձնաժողովի փոխնախագահ Լուսինե Բադալյանը։
Հանձնաժողովի գործող փոխնախագահ Լուսինե Բադալյանը նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց՝ վարչությունն իրեն է ընտրել․
«Մեր ընտրությունները անցնում են բավական թեժ և ժողովրդավար, այսինքն՝ անկանխատեսելի են լինում, որովհետև, այնուամենայնիվ, դու պիտի պատրաստված լինես, որոշակի մասով բոլորի հարցերին պատասխանես, և դա է որոշում ընթացքը»։
Եվրաինտեգրման մշտական հանձնաժողովի գործող նախագահ Արման Եղոյանը և նոր նախագահի թեկնածու Սոնա Ղազարյանը միասին մոտեցան լրագրողներին։ Եղոյանն ինքը շտապեց հայտնելու՝ ինքը չի ընտրվել։
«— Արժանի՞ է տիկին Ղազարյանը փոխարինել Ձեզ այդ պաշտոնում։
— Անշուշտ»։
Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնին առաջադրվել էին գործող նախագահ Սարգիս Խանդանյանը և պատգամավոր Տաթևիկ Գասպարյանը։
«Ո՛չ, ես չընտրվեցի, ընտրվեց պարոն Խանդանյանը»։
Կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ կդառնա Սիսակ Գաբրիելյանը։ Առաջադրվել էին նաև Թագուհի Ղազարյանը և նորեկ պատգամավոր Ռուզաննա Երեմյանը։ Պետաիրավական և տնտեսական հանձնաժողովները ղեկավարելու հայտ էին ներկայացրել Արուսյակ Ջուլհակյանը և Բաբկեն Թունյանը։ Նրանք ընտրվել են որպես ՔՊ թեկնածուներ։

Վարչության նիստից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց ընտրված թեկնածուների անունները․
«Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողով՝ Զարուհի Բաթոյան։ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով՝ Վիլեն Գաբրիելյան։ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով՝ Տրդատ Սարգսյան։ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողով՝ Վահե Ղլումյան։ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով՝ Ծովինար Վարդանյան»։
Ինտրիգային ընտրություններից մեկը պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահինն էր։ Առաջադրվել էին ՔՊ վարչության անդամներ Արմեն Խաչատրյանը, Վիլեն Գաբրիելյանը, որը նախորդ տարի վայր էր դրել պատգամավորական մանդատը՝ լրագրողի հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտությունների պատճառով, և ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը։
Վերջինս մյուսներից ավելի վաղ լքեց վարչության նիստի շենքը։ Ասաց՝ չի սրտնեղել․
«Իմ կարգի մարդը կարո՞ղ է նեղված լինել»։
ՔՊ վարչության որոշումը, սակայն, դեռ չի նշանակում վերջնական նշանակում։ Հանձնաժողովների նախագահներին ընտրելու է Ազգային ժողովը։ Հանձնաժողովների ղեկավար պաշտոնները բաշխվում են խորհրդարանական ուժերի մեջ Դոնթի բանաձևով»․ յուրաքանչյուր խմբակցություն ստանում է իրեն հասանելիք հանձնաժողովների ղեկավարումը՝ ըստ մանդատների քանակի։ Ըստ այդմ՝ ընդդիմությունը կունենա երեք հանձնաժողով ղեկավարելու հնարավորություն։
Վարչապետը վարչության նիստից հետո նաև կառավարության կադրային փոփոխությունների մասին փակագծեր բացեց։ Հաստատեց՝ Լիլիթ Մակունցը ղեկավարելու է վարչապետի աշխատակազմը։ Իսկ աշխատակազմի գործող ղեկավարը դեռ առավոտյան՝ վարչության նիստից առաջ, կիսահումորային արձագանք էր տվել իր հնարավոր տեղափոխության մասին հարցին․
«Իմ մահվան մասին բոլոր տեղեկությունները չափազանցված են»։
Փաշինյանը հաստատեց նաև ներքին գործերի և պաշտպանության նախարարների վերանշանակումը։