Աշխատանքային օրենսգիրքը սահմանում է գիշերային աշխատանքի հստակ ժամանակահատվածը, ինչպես նաև այն անձանց շրջանակը, որոնց գիշերային աշխատանքում ներգրավելն արգելվում է կամ թույլատրվում է միայն հատուկ պայմաններով։
Iravaban.net-ը ստորև մանրամասն ներկայացնում է, թե ինչ է համարվում գիշերային աշխատանք, ովքեր չեն կարող ներգրավվել դրանում և ինչ երաշխիքներ են նախատեսված որոշակի աշխատողների համար։
Գիշերային ժամանակը՝ 22։00-ից մինչև 06։00
Օրենքի համաձայն՝ գիշերային ժամանակ է համարվում ժամը 22։00-ից մինչև 06։00-ն։
Այդ ժամանակահատվածում կատարված աշխատանքը համարվում է գիշերային աշխատանք։
Ովքե՞ր չեն կարող ներգրավվել գիշերային աշխատանքի
Գիշերային աշխատանքի, որպես ընդհանուր կանոն, չի թույլատրվում ներգրավել՝
- մինչև 18 տարեկան անձանց, բացառությամբ օրենքով նախատեսված հատուկ դեպքերի,
- այն աշխատողներին, որոնց գիշերային աշխատանքն արգելված է բժշկական եզրակացությամբ։
16-18 տարեկան սովորողները կարող են աշխատել գիշերային ժամերին՝ միայն բացառիկ դեպքերում
Մասնագիտական կրթության և ուսուցման ծրագրերով աշխատանքի վրա հիմնված ուսումնառության շրջանակում 16-18 տարեկան սովորողները կարող են բացառիկ դեպքերում ներգրավվել գիշերային աշխատանքի։
Դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ՝
- աշխատանքը պայմանավորված է կրթական ծրագրի որակավորման առանձնահատկություններով,
- այն անխուսափելիորեն անհրաժեշտ է ուսումնառության վերջնարդյունքներն ապահովելու համար,
- աշխատանքը արգելված չէ բժշկական եզրակացությամբ,
- աշխատանքը կատարվում է մասնագիտական բավարար գիտելիքներ և փորձ ունեցող չափահաս անձի՝ մասնագիտական ուսուցման հրահանգչի, հսկողության ներքո։
Ժամը 24։00-ից մինչև 04։00-ն գործում է լրացուցիչ արգելք
16-18 տարեկան սովորողները չեն կարող աշխատել ժամը 24։00-ից մինչև 04։00-ն։
Բացառություն է նախատեսված զինված ուժերում, ոստիկանությունում, առողջապահական կամ բժշկական կազմակերպություններում աշխատանքի համար, եթե այդ աշխատանքը անխուսափելիորեն անհրաժեշտ է կրթական ծրագրի որակավորման վերջնարդյունքների ապահովման համար։
16-18 տարեկան աշխատողների հանգիստը պետք է լինի առնվազն 14 ժամ
Օրենքը նախատեսում է, որ այս դեպքերում 16-18 տարեկան աշխատողների ամենօրյա անընդմեջ հանգստի տևողությունը չի կարող պակաս լինել 14 ժամից։
Բացի այդ, եթե մասնագիտական ուսումնական հաստատությունում դասերը սկսվում են ժամը 09։00-ից շուտ, ապա այդ սովորողները դասերին անմիջապես նախորդող օրը ժամը 20։00-ից հետո չեն կարող ներգրավվել աշխատանքի։
Հղիների և մինչև 3 տարեկան երեխա խնամող աշխատողների համար գործում է համաձայնության սկզբունքը
Հղի կանայք և մինչև 3 տարեկան երեխա խնամող աշխատողները կարող են գիշերային աշխատանքի ներգրավվել միայն՝
- իրենց համաձայնությամբ,
- նախնական բժշկական զննություն անցնելուց հետո,
- գործատուին բժշկական եզրակացություն ներկայացնելու դեպքում։
Այսինքն՝ նրանց գիշերային աշխատանքում ներգրավելու համար միայն գործատուի որոշումը բավարար չէ։
Եթե գիշերային աշխատանքը վտանգում է առողջությունը
Եթե հաստատվում է, որ գիշերային աշխատանքը վտանգել է կամ կարող է վտանգել աշխատողի առողջությունը, գործատուն պարտավոր է աշխատողին փոխադրել միայն ցերեկային աշխատանքի։