Գիշերային աշխատանք․ ո՞վ չի կարող աշխատել ժամը 22։00-ից հետո և ի՞նչ սահմանափակումներ են գործում

Աշխատանքային օրենսգիրքը սահմանում է գիշերային աշխատանքի հստակ ժամանակահատվածը, ինչպես նաև այն անձանց շրջանակը, որոնց գիշերային աշխատանքում ներգրավելն արգելվում է կամ թույլատրվում է միայն հատուկ պայմաններով։

Iravaban.net-ը ստորև մանրամասն ներկայացնում է, թե ինչ է համարվում գիշերային աշխատանք, ովքեր չեն կարող ներգրավվել դրանում և ինչ երաշխիքներ են նախատեսված որոշակի աշխատողների համար։

Գիշերային ժամանակը՝ 22։00-ից մինչև 06։00

Օրենքի համաձայն՝ գիշերային ժամանակ է համարվում ժամը 22։00-ից մինչև 06։00-ն։

Այդ ժամանակահատվածում կատարված աշխատանքը համարվում է գիշերային աշխատանք։

Ովքե՞ր չեն կարող ներգրավվել գիշերային աշխատանքի

Գիշերային աշխատանքի, որպես ընդհանուր կանոն, չի թույլատրվում ներգրավել՝

  • մինչև 18 տարեկան անձանց, բացառությամբ օրենքով նախատեսված հատուկ դեպքերի,
  • այն աշխատողներին, որոնց գիշերային աշխատանքն արգելված է բժշկական եզրակացությամբ։

16-18 տարեկան սովորողները կարող են աշխատել գիշերային ժամերին՝ միայն բացառիկ դեպքերում

Մասնագիտական կրթության և ուսուցման ծրագրերով աշխատանքի վրա հիմնված ուսումնառության շրջանակում 16-18 տարեկան սովորողները կարող են բացառիկ դեպքերում ներգրավվել գիշերային աշխատանքի։

Դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ՝

  • աշխատանքը պայմանավորված է կրթական ծրագրի որակավորման առանձնահատկություններով,
  • այն անխուսափելիորեն անհրաժեշտ է ուսումնառության վերջնարդյունքներն ապահովելու համար,
  • աշխատանքը արգելված չէ բժշկական եզրակացությամբ,
  • աշխատանքը կատարվում է մասնագիտական բավարար գիտելիքներ և փորձ ունեցող չափահաս անձի՝ մասնագիտական ուսուցման հրահանգչի, հսկողության ներքո։

Ժամը 24։00-ից մինչև 04։00-ն գործում է լրացուցիչ արգելք

16-18 տարեկան սովորողները չեն կարող աշխատել ժամը 24։00-ից մինչև 04։00-ն։

Բացառություն է նախատեսված զինված ուժերում, ոստիկանությունում, առողջապահական կամ բժշկական կազմակերպություններում աշխատանքի համար, եթե այդ աշխատանքը անխուսափելիորեն անհրաժեշտ է կրթական ծրագրի որակավորման վերջնարդյունքների ապահովման համար։

16-18 տարեկան աշխատողների հանգիստը պետք է լինի առնվազն 14 ժամ

Օրենքը նախատեսում է, որ այս դեպքերում 16-18 տարեկան աշխատողների ամենօրյա անընդմեջ հանգստի տևողությունը չի կարող պակաս լինել 14 ժամից։

Բացի այդ, եթե մասնագիտական ուսումնական հաստատությունում դասերը սկսվում են ժամը 09։00-ից շուտ, ապա այդ սովորողները դասերին անմիջապես նախորդող օրը ժամը 20։00-ից հետո չեն կարող ներգրավվել աշխատանքի։

Հղիների և մինչև 3 տարեկան երեխա խնամող աշխատողների համար գործում է համաձայնության սկզբունքը

Հղի կանայք և մինչև 3 տարեկան երեխա խնամող աշխատողները կարող են գիշերային աշխատանքի ներգրավվել միայն՝

  1. իրենց համաձայնությամբ,
  2. նախնական բժշկական զննություն անցնելուց հետո,
  3. գործատուին բժշկական եզրակացություն ներկայացնելու դեպքում։

Այսինքն՝ նրանց գիշերային աշխատանքում ներգրավելու համար միայն գործատուի որոշումը բավարար չէ։

Եթե գիշերային աշխատանքը վտանգում է առողջությունը

Եթե հաստատվում է, որ գիշերային աշխատանքը վտանգել է կամ կարող է վտանգել աշխատողի առողջությունը, գործատուն պարտավոր է աշխատողին փոխադրել միայն ցերեկային աշխատանքի։

Leave a Comment