Ստեղծագործել ու արարել սրտի մտոք․Ալեք Ալեքյան

Ի՞նչն է ձևավորում արվեստագետին։ Արդյո՞ք ստեղծագործողի ճանապարհը սկսվում է ակադեմիական կրթությունից, թե շատ ավելի վաղ՝ այն պահին, երբ մանկական հայացքը առաջին անգամ հանդիպում է գույնի կախարդանքին։ Երբեմն բավական է մեկ տեսարան, մեկ հոտ, մեկ գունապնակ, որպեսզի մարդու ամբողջ կյանքը ստանա իր ուղղությունը։ Այդպիսի աննկատ, բայց ճակատագրական պահերից են ծնվում արվեստագետները՝ նրանք, ովքեր հետագայում ոչ միայն ստեղծում են իրենց աշխարհը, այլև հավատարիմ են մնում դրան՝ անկախ կյանքի փորձություններից։

Նկարիչ Ալեք Ալեքյանի համար արվեստը երբեք պարզապես մասնագիտություն չի եղել։ Այն իր ներքին կոչումն է, ճանապարհ, որին, նրա համոզմամբ, պետք է հետևել ամբողջ կյանքում՝ ստեղծագործելով սրտի թելադրանքով, հավատարիմ մնալով սեփական խղճին ու ինքնությանը։ Նրա խոսքով՝ արվեստագետը չպետք է վախենա դժվարություններից, քանի որ յուրաքանչյուր ստեղծագործողի ճամփան նախասահմանված է, իսկ դրա խորհուրդն ու հմայքը հնարավոր չէ ամբողջությամբ բացատրել։

Այդ ճանապարհի սկիզբը Գյումրին էր։ Ծննդավայրը նրա համար պարզապես քաղաք չէ, այլ մանկության, առաջին տպավորությունների ու ստեղծագործական զգացողությունների տարածք։ Թեև պատանեկության զգալի մասն արդեն անցել է Երևանում, Ալեքյանը վստահ է, որ իր արվեստի հիմքերը ձևավորվել են հենց Գյումրիում։ Ամեն անգամ այնտեղ վերադառնալիս նա կրկին զգում է նույն հարազատությունը՝ հին փողոցների, յուրահատուկ ճարտարապետության, արհեստավորների ձեռագրի ու քաղաքի անկրկնելի կոլորիտի նկատմամբ։

Նրա խոսքով՝ Գյումրին միշտ առանձնացել է ոչ միայն իր ճարտարապետությամբ, այլև ստեղծագործ մարդկանց միջավայրով։ Այդ քաղաքը դարեր շարունակ եղել է արհեստների, արվեստների, նկարիչների և ճարտարապետների կենտրոն, իսկ գյումրեցիների բնավորության մեջ միշտ եղել է արտիստիկ ազատություն, որն աննկատ ձևավորում է այնտեղ մեծացող մարդկանց մտածողությունը։

Ստեղծագործական աշխարհի առաջին դուռը նրա առաջ բացել է մորաքույրը՝ նկարիչ Հրանուշ Սահակյանը։ Ամառային օրերին նա հաճախ էր գալիս Գյումրի՝ բնանկարներ ստեղծելու, իսկ փոքրիկ Ալեքը ժամերով հետևում էր նրա աշխատանքին։ Սակայն ամենաուժեղ տպավորությունը նույնիսկ նկարները չէին, այլ գույները։ Նա մինչ օրս հիշում է ներկերի բույրը, վրձինների շարժումը և գունապնակի կախարդանքը, որն առաջին անգամ տեսնելով՝ կարծես մոռացավ մանկական խաղերի մասին։

Մինչ մյուս երեխաները խաղում էին բակում, նա նստում էր մորաքրոջ կողքին ու անհամբեր սպասում, թե ինչպես են սպիտակ կտավի վրա աստիճանաբար ծնվում պատկերները։ Այդ պահերը նրա համար դարձել էին մի յուրօրինակ կախարդանք, որը ժամերով կլանում էր ուշադրությունը։ Հետագայում հենց այդ հիշողություններն էին, որ նա համարեց իր ստեղծագործական կյանքի առաջին ակունքը։

Շուտով նա ինքն էլ սկսեց նկարել՝ սկզբում ջրաներկով և գուաշով։ Մեծահասակները նկատեցին երեխայի գույնի զգացողությունն ու պատկերացնելու կարողությունը և որոշեցին, որ այդ հետաքրքրությունը պետք է զարգացնել մասնագիտական կրթությամբ։ Թեև այն տարիներին Գյումրու Մերկուրովի անվան նկարչական դպրոց ընդունվում էին միայն չորրորդ դասարանից, ընտանիքին հաջողվեց բացառություն անել, և Ալեք Ալեքյանը դպրոց ընդունվեց երկրորդ դասարանում։ Այդպես նա նախատեսված չորս տարվա փոխարեն այնտեղ սովորեց վեց տարի՝ ավելի երկար ապրելով այն միջավայրում, որն իր համար դարձավ ստեղծագործական առաջին դպրոցը։

«ԶԱրտ» մշակութային նախագիծը շարունակում է ներկայացնել հայ արվեստագետների ներաշխարհները՝ բացահայտելով նրանց ստեղծագործական ուղին, մտածողությունն ու արվեստի նկատմամբ վերաբերմունքը։ Նախագիծը հանդիսատեսին հնարավորություն է տալիս ճանաչելու արվեստագետին ոչ միայն իր աշխատանքների, այլև կյանքի փիլիսոփայության միջոցով՝ ստեղծելով մշակութային կենդանի երկխոսություն։

Սակայն արվեստի ճանապարհը միայն ազատ երևակայությամբ չի սահմանափակվում։ Մանկության տարիներին կարելի է նկարել այնպես, ինչպես թելադրում է երևակայությունը, իսկ գույների համարձակ համադրություններն ու հեքիաթային պատկերները հաճախ հիացնում են շրջապատին։ Սակայն մի օր սկսվում է բոլորովին այլ փուլը՝ ակադեմիական կրթությունը, որտեղ ստեղծագործական ազատությանը զուգահեռ պետք է սովորել նաև մասնագիտական կանոնները։

Հենց այդ ժամանակ, ինչպես պատմում է նկարիչը, արվեստագետը հանդիպում է առաջին լուրջ դժվարություններին։ Ազատ երևակայությունից անցումը դեպի ճիշտ կառուցվածք, համամասնություններ, գիպսե ձևերի, երկրաչափական մարմինների և ակադեմիական նկարչության ուսումնասիրությունը հեշտ չի լինում։ Սկզբնական անհաջողությունները բնական են բոլորի համար, սակայն հենց այդ փուլն է որոշում՝ արդյոք մարդը պատրաստ է շարունակել իր ընտրած ճանապարհը։

Ալեքյանի համոզմամբ՝ այդ փորձությունը հաղթահարելու գլխավոր ուժը սերն է արվեստի նկատմամբ։ Եթե ստեղծագործելու ցանկությունն իսկապես մեծ է, ապա դժվարությունները դառնում են ոչ թե խոչընդոտ, այլ անհրաժեշտ փուլ, որն արվեստագետին սովորեցնում է տեսնել, հասկանալ և հետո միայն՝ ազատ ստեղծագործել։

Մանրամասները՝ տեսանյութում։ «ԶԱրտ» մշակութային նախագծի մտահղացման հեղինակն ու ղեկավարը Կարեն Զադոյան է, «Արարման առեղծվածը» տեսաֆիլմերի շարքի հեղինակն ու ռեժիսորը՝ Վազգեն Ղուկասյան։

Leave a Comment