Հունիսի 3-ին «Ճամբարե» երիտասարդական կենտրոնում տեղի ունեցավ համայնքային սեմինար-քննարկում՝ «Ընտրական իրավունք և փաստերի ստուգում» թեմայով։ Իրավաբան Սոնա Ազատյանի հետ մասնակիցները քննարկեցին ակտիվ քաղաքացի լինելու կարևորությունն ու համակարգի հանդեպ անվստահության պատճառները։
«Մարդիկ հաճախ չեն հավատում, որ իրենց ձայնը կարող է ազդեցություն ունենալ, և հենց այդ զգացողությունից են սնվում կեղծ լուրերը», — նշեց քննարկման մասնակից ուսուցչուհին։
Անդրադարձ կատարվեց սոցցանցերում տարածվող ապատեղեկատվությանը և փաստերի ստուգման գործիքներին։ Երիտասարդների պնդմամբ՝ միայն տեսական դասախոսությունների փոխարեն անհրաժեշտ են նաև գործնական հմտություններ տվող ծրագրեր։ Նրանք ընդգծեցին նման ծրագրերի անհրաժեշտությունը դպրոցներում և համայնքային կենտրոններում։
«Ապատեղեկատվության դեմ պայքարն արդյունավետ կլինի միայն այն դեպքում, երբ համայնքն օգտվի պաշտոնական աղբյուրներից և տիրապետի տեղեկատվության ստուգման հմտություններին»,-նշեց դասընթացի մասնակից երիտասարդներից մեկը։
Սույն հոդվածը պատրաստվել է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից՝ «Նոր ժողովրդավարություն» հիմնադրամի (NDF) ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Ընտրական բարեվարքության և տեղեկատվական դիմակայունության ամրապնդում Հայաստանի մարզերում» ծրագրի շրջանակներում։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում հոդվածի հեղինակը՝ Մերի Ղուկասյանը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի «Նոր ժողովրդավարություն» հիմնադրամի և Iravaban.net-ի տեսակետները։