Հայաստանի Հանրապետության նոր Սահմանադրության տեքստը դեռևս վերջնական տեսքի չի բերվել, քանի որ գործընթացում ներգրավված մի շարք գործընկերներ դեռ չեն ներկայացրել իրենց դիտարկումներն ու առաջարկությունները։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
«Առաջիկայում Սահմանադրության տեքստն ամբողջացնելուց հետո սպասում ենք մեր որոշ գործընկերների կողմից ուղարկվելիք կարծիքներին։ Մեզ մեկ կամ երկու շաբաթ պետք կգա, որպեսզի մենք այդ կարծիքները հավաքենք, ամբողջացնենք, և ևս մեկ կամ երկու քննարկում կունենանք, նոր կորոշենք՝ պատրա՞ստ ենք հրապարակել տեքստը, թե՞ ոչ»,-նշել է նախարարը։
Անդրադառնալով նոր Սահմանադրության ընդունման քաղաքական հնարավորություններին՝ Գալյանն ընդգծեց, որ ներկայում իշխանությունը չունի սահմանադրական մեծամասնություն, սակայն ժամանակը ցույց կտա հետագա քայլերը։
«Մենք մեր աշխատանքը կկատարենք, հանրային պահանջի մեծությունը կչափենք և կկայացնենք համապատասխան որոշում»,-հավելել է նա։