ԵԱՏՄ և ԵՄ միջև կողմնորոշվելու հորդորները շարունակում են ուղղվել Հայաստանին. Երևանն արձագանքում է

ԵԱՏՄ և ԵՄ միջև կողմնորոշվելու հորդորները շարունակում են ուղղվել Հայաստանին, մինչդեռ Երևանը քանիցս հայտարարել է, որ ընտրություն կատարելու պահը դեռ չի հասունացել։ Այս հարցով լարված հարաբերությունները շատերը կապում են Հայաստանում տիրող նախընտրական մթնոլորտի և դրա վրա ազդելու Ռուսաստանի ցանկության հետ։

Ստեղծված իրավիճակն արդեն մեկնաբանում են երրորդ երկրների ղեկավարներ, օրինակ՝ Ուկրաինայի և Բելառուսի նախագահները։ Յուրաքանչյուրն իր կոչ-հորդորն է ուղղում, մինչդեռ պաշտոնական Երևանում այդ հարցով հանրաքվե կազմակերպելն անտրամաբանական են համարում։ Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԵԱՏՄ առաջնորդներն առաջարկել են հանրաքվե անել Հայաստանի՝  ԵՄ-ին անդամագրվելու համար:

Ուղերձ, ապա հեռախոսազանգ․ Երևանի և Մոսկվայի լարված հարաբերությունների ֆոնին Ռուսաստանի նախագահը չմոռացավ շնորհավորել Հայաստանի վարչապետի ծննդյան տարեդարձը։ Չորս նախադասություն պարունակող ուղերձում մի քանի «բանալի» միտք կա․ այն, որ շնորհավորանքն անկեղծ է, հիշեցում, որ երկու երկրների և ժողովուրդների միջև հարաբերությունները ավանդաբար բարեկամական են եղել, և մտադրություն, որ Ռուսաստանը շահագրգռված է դրանց շարունակական առաջընթաց զարգացմամբ։

ՌԴ նախագահը Հայաստանի վարչապետին բացի առողջությունից և բարգավաճումից մաղթել է նաև հաջողություններ։ Ուղերձին հաջորդել է հեռախոսազրույցը, որի ընթացքում երկու երկրների ղեկավարները քննարկել են մայիսի 29-ին Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի արդյունքները։

Վերջին շրջանում հայ գործարարների համար արտահանման սահմանափակումներն ու գազի սակագնի հավանական փոփոխության մասին խոսակցությունները Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունում երկարատև խնդիր չեն համարում։ Երկու երկրների ղեկավարների հեռախոսազրույցի մթնոլորտը նախարար Գևորգ Պապոյանին հուշել է, որ խնդիրները լուծման ենթակա են։

«Մթնոլորտը շատ դրական է, և բոլոր կողմերը հակված են խնդրին լուծում տալ։ Մենք Ռուսաստանի հետ երբեք այդքան լավ հարաբերություն չենք ունեցել, ինչպես հիմա, երբեք այսքան առևտրաշրջանառություն Ռուսաստանի հետ չի եղել, որքան հիմա է։ Ու գիտեմ, որ շատ ջերմ զրույց է եղել վարչապետ Փաշինյանի և նախագահ Պուտինի միջև, և բոլոր հարցերը, ըստ էության, ես կարծում եմ, որ հայկական մամուլում ուռճացված են։ Բոլոր հարցերը կլուծվեն»։  

Ամեն դեպքում ԵԱՏՄ հարթակում այս անգամ Հայաստանին առանձնակի կերպով են հիշել։ Խոսքը Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության միջև ընտրություն կատարելու և որոշում կայացնելու մասին է։

Ստեղծված իրավիճակին անդրադարձել է անգամ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ հայտարարելով, որ, մեջբերում, «այն, ինչ Ռուսաստանն ասում է Հայաստանի հանդեպ, իրականում միայն Հայաստանի մասին չէ»․ Զելենսկին համոզված է, որ նույն խոսքերն ու քայլերը Ռուսաստանի ցանկացած հարևանի մասին են և որ խոսքն իրականում անվտանգությանն է առնչվում։

«Մենք շատ հուսով ենք, որ Եվրոպայի և առաջին հերթին Եվրոպական միության դիրքորոշումները կլինեն սկզբունքային, ամուր և ժամանակին։ Ոչ ոք չի կարող առանց աջակցության մնալ՝ Եվրոպան իրավունք չունի մի կողմում թողնել որևէ երկրի։ Հայաստանին պետք է աջակցել։ Մոլդովային պետք է աջակցել։ Բալթյան երկրներին։ Ադրբեջանին պետք է աջակցել։ Պետք է ճանապարհներ գտնել Վրաստանի ժողովրդին աջակցելու համար էլ՝ սա համաեվրոպական խնդիր է։ Չի կարելի կորցնել ոչ ոքի»։

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը միջազգային հարաբերությունների տեսանկյունից խիստ կարևորում է Ուկրաինայի նախագահի հայտարարությունը։

«Ինքը կոչ է անում Եվրոպային է՛լ ավելի նպատակաուղղված աջակցել Հայաստանին։ Այո, կարևոր է, որ հենց պարոն Զելենսկին հանդես եկավ հայտարարությամբ, դա կարևոր մեսիջ էր։ Դուք գիտեք Եվրոպան որքան հստակ է տրամադրված աջակցել Ուկրաինային, ու եվրոպացիների համար շատ կարևոր է Ուկրաինայի նախագահի կարծիքը Հայաստանի ընտրությունների մասին։ Հավատացեք, այս ընտրությունները նվիրված են Պուտինի քաղաքականությանը։ Ի՞նչ կապ ունի մեր համագործակցությունը այլ պետությունների հետ, այլ կազմակերպությունների հետ ԵԱՏՄ-ի հետ՝ չեմ հասկանում։ Ինչ, մենք իրավունք չունե՞նք ունենալ հարաբերություններ, օրինակ, Վրաստանի հետ, Եվրոպայի հետ, Միացյալ Նահանգների հետ, Իրանի հետ առանց Ռուսաստանի։ Չեմ հասկանում այդ իրենց պնդումը, բայց իրենք դա ասում են»։  

Այն, ինչ մի կողմը անվանում է պարտադրանք, մյուս կողմը ներկայացնում է որպես խորհուրդ, հորդոր կամ զգուշացում։ Այս ձևակերպումների տակ է ընկնում օրինակ, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանում ռուսականից բացի այլ գազ երբեք չի լինի և նախազգուշացումը, որ երկրի գազամատակարարման ոլորտում կարող է ստեղծվել շատ բարդ իրավիճակ: «Հարցը միայն այն է, թե Հայաստանը որտեղից կստանա ռուսական գազը և ո՞ր միջնորդներին կվճարի դրա համար»,- հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետը՝ հավելելով՝ իրենք չեն ցանկանում, որ Հայաստանում բարդ իրավիճակ ստեղծվի։ ՌԴ փոխվարչապետը նաև ընդգծել է, որ Եվրոպան շարունակում է ստանալ ռուսական գազ։

«Պարզապես անհրաժեշտ է նայել քարտեզին, տեսնել, թե նույնիսկ այժմ այնտեղ որ խողովակաշարերն են գործում, և անմիջապես կհասկանան, թե ումից են ստանալու ռուսական գազը։ Իհարկե, արդեն հաշվի առնելով 30% արտահանման մաքսատուրքը, հաշվի առնելով, որ դա կլինի շուկայական գին, ինչպես նաև այն հանգամանքը, որ միջնորդներն էլ կցանկանան ստանալ իրենց եկամտի բաժինը»,-ասել է Օվերչուկը։

Խորհրդատուի դիրքերից հերթական անգամ հանդես է եկել նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Նա հայ ժողովրդին իր ձևակերպմամբ «խորհուրդ է տալիս շատ զգույշ լինել, որպեսզի չկրկնեն այն, ինչ տեղի ունեցավ Ուկրաինայում»։ Բելառուսի ղեկավարը ԵԱՏՄ անունից հայտարարել է, որ Հայաստանի՝ ԵՄ անդամակցելու հարցով հանրաքվեի ցանկացած արդյունք ընդունելի կլինի իրենց համար։ Բայց անգամ այս դեպքում կա սպառնալիքի տարր․ Հայաստանի ղեկավարությունն ու ժողովուրդը պետք է հատկապես հասկանան՝ ինչ են ձեռքբերում և ինչ են կորցնում, հայտարարել է Լուկաշենկոն։

Թեև ԵԱՏՄ հարթակում շատ շրջանառվեց Հայաստանում հանրաքվե կազմակերպելու թեզը, բայց պաշտոնական Երևանից արձագանքել են, որ  քանի դեռ Հայաստանը պաշտոնապես չի դիմել ԵՄ-ին անդամագրվելու համար կամ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակին շատ մոտ չէ, որևէ հանրաքվե անելն անտրամաբանական է, քանի որ ըստ էության հիմնավորում չկա: ԵԱՏՄ-ում համագործակցությունը շարունակելու մասին Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը փոխանցել էր նաև Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի նիստում։  

«Վեստի» լրատվական ծրագրին տված մեկնաբանությունում Հայաստանի փոխվարչապետը նաև հայտարարել է, որ Հայաստանում վաղաժամ են համարում Եվրասիական տնտեսական միության հետ գործակցության հնարավոր խզումից առաջացող վնասի հաշվարկումը։ Մհեր Գրիգորյանը Հայաստանում Եվրասիական տնտեսական միության հետ կապերի խզման հարց չի տեսնում, հետևաբար, հաշվարկներ անելու որևէ անհրաժեշտություն այս պահին՝ ևս։ Հայաստանի փոխվարչապետի խոսքով՝ Երևանում սթրես-թեսթերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր կերպով դրվի»։

Հայաստանի ներքաղաքական և վերլուծական դաշտում այժմ գերակշռում է այն կարծիքն ու համոզմունքը, որ Հայաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները աստիճանաբար կվերանան և կհարթվեն հունիսի 8-ից հետո։

Leave a Comment