«Ընտրությունը՝ սեր». պրեմիերա՝ Գյումրիի պետական դրամատիկական թատրոնում

Գյումրիի պետական դրամատիկական թատրոնը հոբելյանական 160-րդ թատերաշրջանում հանդիսատեսին է ներկայացել ևս մեկ առաջնախաղով: «Ընտրությունը՝ սեր» ներկայացումը բեմադրված է ամերիկացի գրող Լեոնարդ Գերշի «Այդ ազատ թիթեռները» պիեսի հիման վրա։ Այն զգացմունքների ու կամքի հաղթանակի հուզիչ պատմություն է։ Ներկայացումը բեմադրել է թատրոնի դերասանուհի Նադեժդա Ավետիսյանը:

Գյումրիի դրամատիկական թատրոնի Մհեր Մկրտչյան բեմում վերարտադրված է 70-ականների ամերիկյան միջավայրը: Փոքրիկ մի բնակարանում ապրում է տեսողական խնդիրներ ունեցող Դոն Բեյքերը։ Նա ամբողջ կյանքում եղել է մոր հոգածության ներքո, սակայն այժմ որոշել է առանձնանալ և ապրել անկախ։ Նոր բնակարանում Դոնը սովորում է նվագել ու երազում է հայտնի երաժիշտ դառնալ։ Այս ներկայացումը սիրո և հույզերի մասին է, ասում է Դոն Բեյքերի դերակատար Արսեն Միքայելյանը:

«Ընդհանուր ներկայացումը, ինձ թվում է՝ սիրո մասին է ու այն, որ սերը, ինչքան էլ գեղեցիկ զգացմունք լինի, նաև իր հետ բերում է միշտ շատ խնդիրներ, ու էդ խնդիրները կամ հաղթահարում ես, կամ պարտվում, ու էդ պարտվելու արդյունքում կարող է կյանքում շատ մեծ կորուստներ ունենաս, որոնք անդառնալի հետքեր են թողնում քեզ վրա: Էդ զգուշավորության մասին է, թե ինչպես պետք է կողմնորոշվես ու ճիշտ ընտրություններ անես»:

Երբեմն մարդիկ հայտնվում են անկանխատեսելի իրավիճակներում, անգամ անսպասելի սիրահարվում են մեկին, ում երբեք չեն էլ ճանաչել: Ներկայացման գլխավոր հերոսի կյանքում հայտնվում է Ջիլը՝ ազատ, կյանքին սիրահարված մի աղջիկ, որն ապրում է այսօրվա օրով ու չի վախենում սխալներից։ Նրանք անսպասելիորեն հայտնվում են մի իրականության մեջ, որտեղ երկու տարբեր աշխարհներ փորձում են հասկանալ միմյանց։ Ծնվում է մի զգացում, որը նրանք թռիչքի են նմանեցնում: Ներկայացման սյուժեն որոշ փոփոխությունների է ենթարկվել։ Այն հարմարեցվել է հայկական միջավայրին և վերանվանվել  «Ընտրությունը՝ սեր»։

Ներկայացման բեմադրող ռեժիսոր Նադեժդա Ավետիսյանը պատմում է պիեսի ընտրության մասին․

«Ինչու ընտրեցի հենց այս պիեսը, քանի որ պիեսի հիմքում ընկած է երիտասարդների սիրո, հույզերի պատմություն, որն էլ իմ կարծիքով, պետք է հենց մեր երիտասարդ հանդիսատեսին: Պիեսի հիմնական գաղափարը ընտրության մասին է, սիրելու համարձակության, ճիշտ կողմնորոշվելու և, կերպարներից դուրս գալով էլ, պետք է ասեմ, որ երկու տարբեր մարդկանց, բացարձակ իրար հետ կապ չունեցող մարդկանց մեջ ինչպես կարող է գործել քիմիան և ինչպես կարող են պայքարել իրենց առաջ դրված խնդիրի դեմ՝ սիրելու համար»:

Սերը նախևառաջ ազատություն է և սեփական անձը վերագտնելու հնարավորություն: Սա է ներկայացման հիմնական ուղերձը, ասում է նադեժդա Ավետիսյանը։ Նա համոզված է, որ մարդիկ միշտ էլ պարզ ու սրտամոտ պատմությունների կարիք ունեն:

«Ինձ համար սիրո թեման միշտ է արդիական, ցանկացած ժամանակաշրջանում, և յուրաքանչյուր թեմայում, յուրաքանչյուր իրավիճակներում ինձ համար սերն է, որ միշտ հաղթում է, և կարծում եմ՝ հանդիսատեսը կսիրի ներկայացումը, քանի որ ներկայացման մեջ լիովին իրական հույզեր ու իրական ապրումներն են, իսկ մեր հանդիսատեսը, առավելևս երիտասարդները, սիրում են յուրաքանչյուր ներկայացման մեջ տեսնել իրենց հույզերը, ապրել կերպարների հետ, և կարծում եմ, որ սա հենց այն թեման է, որը կհուզի հանդիսատեսին»:

Գյումրիի դրամատիկական թատրոնը մշտապես նոր ներկայացումներով ու առաջնախաղերով է ներկայանում հանդիսատեսին։ Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս թատրոնը հին ու նոր ներկայացումներով հյուրախաղերի է մեկնելու Հայաստանի տարբեր բնակավայրեր ու արտերկիր։

Թատրոնի առաջիկա անելիքների ու ծրագրերի մասին պատմում է թատրոնի փիար մենեջեր Ադելինա Հարությունյանը:

«Ունենք ևս մեկ ներկայացում, որը նախատեսված է հենց 160 ամյակի շրջանակներում, լինելու է Հարությունյան Լյուդվիգի բեմադրությունը՝ «Վատ տղաները» կատակերգությունը: Միջազգային թատերական փառատոնների մասնակցեցինք 2025 թվականին տարբեր երկրներում, նաև հյուրընկալվեցինք ԱՄՆ-ում: Այս տարի նախատեսում ենք մեկ եվրոպական փառատոնի մասնակցել, դա կլինի ամառվա ընթացքում,արդեն աշխատանքներն ընթացքի մեջ են, «Արտիստիկ համերգ» ներկայացումը որոշակի ձևաչափով փոփոխված մասնակցելու է Բուլղարիայում տեղի ունեցող մի փառատոնի: Դրանից հետո և Ռուսաստանում ենք նախատեսում հյուրախաղեր և աշնանը էլի եվրոպական փառատոններից չենք ուզում հետ մնալ: Կարևորում ենք մենք նաև տեղային՝ Հայաստանի հանրապետության տարածքում գործող հյուրախաղերը»:

Գյումրիի մայր թատրոնում վարագույրը չի հասցնում փակվել։160– ամյա թատրոնի պատերից ներս մշտապես աշխուժություն ու ստեղծագործական եռուզեռ է:

Leave a Comment