Գյուղատնտեսություն, խցանումներ, աղքատություն․ ընտրություններից առաջ բոլորն ունեն պատրաստի լուծումներ

Հայաստանում շարունակվում է ԱԺ ընտրությունների քարոզարշավը։ Խորհրդարան անցնելու շեմը հաղթահարելու համար քաղաքական ուժերը հանրապետության տարբեր բնակավայրերում հանդիպումներ են ունենում քաղաքացիների հետ։ Քարոզարշավը մտնում է այն փուլ, որտեղ քաղաքական ուժերն արդեն ոչ միայն խոստումներ են տալիս, այլև փորձում են բնակավայրում, ամեն կանգառում ու բակում ապացուցել, որ հենց իրենք ունեն բոլոր խնդիրների լուծումը։

Հայաստանի երրորդ հանրապետության 17-րդ վարչապետի պաշտոնի 19 թեկնածուներ, այդ թվում՝ գործող վարչապետը և պատգամավորական մանդատի համար պայքարող քաղաքական գործիչները շարունակում են քարոզարշավը։ Քաղաքական ուժերը շփվում են քաղաքացիների հետ, ներկայացնում իրենց նախընտրական ծրագրերը, քննարկում երկրում առկա խնդիրներն ու արագ լուծումներ առաջարկում։

«Քաղաքացիական պայմանագիր»

Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն մայիսի 13-ին Արագածոտնի մարզում շրջելիս, վարչապետի խոսքով, Մաստարա գնալիս մոլորտվել ու հայտնվել էր Շիրակի մարզում՝ Արթիկում․

«Հիմա պիտի հասկանանք՝ ոնց գնանք այստեղից, բայց առիթից օգտվենք, մարդկանց բարևենք»։

Արագածոտնում քաղաքացիների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը հիշեց իր՝ լրագրող, հետո պատգամավոր, իսկ հիմա վարչապետ եղած ժամանակներն ու խոսեց մարզերում ինտենսիվ գյուղատնտեսության զարգացման մասին։ Նրա խոսքով՝ շուրջ 30 տարի է՝ հետևում է գյուղատնտեսության ոլորտում տեղի ունեցող փոփոխություններին․

«Այգեգործության պարագայում կարկուտի լուծում էլ կա, դա հակակարկտային ցանցն է։ Երաշտի լուծումն էլ կա, դա կաթիլային ոռոգումն է և այլն։ Բերքի քանակի խնդիրն էլ կա, ինքն ինտենսիվ գյուղատնտեսության պարագայում հնարավոր է բերքը պլանավորել»։

Նիկոլ Փաշինյանն Արագածոտնի բնակիչներին հորդորեց, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական կարգախոսի համաձայն, տեր կանգնել խաղաղությանը։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն

Տավուշի մարզի Աչաջուր գյուղում  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ևս խոսեց գյուղատնտեսությունից, բայց ոչ թե ավանդականից դեպի ինտենսիվ եղանակի անցնելու, այլ ներկա վիճակի մասին․

«Այսօր գյուղացին բերք ու բարիք ստեղծող մարդն է։ Սահման պահողն է։ Ժողովրդին կերակրողն է։ Նրան պետք է ուշադրություն դարձնել, հնարավորություն, արտոնություն, դոտացիա տան։ Սահմանի վրայի մարդկանց համար պետք է զիջումների գնան, հոսանքն էլ գազն էլ։ Գոնե մարդն իմանա, եթե մնում է, սահման է պահում, ժողովրդի է կերակրում, ուրեմ իրեն հաշվի են առնում։ Որ մարդը կարողանա աշխատի և իր ընտանիքը բարեկեցիկ կյանքով պահի»։

Գյուղացիները ԲՀԿ առաջնորդին պատմեցին խմելու և ոռոգման ջրի խնդրի մասին։ Ըստ նրանց՝ ջրի պակասից է տուժում է գյուղատնտեսությունը․  

«Ոռոգման ջրի մեծ խնդիր ունենք։ Անունը Աչաջուր է, բայց նույնիսկ խմելու ջրի մեծ խնդիր ունենք։ Եթե տարիներ առաջ ունեինք 250-300 հա աշնանացան ցորեն, այս տարվա կտրվածքով ընդհամենը կարող է լինել 1-2 հա»։

«Հայաստան» դաշինք

Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքը ընտրողների հետ հանդիպումներում անդրադարձավ գործող օրենքներին։ Քոչարյանը քաղաքացիներին խոստացավ՝ իր ղեկավարած ուժի իշխանության գալու դեպքում չեղարկել և փոխել մի շարք օրենքներ․

«Այդ հիմար օրենքը՝ գույքահարկի մասին, փոխելու ենք։ Համաներում է լինելու այս բոլոր տուգանքներին, այդ բոլոր հիմարություններին, որ մեր ժողովրդին սարքել են ուղղակի պարտքերում խրված մի ժողովուրդ։ Էլ վարորդական, էլ չգիտեմ՝ ինչ։ Իսկապես «տուգանքի մատերիալ» են դարձրել։

Եթե համեմատեք տուգանքների ծավալն իմ ժամանակների հետ համեմատության եզրեր չկան։ Հարյուրապատիկ անգամ աճել է ամեն ինչ։ Ոնց որ ընկել են մեր ժողովրդի հետևից»։

«Ուժեղ Հայաստան» դաշինք

Հակառակ Սահմանադրության արգելքին և ԿԸՀ ներկայացրած ցուցակի առաջին համարում այլ անվանը՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքը վարչապետի թեկանծու է ներկայացնում գործարար Սամվել Կարապետյանին։

Դաշինքի ներկայացուցիչները մայիսի 13-ին Տավուշի մարզում էին։ Ընտրական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը խոսեց Հայաստանից դուրս ապրող հայերի և երկրում ապրող մարդկանց սոցիալական վիճակի տարբերությունից․

«Հայաստանից դուրս բոլորը լավ են ապրում։ Հայաստանից դուրս չկա աղքատ հայ։ Հայաստանի մեջ՝ կա։ Ի՞նչ է այդ տարբերության պատճառը։ Մի բան է․ Հայաստանում համակարգ  չկա, որ մարդը հարստանա կամ զարգանա, լավ ապրի։ «Հարուստ գյուղացի» տերմին չունենք մենք։ Դուք նկատե՞լ եք՝ երբ ասում ենք՝ գյուղացի, մենք մտածում ենք, թե մարդը ծայրը ծայրին է հասցնում։ Իսկ աշխարհում, որ շրջում ես, կան բազմաթիվ հարուստ ֆերմերներ»։

Նարեկ Կարապետյանը վստահեցրեց, որ իշխանության գալու պարագայում իրենք հիմնադրամ են ստեղծելու, որտեղ ներդրումների 70 տոկոսն անելու են սփյուռքի գործարարները, իսկ 30 տոկոսը՝ պետությունը։

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն

Էդմոն Մարքույանի գլխավորած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը մայիսի 13-ին Գավառում էր։

Քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ Մարուքյանը հայտարարեց, որ ընտրություններից հետո չպետք է ձևավորվի այնպիսի իշխանություն, որը բանակցությունների ժամանակ չունենա վստահություն, որ իրեն ձայն է տվել ժողովրդի մեծամասնությունը, ուստի կարող է միանձնյա որոշումներ ընդունել։

«Լուսավոր Հայաստանում» դեմ են որևէ ուժի, որը բացարձակ իշխանություն կունենա։

«Հայ Ազգային Կոնգրես»

Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը հայտարարում է, որ դեմ է գործող իշխանության ծրագրերին։  Այդ կուսակցության վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը ընտրողների հետ հանդիպումներում հայտարարում է, որ ՀՀ արտաքին քաղաքականության վերաբերյալ նոր առաջարկներ ունի․

««Հայ ազգային կոնգրեսը» մերժում է Նիկոլ Փաշինյանի հերթական նախընտրական ստերը և առաջարկում է «ԹՐԻՓՓ + ԲՐԻՔՍ» ծրագիրը, որը կբավարարի և կներդաշնակեցնի շահագրգիռ բոլոր գերտերությունների տրանզիտային շահերը Հայաստանում և կբերի հարատև և կայուն խաղաղությունը»։

Ակտիվ քարոզարշավ անցկացնող կուսակցություններից ու դաշինքներից բացի՝  կան նաև պասիվ խաղացողներ։

«Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցություն

Հայկ Մարությանը, որ  «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության վարչապետի թեկանծուն է, քարոզարշավի հիմքում դրել է քաղաքական հումորը:

«Հայկ, ու՞ր ես շտապում»։

«Գնում եմ հրապարակ, Մարության ջան․ հեղափոխություն ենք անում։ Դըմ-դըմ-հու՜»։

«Սպասի՛ր, մի՛ գնա։ Ես դրա վերջը գիտեմ՝ ինչ է լինելու»։

«Ի՞նչ է լինելու, որ։ Արագաչափերը, տուգանքները, կարմիր գծերը չհանեցի՞ն»։

«Հանեցին, գները տասը անգամ ավել հանեցին»։

«Իսկ պաշտոնյաների տիկնանց ավտոները գոնե փոխվե՞լ է»։

«Փոխվել է, փոխվել է, հիմա ավելի թանկ մեքենաներ են առել»։

«Իսկ հին իշխանությունները նստա՞ծ են»։

«Հա, նստանծ են, ոնց նստած չեն, ԱԺ-ում հավեսով նստած են»։

«Մի րոպե, այսինքն՝ այս հեղափոխությունը ոչ մեկին օգուտ չտվե՞ց»։

«Տվեց, ոնց չտվեց, մի հատ ուրախ ավտոբուս կա, մեջի մարդիկ լավ դզվել են»։

«Այս ինչ վատ բաներ ես ասում Մարության, բա հիմա ի՞նչ ես անելու»։

«Պայքարելու եմ»։

«Հա, դե լավ է, ուրեմն ես այստեղ հների դեմ կպայքարեմ, դու էլ այդտեղ նորերի դեմ պայքարի»։

«Դե, դըմփ-դըմփ»։

«Հո՜ւ»։

«Բոլորին դեմ եմ» կուսակցություն

Քաղաքական ուժերն ընտրողների ուշադրությունը գրավելու և մրցակիցներից հետ չմնալու տարբեր ձևեր են ընտրել, բայց «Բոլորին դեմ եմ» կուսակցության գործելաոճը, այսպես ասենք, զարմացրել է բոլորին։ Երբ ԿԸՀ-ն գրանցում էր կուսակցություններն ու ընտրական ցուցակները, «Բոլորին դեմ եմ» կուսակցության ներկայացուցիչը հանձնաժողով էր եկել Սարդ–մարդու կերպարով։ Կուսակցության ընտրական ցուցակի պատգամավորի թեկանծու Արամ Քոչարյանը բացատրում է իրենց քարոզարշավի յուրահատկությունը․

«Ձև էր ցույց տալու, որ սա թատրոն է և բավականին հաջողված ձև էր։ Սպայդերմենի ընտրությունն, իրականում, եղել է, որ նա սուպեր հերոս է, և սուպերհերոսներ են եկել։ Հայաստանը միշտ այդ շրջապտույտի մեջ է ընկած, որ անընդհատ պետք է փրկիչներ գան»։

Հարցին, թե ո՛վ է իրենց մեջքին կանգնած, կուսակցության պատգամավորի թեկնածուն կատակով ասում է՝ «Մարվել»-ի մուլտհերոսները։

Leave a Comment