Զայրացած վարչապետը, հանգուցյալ համակիրն ու համով լավաշը. ՔՊ-ի քարոզարշավի 2-րդ օրը Սյունիքում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի երկրորդ օրը կրկին Սյունիքում է, առաջին կանգառն էլ Ագարակ համայնքը: Հանդիպած առաջին քաղաքացին ստացավ բուկլետն ու քարտեզը, հետո փորձեց վարչապետին հիշեցնել՝ նախկինում ևս վարչապետը իրենց տանը եղել է, տեսակցել տատիկին: Մինչ Փաշինյանը փորձում էր հիշել, տղամարդը հավելեց՝ տատիկն էլ չկա:

Մեկ այլ տանն էլ հանգուցյալը Փաշինյանի երկրպագուն էր, մահացածի մասին այդպես պատմեցին վարչապետին:

Ագարակում գրեթե պատրաստ է դիահերձարանը, Նիկոլ Փաշինյանին բնակիչներից մեկը մոտեցավ, որ շնորհակալություն հայտնի դիահերձարանի կառուցման համար: Երկու տարի առաջ էր վարչապետը խոստացել ագարակցիներին կառուցել այն: Այս համայնքում իրականացված աշխատանքը ներկայացնելիս վարչապետը չմոռացավ, որ ավարտին է մոտենում շինարարությունը: Միայն թե մի խնդիր կա, չեն կողմնորոշվում՝ բացումն ինչպե՞ս անել:

Ագարակի փողոցներում Փաշինյանը փորձում է հնարավորինս շատ մարդկանց բաժանել քարոզչական բուկլետներն ու Հայաստանի քարտեզը: Նրան մոտեցածներից մեկը ջերմորեն ողջունեց Փաշինյանին, հետո նեղսրտած նայեց շուրջը՝ ինչո՞ւ են մարդիկ փողոցներում քիչ:


Քարոզչական օրն Ագարակում ուղեկցվեց նաև տներ մտնելով: Տներից մեկում, օրինակ, վարչապետին շնորհակալություն հայտնեցին, որ նրա տիկին Աննա Հակոբյանն աջակցել է իրենց բիզնեսին: Աննա Հակոբյանն ու Նիկոլ Փաշինյանը մինչև այս պնդում էին, թե «Իմ քայլը հիմնադրամը» ոչ մի կապ չունի «Քաղաքացիական պայմանագրի» և քաղաքականության հետ:

Ագարակում վարչապետը նաև զայրանալու առիթ ունեցավ, զինվորական ներկայացած մի տղամարդը փորձում էր դիրքերում եղած ինչ-որ խնդրից խոսել: Նիկոլ Փաշինյանին նրա շարժուձևը դուր չեկավ, նախ հորդորեց զգաստ կեցվածք ընդունել, հետո կտրուկ որոշման գնաց՝ Պաշտպանության նախարարին առաջարկեց զորացրել նրան:

«Պապիկյան, այդ զինվորականին զորացրիր, թող գնա, ինքը ի վիճակի չի ծառայության: Եթե զինվորական է, զորացրի, թող գնա, չգիտեմ՝ ինչ ա օգտագործած, խմած ա, քաշած ա, ինչ ա, տենց զինվորներ մեր բանակին պետք չեն», – ասաց Փաշինյանը:


Հաջորդ կանգառը Մեղրին էր, այստեղ վարչապետը հասավ քաղցած: Լավաշը մի քիչ չոր է, բայց գոհ է վարչապետը ուտելիքից, հրավիրում է նաև Ալեն Սիմոնյանին: Ազգային ժողովի նախագահը շատ արագ է հրաժարվում՝ պատճառաբանելով, թե սոված չէ:

Բուկլետ, քարտեզ ու քաղցրավենիք Նիկոլ Փաշինյանը բաժանեց նաև Քաջարանում, Կապանում, այստեղ նաև հանրահավաք է նախատեսված: Այդպես «Քաղաքացիական պայմանագիրը» կամփոփի քարոզարշավը Սյունիքում:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում

Leave a Comment