Քարոզարշավը Շիրակի մարզում․ Հայաստանի շնորհապետական կուսակցությունը Գյումրիում էր

Այսօր գյումրեցիների հետ հանդիպել ու իրենց նախընտրական ծրագրի դրույթներն են ներկայացրել  «Հայաստանի շնորհապետական կուսակցության» անդամները:

Հայաստանի շնորհապետական կուսակցությունը առաջին անգամ է մասնակցում համապետական ընտրությունների: Շատերին գուցե անծանոթ այս երիտասարդ  քաղաքական ուժն իր նախընտրական քարոզարշավի մեկնարկը տալիս է Գյումրիում:

Ըստ կուսակցության առաջնորդ ու վարչապետի թեկնածու Գուրգեն Սիմոնյանի, քարոզարշավը հանրապետոևթյան երկրորդ քաղաքից սկսելու որոշումը եղել է զուգադիպություն:

«Պատահականությամբ ստացվեց Գյումրին, և Գյումրին ինձ համար հոգեհարազատ քաղաք է և միշտ ձգել է ինձ: Նախ շատ եմ սիրում ճարտարապետությունը, խոհանոցը և մարդկանց: Բավականաչափ գյումրեցի ընկերներ ունեմ, ուսանողական  ընկերներ ունեմ և կարծում եմ, որ որպես խոշոր քաղաք, Հայաստանի երկրորդ քաղաք, ամենաառաջնային կարևորություններից մեկը ունի, որ  պետք է այցելենք ։ Իսկ Երևանին ամեն օր ենք մենք հատկացնում և Երևանը  թողնելու ենք մայիս ամսվա ընթացքում, որ այցելելու ենք, նաև քարոզարշավի ավարտին ենք այցելելու Գյումրի»:

Շնորհապետական կուսակցությունն առաջնորդվում է  «Խաղաղությունը շքեղություն է, միայն ուժեղներն են կարողանում դա իրենց թույլ տալ» և «Գործը ծնում է ուժ, ուժը՝ իրավունք» կարգախոսներով: Գիտելիքին հենված կառավարման կողմնակիցն են  շնորհապետականները։ Նրանք ընտրողներին առաջարկում են մերժել  Հայաստանը ղեկավարած բոլոր  նախկին  ու  ներկա քաղաքական ուժերին և իրենց  քվեն տան իրական այլընտրանք առաջարկողներին:

«Հայ ժողովուրդը փոփոխությունների պետք է գնա  և մերժի նախկին քաղաքական համակարգը, որի անբաժան մաս են կազմում բոլոր նախկին նախագահներն ու ներկայիս վարչապետը՝ նրանց արբանյակ ուժերի հետ միասին: Մեր քաղաքական ուժը ջատագովն է գիտելիքահեն կառավարմանը, այսինքն՝ դա պետական կառավարման համակարգի փոփոխություններով  պայմանավորված արժանիների  իշխանություն պետք է լինի: Շատերն ասում են, որ դուք ինքնահռչակ արժանի եք ձեզ համարել, մենք ժխտում ենք ու ասում ենք, որ դուռը բացողն ենք արժանիների համար և գիտակցում ենք, որ եթե քաղաքական ուժի առաջնորդը հաղթում է  համապետական ընտրություններում, պետք է  դադարի միայն կուսակցության առաջնորդ լինելուց , պետք է դառնա ամբողջ հանրապետության առաջնորդ և դիտարկի հայ ժողովրդի կադրային բազան, բոլորինը, ոչ միայն կուսակցական կադրային բազան»:

Շնորհապետությունը «մերիտոկրատիա» բառի հայերեն համարժեքն է և նշանակում է արժանիների իշխանություն: Հայ ժողովուրդն արժանի է ավելի լավ կյանքի ու հավասարակշռված խաղաղության, ասում է կուսակցության առաջնորդը։ Նա վստահեցնում է, որ խորհրդարանական ընտրություններում հաղթելու դեպքում  առանցքային փոփոխություններ են նախաձեռնելու:

«ՄԵնք խոստացել ենք, որ առանցքային փոփոխություններ պետք է իրականացնենք հանրակրթության ոլորտում՝ մանկապարտեզներից սկասած մինչև  բարձրագույն ուսումնական հաստատություններ , նաև պաշտպանական անվտանգային համակարգի բեկումնային փոփոխություններ ենք խոստանում,  որովհետև ես ինքս հանդիսանում եմ  այդ ոլորտի մասնագետ, երկար տարիներ աշխատել եմ ռազմաքաղաքական ոլորտում ,Ազգային հետազոտական համալսարանում եմ աշխատել, իմ գիտական ատենախոսությունն է անվտանգային համակարգին պատկանում: Փոխելու ենք խելամիտ, 21-րդ  դարի 2026 թվականի և վեցերորդ սերնդին հատուկ դիմակայուն հանրապետություն պիտի կայացնենք»:

Ըստ Գուրգեն Սիմոնյանի, սոցիոլոգիական հետազոտություններն իրենց քաղաքական ուժին բարձր դիրքեր զբաղեցնելու  հնարավորություն են կանխատեսում, բայց այդպիսի հարցումները ավելի շատ կարելի է համարել սուբեկտիվ մոտեցման արդյունք: Սահմանված նվազագույն  անցողիկ շեմը հաղթահարելու դեպքում  ֆավորիտ համարվող քաղաքական ուժերի հետ համագործոկցության եզրեր չեն տեսնում, նշում է Հայաստանի շնորհապետական կուսակցության առաջնորդը:

«Բացառում ենք նախկին երեք նախագահների  և ներկայիս վարչապետի քաղաքական ուժերի հետ որևէ համագործակցությունը և կոալիցիան, և նրանց հետ ասոցացվող, նրանց  արբանյակ քաղաքական ուժերի և գործիչների հետ համագործակցությունը: Բաց ենք նոր և մաքուր ուժերի հետ համագործակցությանը, եթե կլինեն նմանները »:

Մարդիկ հոգնել են քաղաքական ուժերի՝ միմյանց հասցեին վիրավորանքներից։ Շնորհապետականներն ասում են, որ այդ մոտեցմամբ քարոզարշավ իրականացնել չեն պատրաստվում: Հայաստանի հանրապետության քաղաքացիներին  առաջիկա օրերին ներկայացնելու են իրենց նախընտրական ծրագրի դրույթները, նաև ընտրողների հետ  պարզ ու անմիջական շփման են գնալու: Իսկ Գյումրիում ու Շիրակի  մարզում առկա գործազրկության բարձր ցուցանիշն ու աղքատությունը  նվազեցնելու համար, առաջարկում են արտոնյալ պայմաններ ստեղծել փոքր ու միջին բիզնեսի զարգացման համար, արդյունքում կստեղծվեն նաև նոր աշխատատեղեր:

Leave a Comment