Մեզ համար խաղաղությանն այլընտրանք չկա․ Ադրբեջանի նախագահի օգնականը՝ Հանրային Ռադիոյին

Աստղիկ Սարգսյան
Արգիշտի Վասակյան
Ռադիոլուր

Ապրիլի 17-19-ը Անթալիայում անցկացվող դիվանագիտական ֆորումին Հայաստանը ներկայացված է փոխարտգործնախարարի մակարդակով։

Անցյալ տարի վարչապետ Փաշինյանն ու արտգործնախարարը ևս ներկա էին, հայ-թուրքական երկխոսությունը կառուցողական էր ընթանում, ձեռք էր բերվել պայմանավորվածություն սահմանը երրորդ երկրի քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար բաց անել։ Թուրքական լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին, որ մարտին սահմանը կբացվի, բայց այս պայմանավորվածությունը դեռ կյանքի չի կոչվել։

Հետաքրքիր է, որ Թուրքիայի արտգործնախարարն անգամ դրական էր արտահայտվել Հայաստանի ղեկավարության հասցեին, բայց գործնականում առաջընթաց դեռևս չկա։ Այս տարի Անթալիայի համաժողովին Հայաստանը ներկայացնում է փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը, որը երկկողմ հանդիպումների օրակարգով է Թուրքիայում՝ այդ թվում՝ Թուրքիայի փոխարտգործնախարար Բերիս Էքինսիի հետ։

Կոստանյանը համաժողովի շրջանակում մասնակցելու է պանելային քննարկմանը՝ Հարավային Կովկաս՝ ձևավորվող ռազմավարական հանգույց, վերտառությամբ։

Օրակարգում էին նաև Բրազիլիայի արտգործնախարարության պաշտոնյայի և Իրանի փոխարտգործնախարար Սայիդ Խաթիբզադեի հետ հանդիպումները, ապրիլի 18-ին սպասվում է հանդիպում Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի հետ։

Համաժողովին ներկա էին նաև Ադրբեջանի նախագահը տիկնոջ և դստեր հետ՝ առաջին շարքում՝ Էրդողանի և Թուրքիայի առաջին տիկնոջ կողքին։

Հանրային ռադիոն ճեպազրույցի հնարավորություն ունեցավ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ, որից մի հատված ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։

Լրագրող՝ Ադրբեջանը վերահաստատո՞ւմ է իր հանձնառությունը խաղաղությանը: Եվ երբ վերջապես կստորագրվի խաղաղության պայմանագիրը:

Հաջիև՝ Ադրբեջանի համար խաղաղությանն այլընտրանք չկա: Ինչպես տեսնում եք, Ադրբեջանը սա դրսևորել է խաղաղության օրակարգի նկատմամբ լիակատար վճռականությամբ 2023 թվականից ի վեր, և երկու տարվա ընթացքում երկու երկրները հանգել են խաղաղության օրակարգի եզրակացությանը, որը նաև հաստատվել է Վաշինգտոնի գագաթնաժողովում՝ Նախագահ Թրամփի ներկայությամբ: Մեկ անգամ ևս մեր լիակատար վճռականությունն էր խաղաղության օրակարգի նկատմամբ, որ մենք դա արեցինք և հաստատեցինք Վաշինգտոնում՝ Միացյալ Նահանգների նախագահի ներգրավվածությամբ և անձնական ներկայությամբ: Հետևաբար, մեզ համար խաղաղությանն այլընտրանք չկա, սակայն գործնական քայլերով մենք պետք է էլ ավելի ամրապնդենք խաղաղությունը տեղում: Եվ ես նաև ուրախությամբ պետք է ասեմ, որ մեր երկրների միջև առկա է առևտրային ներգրավվածություն: Վերջերս նավթամթերքի նոր ծավալներ են արտահանվել Հայաստան, և առևտրային հարաբերությունները նույնպես ապացուցում են իրենց փոխշահավետությունը մեր երկրների համար:

Մեր գործարար պատվիրակությունները նույնպես պատրաստվում են հանդիպել շատ շուտով, իսկ փոխվարչապետները նույնպես պարբերական կապի մեջ են: Ես նույնպես կապի մեջ եմ իմ հայ գործընկերների հետ:

Թուրքիան հայ թուրքական հարաբերությունները միշտ կապել է հայ-ադրբեջանական հարաբերություններում առաջընթացի հետ։

Հիմա ունենք իրավիճակ, երբ հայ-ադրբեջանական հարաբերություններում նկատելի է առաջընթաց՝ խաղաղության պայմանագրի ստորագրումից մինչև առևտուր, իսկ Թուրքիայի հետ հարաբերությունները դեռ երկխոսության մակարդակում են՝ առանց գործնական քայլերի։ Այս օրերին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նույնպես Ստամբուլում է, որտեղ կարճ շփում է ունեցել Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հետ։

Ստամբուլում Սիմոնյանը մասնակցում է Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովին։ Ադրբեջանում պահվող 19 հայերը պետք է ազատ արձակվեն, հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Ստամբուլում և հավելել, որ անհետ կորած մյուս անձանց ճակատագրերը ևս պետք է պարզվեն:

Leave a Comment