Հակակոռուպցիոն դատարանում, նախագահությամբ Սարգիս Պետրոսյանի, ապրիլի 14-ին կայացած դռնբաց դատական նիստում շարունակվեց Սեյրան Օհանյանի և այլ անձանց նկատմամբ հարուցված քրեական գործով դատական քննությունը։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ դատական նիստին ներկա էին հանրային մեղադրողը, մեղադրյալներ Սեյրան Օհանյանը, Արծվիկ Մինասյանը, Աշոտ Գրիգորյանը, Լևոն Բարսեղյանը, Բենյամին Ղալաչյանը, Էդգար Գրիգորյանը, ինչպես նաև նրանց պաշտպանները։
Նիստի սկզբում քննարկվեց ապացույցների ծավալի և հետագա դատաքննության կազմակերպման հարցը։ Պաշտպանական կողմը միջնորդեց նշանակել դատաաուդիտորական-հաշվապահական փորձաքննություն՝ մատնանշելով գործով առկա մի շարք հակասություններ։ Մասնավորապես նշվեց, որ տարբեր փորձաքննություններով ներկայացված են շինարարական աշխատանքների արժեքի էականորեն տարբեր չափեր՝ 14 միլիոնից մինչև 64 միլիոն դրամ, ինչպես նաև առկա է անորոշություն՝ համապատասխան ընկերության մասնակցության իրավական կարգավիճակի վերաբերյալ։
Դատարանը, սակայն, արձանագրեց, որ նման միջնորդությունները պետք է ներկայացվեն համապատասխան փուլում՝ հիմնական դատաքննության ընթացքում, և այս փուլում դրանց քննարկումը նպատակահարմար չի համարեց։
Նիստի ընթացքում դատարանը սահմանեց ապացույցների հետազոտման հերթականությունը․ նախ կհետազոտվեն փաստաթղթային ապացույցները, ապա կհարցաքննվեն վկաները, իսկ այնուհետև՝ այն մեղադրյալները, որոնք պատրաստակամություն են հայտնել ցուցմունք տալու։
Դատական նիստում քննարկման առարկա դարձավ նաև ներկայացված գույքային հայցը։ Դատախազությունը պահանջում է Սեյրան Օհանյանից բռնագանձել 13 միլիոն 120 հազար դրամ՝ որպես պետությանը պատճառված վնասի հատուցում։
Պաշտպանական կողմը, չառարկելով հայցի ընդունման տեխնիկական մասով, կասկածի տակ դրեց դրա բովանդակային հիմնավորվածությունը՝ նշելով, որ գործի նյութերում առկա են հակասություններ, այդ թվում՝ վնասի չափի վերաբերյալ տարբեր տվյալներ։ Պաշտպանները նաև բարձրացրին հարց՝ արդյոք նշված գումարը կարելի է դիտարկել որպես անմիջական գույքային վնաս, հատկապես այն հանգամանքում, երբ այն կապվում է պետական ծառայողների վարձատրության հետ։
Ի պատասխան՝ մեղադրող կողմը պարզաբանեց, որ հայցը վերաբերում է կոնկրետ քրեական արարքի արդյունքում պատճառված վնասին, և դրա չափը հիմնված է մեղադրանքի շրջանակներում կատարված հաշվարկների վրա։ Միաժամանակ նշվեց, որ գույքային հայցի բովանդակային քննարկումը նախատեսված է դատավարության հետագա փուլերում։
Լսելով կողմերի դիրքորոշումները՝ դատարանը եզրակացրեց, որ ներկայացված գույքային հայցը համապատասխանում է օրենքի պահանջներին և այն ընդունեց վարույթ՝ նշելով, որ դրա վերջնական գնահատականը կտրվի դատական ակտով։
Դատարանը նաև ավարտեց նախնական դատական փուլում նախատեսված հարցերի քննարկումը և որոշեց գործով նշանակել հիմնական դատալսումներ։
Առաջին հիմնական դատական նիստը նշանակվեց ապրիլի 17-ին, ժամը 16:30-ին։