ԱՄՆ-ում ներկայացված նոր բյուջետային նախագիծը լուրջ մտահոգություն է առաջացրել տիեզերական ոլորտում․ փորձագետները զգուշացնում են, որ այն կարող է էական հարված հասցնել NASA-ի գիտական ծրագրերին։
Սպիտակ տան 2027 ֆինանսական տարվա առաջարկով նախատեսվում է կրճատել NASA-ի ընդհանուր բյուջեն 23%-ով, իսկ գիտական ծրագրերի ֆինանսավորումը՝ գրեթե կիսով չափ՝ 7.25 միլիարդ դոլարից հասցնելով 3.9 միլիարդի։ The Planetary Society-ի ներկայացուցիչները հայտարարում են, որ նման կրճատումները կարող են արմատապես փոխել գործակալության գործունեությունը։ Նրանց խոսքով՝ նախագիծը ոչ միայն խոշոր կրճատումներ է ենթադրում, այլ նաև առանձնանում է թափանցիկության պակասով։
Եթե բյուջեն ընդունվի, կարող են չեղարկվել ավելի քան 40 գիտական նախագծեր՝ NASA-ի ծրագրերի մոտ մեկ երրորդը։ Դրանց թվում են նաև գործող առաքելություններ, օրինակ՝ New Horizons, Juno և OSIRIS-APEX։ Միաժամանակ բյուջեն պահպանում է ֆինանսավորումը մարդատար ծրագրերի համար, հատկապես «Արտեմիս»-ի, որը նպատակ ունի մարդկանց վերադարձնել Լուսին։ Վերջնական որոշումը կայացնելու է ԱՄՆ Կոնգրեսը, որը նախկինում արդեն մերժել է նման կրճատումները։ Այս անգամ ևս սպասվում է լուրջ դիմադրություն։
