Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան Գագիկ Ծառուկյանի ՀԱՕԿ նախագահի լիազորությունները դադարած ճանաչելու պահանջով դիմել է դատարան

Երևանի քաղաքացիական դատարանում 2026 թվականի ապրիլի 8-ին էլեկտրոնային եղանակով ստացվել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիա ՀԿ-ի հայցադիմումը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե ՀԿ-ի դեմ: Հայցադիմումը ապրիլի 9-ին մակագրվել է դատավոր Անուշավան Մուշեղյանին: Հայցվորին ներկայացնում է Սամվել Գասպարյանը: Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է DataLex Դատական տեղեկատվական համակարգից։

Հայցադիմումով Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան պահանջում է 2025 թվականի սեպտեմբերի 9-ից դադարած ճանաչել Գագիկ Ծառուկյանի՝ որպես ՀԱՕԿ նախագահի լիազորությունները, որպես հետևանք անվավեր ճանաչել 2025 թվականի սեպտեմբերի 9-ից նրա կողմից կայացված բոլոր որոշումները և գործողությունները:

Նաև հայցադիմումով պահանջվում է 2025 թվականի սեպտեմբերի 9-ից դադարած ճանաչել վերստուգիչ հանձնաժողովի անդամների լիազորությունները, որպես հետևանք անվավեր ճանաչել 2025 թվականի սեպտեմբերի 9-ից հետո վերստուգիչ հանձնաժողովի կողմից կայացված բոլոր որոշումները և գործողությունները:

2026 թվականի ապրիլի 10-ին դատավոր Անուշավան Մուշեղյանը որոշում է կայացրել հայցադիմումն ընդունել վարույթ: Դատարանը գտել է, որ հայցադիմումը ներկայացվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-122-րդ հոդվածներով սահմանված պահանջներին համապատասխան և առկա չեն հայցադիմումի ընդունումը մերժելու կամ այն վերադարձնելու հիմքերը: Որոշումն օրինական ուժի մեջ է մտել կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Հայցվորը ներկայացրել է նաև միջնորդություն դատական ակտի կատարման շրջադարձ կատարելու վերաբերյալ: 2026 թվականի ապրիլի 10-ին տրվել է կատարողական թերթ: 

Գործը գտնվում է նախապատրաստական փուլում, – տեղեկացնում է Iravaban.net-ը:






Կարդացեք նաև՝

Leave a Comment