Երևանի քաղաքացիական դատարանում 2026 թվականի ապրիլի 8-ին էլեկտրոնային եղանակով ստացվել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիա ՀԿ-ի հայցադիմումը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե ՀԿ-ի դեմ: Հայցադիմումը ապրիլի 9-ին մակագրվել է դատավոր Անուշավան Մուշեղյանին: Հայցվորին ներկայացնում է Սամվել Գասպարյանը: Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է DataLex Դատական տեղեկատվական համակարգից։
Հայցադիմումով Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան պահանջում է 2025 թվականի սեպտեմբերի 9-ից դադարած ճանաչել Գագիկ Ծառուկյանի՝ որպես ՀԱՕԿ նախագահի լիազորությունները, որպես հետևանք անվավեր ճանաչել 2025 թվականի սեպտեմբերի 9-ից նրա կողմից կայացված բոլոր որոշումները և գործողությունները:
Նաև հայցադիմումով պահանջվում է 2025 թվականի սեպտեմբերի 9-ից դադարած ճանաչել վերստուգիչ հանձնաժողովի անդամների լիազորությունները, որպես հետևանք անվավեր ճանաչել 2025 թվականի սեպտեմբերի 9-ից հետո վերստուգիչ հանձնաժողովի կողմից կայացված բոլոր որոշումները և գործողությունները:
2026 թվականի ապրիլի 10-ին դատավոր Անուշավան Մուշեղյանը որոշում է կայացրել հայցադիմումն ընդունել վարույթ: Դատարանը գտել է, որ հայցադիմումը ներկայացվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-122-րդ հոդվածներով սահմանված պահանջներին համապատասխան և առկա չեն հայցադիմումի ընդունումը մերժելու կամ այն վերադարձնելու հիմքերը: Որոշումն օրինական ուժի մեջ է մտել կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Հայցվորը ներկայացրել է նաև միջնորդություն դատական ակտի կատարման շրջադարձ կատարելու վերաբերյալ: 2026 թվականի ապրիլի 10-ին տրվել է կատարողական թերթ:
Գործը գտնվում է նախապատրաստական փուլում, – տեղեկացնում է Iravaban.net-ը: