Նախընտրական հանդիպումներ, հանրահավաքներ, հայտարարություններ միավորումների կամ բաժանումների մասին․ քաղաքական ուժերն ակտիվորեն շարունակում են պատրաստվել հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին։
Իշխող ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր Լոռու մարզում էին, որտեղ այցելել են տարբեր բնակավայրեր և հանդիպել բնակիչների հետ։ Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն իր համակիներին Ազատության հրապարակ է հրավիրել՝ Միասնության հանրահավաքին մասնակցելու։ Հայտարարվել է, որ ուղերձով հանդես կգա կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։
Թեև խորհրդարանական ընտրություններին դեռ 56 օր կա ու պաշտոնական քարոզարավը չի մեկնարկել, սակայն քաղաքական դաշտի գրեթե բոլոր խաղացողները, այսպես ասենք, նախաքարոզարշավ են իրականացնում։
Նախորդ հանգստյան օրերի նման այս շաբաթավերջին ևս վարչապետ Նիկոլ Փաշինյանը կուսակիցների հետ մարզերում էր։ Ուրախ ավտոբուսի երթուղին այս անգամ անցնում էր Լոռու և Արագածոտնի մարզերով։
«Բարի առավոտ սիրելի՛ հայրեակիցներ, այսօր մենք շարուակում ենք մեր կիսատ մնացած շրջագայությունը․Լոռու մարզ ենք գնում։ Տաշիր, Ստեփանավան, Վանաձոր, Սպիտակ և նաև Ապարան։ Ապարանում նույպես չենք հասցրել այս ֆորմատով շփվել մարդկանց հետ»։
Մարդկանց հետ շփումները տարբեր կանգառներում տարբեր թեմաների մասին են։
Քաղաքացի — «Համեցե՛ք պարոն վարչապետ ջան, համեցե՛ք»։
Նիկոլ Փաշինյան — «Բարև Ձեզ, շնորհակալ ենք։ Շատ նեղություն չենք տա ձեզ» ։
Քաղաքացի — «Չէ, չէ, ոչ մի նեղություն։ Ես խաղաղության կողմնակից եմ, ուրիշ ոչ մի բան չեմ ասում»։
Հաջորդ կանգառում վարչապետը քաղաքացիների դժգոհությունն է լսում։
Նիկոլ Փաշինյան — «Լա՞վ եք տղերք։ Լավ չե՞ք, խի՞ լավ չեք։ Ասեք տեսնեմ։ Ինչի՞ ես նեղված, ասա, բա դրա համար եկել ենք, որ նեղվածություներդ կիսես»։
Քաղաքացի — «Մենք դրսում աշխատող մարդիկ ենք, մեզ համար ձեր վարած քաղաքականությունը վատ է»։
Քաղաքացին դժգոհում էր մազերում աշխատանքի հնարավորության բացակայությունից․ ի պատասխան՝ Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը նշեց, որ միայն 2025 թվականին մարզում շուրջ 230 մլն դոլարի շինարարություն է իրականացվել։
Մարզպետի խոսքով՝ տեղացիների մի մասը չի ցանկանում ներգրավվել այդ աշխատանքներում, ինչի պատճառով շինհրապարակներում հաճախ օտարերկրացիների ենք տեսնում, որոնք պատրաստակամ են կատարելու տվյալ աշխատանքը։
Նիկոլ Փաշինյանը մեջբերց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի խոստումներից մեկը․
«Մեր նախընտարական ծրագրում գրել ենք, որ տարին մինիմում 25 հազար աշխատատեղ ենք ստեղծելու»։
Ընտրողների հետ հանդիպում են նաև ընտրարշավի մյուս մասնակիցները։ Ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ապրիլի 11-ին իր համակիներին հրավիրել է Ազատության հրապարակ։ Քաղաքական այս ուժը հայտարարել է, որ հրավիրում է բոլորին մասնակցելու Միասնության հանրահավաքին՝ նշելով, որ այն նպատակ ունի «ձևավորել միասնական հարթակ՝ քաղաքական փոփոխությունների մեկնարկի համար»։
Կուսակցությունն ապրիլի 8-ին համագումար էր հրավիրել, որն առանց լրագրողների մասնակցության էր անցել։ Թե ինչու էր հիմնադիր հավաքը փակ, ռուսաստանահայ գործարարի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը, Հանրային հեռուստատեսության եթերում այսպես էր պարզաբանել․
«Փակի իմաստն այն էր, որ մարդկանց հանրահավաքի ժամանակ ներկայացնեինք մեր ցուցակի համարները»։
«Ուժեղ Հայաստան», «Նոր դարաշրջան» և «Միավորված հայեր» կուսակցություններն համագումարում հաստատել են «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի առաջին 36 անունները։ Ցուցակը գլխավորում է Նարեկ Կարապետյանը, երկրորդ տեղում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքի ցուցակով 8-րդ գումարման ԱԺ պատգամավոր դարձած, բայց մանդատը վայր դրած փաստաբան Արամ Վարևանյանը, իսկ երրորդ տեղում՝ Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմից՝ Գոհար Մելոյանը։
Ի դեպ հանրահավքին, ըստ Նարեկ Կարապետյանի, կալանավորումից հետո առաջին անգամ ելույթ է ունենալու գործարար Սամվել Կարապետյանը։
Մեկ այլ գործարար, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կգլխավորի կուսակցության նախընտրական ցուցակը, վարչապետի պաշտոնին չի հավակնի։ Ծառուկյանը մի քանի անգամ կրկնել է, որ կուսակցությունը վարչապետի առնվազն 3 թեկնածու ունի, սակայն անուններ չի նշել։
«Հինը պետք է դուրս գա, պետք է այն մարդը գա, ով կարող է անել»։
Օրերս Գագիկ Ծառուկյանը բացառել էր գործող իշխանության և «Հայաստան» դաշինքի հետ հետընտրական համագործակցության գնալը։ ԲՀԿ առաջնորդը Ռոբերտ Քոչարյանի հետ կոալիցիա կազմելու հեռանկարը բացառել էր անգամ այն դեպքում, եթե դա իշխանափոխության միակ տարբերակը լինի։
«Եթե Քոչարյանը պետք է լինի վարչապետ՝ ո՛չ»։
Ինչ վերաբերում է «Ուժեղ Հայաստան»-ի հետ համագործակցությունը, ապա այստեղ Ծառուկյանը քննարկման դաշտ տեսնում է։
Գործող խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր ուժը՝ «Հայաստան» դաշինքը ևս նախընտրական հանդիպումներ է ունենում։ Դաշինքի հրապարակված վերջին տեսանյութերում, օրինակ, երկրորդ նախագահը պատասխանում է երիտասարադների հարցերին։
«Հայաստան» դաշինքը, որի կազմում են «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «ԱռԱջ» կուսակցությունները, ևս հրապարակել է իր նախընտրական ցուցակի առաջին անունները։ Առաջինը Ռոբերտ Քոչարյանն է, երկրորդը՝ «ՀՅԴ» գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, իսկ երրորդ տեղում Աննա Գրիգորյանն է։
Հունիսի 7-ին ընտրություններին ընդառաջ քննարկումներ են ընթանում ոչ միայն միավորումների շուրջ, այլև հայտարարություններ են հնչում բաժանումների մասին։
Այս շաբաթ «Միասնության թևեր»-ն ու «ՀայաՔվե»-ն հայտարարեցին, որ ավարտում են համատեղ աշպատանքը, քանի որ առանցքային մի քանի հարցերում չեն կարողացել միասնական դիրքորոշում ձևավորել։ քաղաքական այս երկու միավորները փետրվարին հուշագիր էին ստորագրել՝ ԱԺ ընտրություններին միասնական հանդես գալու վերաբերյալ։ Թեև բանակցեցին, բայց համագործակցության եզրեր չգտան նաև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի «ՀԱԿ»-ն ու Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունները։