
Այն պնդումը, ըստ որի Հայոց պատմության մեջ չկան նախադեպեր, երբ որևէ եկեղեցական պահանջել է թագավորի կամ իշխանի «հրաժարականը», դիտավորյալ խեղաթյուրում և նենգափոխում է պատմությունը։
2020 թ․ 44-օրյա պատերազմից հետո, երկրի առջև ծառացած և ահագնացող ներհասարակական լարվածությամբ, արտաքին և ներքին լուրջ մարտահրավերներով պայմանավորված, Վեհափառ Հայրապետը հայրաբար հորդորել է վայր դնել վարչապետի լիազորությունները։ Ինչը, որոշ շրջանակներ խեղաթյուրելով, նենգափոխելով ու շահարկելով ներկայացվում են որպես «հրաժարականի պահանջ»։
Նշենք, որ պատմագիտության կարևորագույն խնդիրներից մեկը ժամանակների միջև ճիշտ հարաբերակցության հաստատումն է․ արդի հասարակական և քաղաքական երևույթները հաճախ գնահատվում են անցյալի համեմատությամբ, կամ հակառակը՝ անցյալը մեկնաբանվում է ներկայի արժեքների ու չափանիշների լույսի ներքո։ Այս մոտեցումը, սակայն, պահանջում է խիստ զգուշավորություն և մեթոդաբանական ճշգրտություն։
Պատմագիտության հիմնարար սկզբունքներից մեկի համաձայն՝ յուրաքանչյուր դարաշրջան ուսումնասիրելիս պետք է հաշվի առնել տվյալ ժամանակաշրջանի աշխարհայացքը, հասարակարգը և արժեքային համակարգը։
Միջնադարյան հասարակությունում իշխանությունը դիտարկվում էր որպես աստվածատուր, մինչդեռ ժամանակակից ժողովրդավարական համակարգերում այն բխում է ժողովրդի կամքից։ Հետևաբար՝ նույն երևույթը, օրինակ, իշխանությանը քննադատելը կամ նրա «հրաժարականը պահանջելը» տարբեր դարաշրջաններում տարբեր բովանդակություն ու դրսևորում են ունեցել։
Այս առումով կարևոր է խուսափել անախրոնիզմից՝ անցյալի իրադարձությունները ներկայի լեզվամտածողությամբ և չափանիշներով գնահատելու սխալից։ Երբ, օրինակ, միջնադարյան Եկեղեցու քաղաքական ազդեցությունը գնահատվում է ժողովրդավարական սկզբունքների տեսանկյունից, առաջանում է պատմական իրականության խեղաթյուրում և նենգափոխություն։
Միևնույն ժամանակ անցյալի և ներկայի համեմատությունը ամբողջությամբ մերժելը նույնպես ճիշտ չէ։ Պատմագիտության մեջ լայնորեն կիրառվում է համեմատական վերլուծությունը, որը հնարավորություն է ընձեռում բացահայտելու զարգացումների շարունակականությունը, նմանություններն ու տարբերությունները։ Օրինակ՝ տարբեր դարաշրջաններում Եկեղեցին հանդես է եկել որպես իշխանության նկատմամբ բարոյական վերահսկողության մարմին, սակայն նրա վերաբերմունքի դրսևորման ձևերը պայմանավորված են եղել տվյալ շրջափուլի կրոնական, քաղաքական և հասարակական համակարգերով։
Ուստի՝ պատմական վերլուծության ճիշտ մեթոդը ենթադրում է երկաստիճան մոտեցում․ նախ՝ ուսումնասիրել և գնահատել անցյալը տվյալ ժամանակի շրջանակում, ապա՝ կատարել զգուշավոր համեմատություն ներկայի հետ՝ առանց արժեքների արհեստական փոխատեղման։ Այս մոտեցումը թույլ է տալիս պահպանել ինչպես գիտական օբյեկտիվությունը, այնպես և պատմական զարգացման ամբողջական ընկալումը։ Այսինքն՝ անցյալի և ներկայի հարաբերությունը պետք է դիտարկել ոչ թե որպես ուղղակի նույնականացում, այլ՝ իբրև զարգացող գործընթացների փոխկապակցվածություն։ Միայն այս դեպքում է հնարավոր խուսափել պատմագիտական սխալ մեկնաբանություններից և ապահովել գիտականորեն հիմնավորված գնահատականներ։
Հայոց պատմության ողջ ընթացքում Եկեղեցու և պետության հարաբերությունները եղել են բարդ և բազմաշերտ։ Հայոց Եկեղեցին ոչ միայն ազգային, հոգևոր, մշակութային, այլև հասարակական-քաղաքական մեծ ազդեցություն ունեցող հաստատություն է։
Մերօրյա քաղաքական լեզվամտածողության իմաստով «հրաժարականի պահանջ» հասկացություն, որպես այդպիսին, միջնադարում գոյություն չուներ, սակայն եկեղեցականները հաճախ հանդես են եկել՝
ա․ իշխանության քննադատությամբ,
բ․ բարոյական պահանջներով,
գ․ բանադրանքներով,
դ․ եկեղեցուց հեռացնելով,
ե․ հաղորդությունից զրկելով,
զ․ երբեմն նաև՝ գահընկեցության կամ իշխանության օրինականության մերժման դիրքերից։
Որպես ասվածի վառ օրինակ դիտարկենք Սուրբ Հուսիկի, Սուրբ Ներսես Մեծի և Տիրան, Արշակ ու Պապ թագավորների հակասությունները․ կաթողիկոսները հակադրվել են թագավորներին, պայքարել նրանց վարած քաղաքականության, նրանց անբարոյականության և բռնության դեմ, սահմանափակել նրանց մուտքը Եկեղեցի և այլն։ Այս ամենը փաստացի նշանակում էր, որ հայրապետները, ըստ էության, քննադատում էին թագավորների՝ որպես քրիստոնյա առաջնորդների վարքն ու քաղաքականությունը՝ ցույց տալով դրանց հակադրությունը ազգային շահերին։ Ճիշտ է, սկզբնաղբյուրներում թեև բառացի «հրաժարական»-ի պահանջ չկա, բայց վերոնշյալ իրադարձությունները միջնադարում համարժեք էին իշխանության մերժմանը, և դրանք կարելի է դիտարկել որպես քաղաքական իշխանությունից հեռանալու պահանջի նախադեպեր։
Օրինակ՝ հայտնի է, որ Հովհան Մանդակունին իշխանների դեմ բարոյական պայքար է մղել, ինչն արտացոլվում է նրա ճառերում և քարոզներում։ Հիշատակելի է նաև Ներսես Դ Շնորհալին, որը կարևոր դեր է ունեցել Եկեղեցու և պետության հարաբերություններում։ Նա քննադատել է իշխաններին, փորձել է ուղղել նրանց վարքը, պահանջել, որ գործեն արդարությամբ․ Հայոց հայրապետը զգուշացրել է նաև, որ նման եղկելի ընթացքը շարունակելով՝ իշխանավորները կկորցնեն իշխելու աստվածատուր իրավունքը։ Նոր ժամանակներում հիշարժան է հատկապես Մկրտիչ Խրիմյան կաթողիկոսը, որը քննադատել է ոչ միայն օտար իշխանություններին, այլ նաև հայ վերնախավին՝ դատապարտելով անգործունյա և հակազգային քաղաքականություն վարող ղեկավարներին՝ կոչ անելով փոխել իրավիճակը․ սա, ինչպես վերը նշեցինք, թեև ուղղակի հրաժարականի պահանջ չէ, բայց հստակ նկատվում է քաղաքական պատասխանատվության գաղափարը։
Հատկանշական է, որ տարբեր դարաշրջաններում տարբեր կաթողիկոսներ և եկեղեցականներ քննադատել են նախարարներին, իշխանավորներին, դատապարտել սոցիալական անարդարությունը, եկեղեցահալած քաղաքականությունը և մյուս արատավոր երևույթները։ Հաճախ այդ եկեղեցականներն իրենց քարոզներում թագավորներին, իշխաններին և պաշտոնյաներին ուղղված խոսքերով պահանջում էին փոխվել և հետ կանգնել ազգակործան ընթացքից։ Միջնադարյան ընկալմամբ, պատմական տվյալ ժամանակաշրջանի հասարակական-քաղաքական միջավայրում նշյալը հավասարազոր էր իշխանությունից հեռացման կոչի։
Այսպիսով՝ կարելի է եզրակացնել, որ Հայ Եկեղեցին պատմականորեն ունեցել է և ունի ոչ միայն հոգևոր, ազգային, մշակութային, բարոյական, այլ նաև հասարակական-քաղաքական դեր և տարբեր դարաշրջաններում տարբեր կերպ է արձագանքել իշխանության քայլերին, ինչը պայմանավորված էր ներքին և արտաքին բազմաթիվ հանգամանքներով։
Հ․Գ․
«Հայրենիքի և ազգի սերը մի բնական զգացմունք է, որ բխում է մարդու բնությունից իսկ և կապված է անգամ անհատական ինքնասիրությանը, և միայն արատավոր մարդիկ կարող են թափուր լինել այդ զգացմունքից, ինչպես դատարկ են և սեփական արժանապատվությունից» (Նիկողայոս Ադոնց, Երկեր, հտ․ Ա, Երևան, 2006, էջ 223)։
Տեր Արարատ քահանա Պողոսյան