Այսօր, ապրիլի 10-ի երեկոյան Գաֆեսճյան կենտրոնում կբացվի դասական երաժշտության «Երգեր եւ մեղեդիներ» համերգաշարը, որի մենակատարն է ֆրանսահայ երիտասարդ օպերային երգչուհի Մարի Մյուլլեր-Սիմոնյանը: Հնչելու են Շտրաուսի,Ռավելի, Պուլենկի ստեղծագործություններից, նվագակցելու է դաշնակահարուհի Հասմիկ Անտոնյանը:
Կատարվելու են վոկալ արվեստի խորապես զգայական եւ փիլիսոփայական ստեղծագործություններ, որոնք հազվադեպ են հնչում Հայաստանում, այնպես որ համերգն արվեստասերի համար կդառնա այդ ստեղծագործությունների հետ հաղորդակցվելու բացառիկ հնարավորություն` մանավանդ շնորհալի սոպրանոյի կատարմամբ:
Համերգին հնչելիք Մորիս Ռավելի «Շեհերազադեն» արեւելյան երազանքի եւ ֆրանսիական իմպրեսիոնիզմի նուրբ համադրություն է` լի գունային հարստությամբ, պատկերային նրբությամբ եւ զգայական խորությամբ: Լուի Արագոնի բանաստեղծությունների հիման վրա Ֆրանսիս Պուլենկի երկու ստեղծագործությունները սիրո, կարոտի եւ զգացմունքների հուզական եւ ճշմարիտ փոխանցումն են երաժշտությամբ, որոնք երգչուհին կնվիրի հանդիսատեսին: Երեկոյի ավարտին կհնչի Պուչինիի ամենահայտնի ստեղծագործություններից մեկը`հատված օպերայից, որն իր նրբագեղությամբ ու թեթեւությամբ երեկոն կդարձնի հիշվող:

Օպերային արվեստի եւ դասական երաժշտության սիրահարների համար իրոք հրաշալի երեկո է սպասվում Գաֆեսճյանում:
Հիշեցնենք, թե ով է մենակատարը, որին ներկայացնելու առիթ «Ազգն» ունեցել է, երբ փարիզահայ երգչուհին 2024 թվականին արժանացել էր Վիեննայի հեղինակավոր Բեթհովենի միջազգային մրցույթի առաջին մրցանակին: Մարի Մյուլլեր-Սիմոնյանը ֆրանսահայ օպերային երգչուհի է, որ արդեն իսկ ստեղծագործական հաջողություններ է ունեցել, 2023 թվականից նա նաեւ Երեւանի ազգային օպերայի երիտասարդ արտիստների ծրագրի մենակատար է` Լեւոն Ջավադյանի ղեկավարությամբ:
Խոստումնալից երգչուհին համարվում է նոր սերնդի նշանակալից ձայներից մեկն օպերային արվեստում:
Մարի Մյուլլեր- Սիմոնյանը մեծացել է պահանջկոտ երաժշտական միջավայրում` նա փարիզաբնակ երգեհոնահարուհի Նարինե Սիմոնյանի դուստրն է, երգեհոնի ուսուցումը սկսել է Բուլոն Բիրնկուրի տարածաշրջանային կոնսերվատորիայում, այնտեղ ուսանել 10 տարի, զուգահեռաբար Փարիզի կոնսերվատորիայում դասական երեգեցողություն ուսումնասիրելով:
Ինը տարեկանից նա աշխատել է հայտնի մեցցո-սոպրանո Գիմետ Լորանի ղեկավարությամբ: 2019 թվականին ստացել է երգեհոնահարի դիպլոմ` գերազանցությամբ, նաեւ արժանացել Հայաստանի մշակույթի նախարարության հատուկ մրցանակին:
Մարի Մյուլլեր-Սիմոնյանը նաեւ լավ դաշնակահարուհի է,: Իր առաջին օպերային դերը` Ամուրի կերպարը Գլյուկի «Օրփեոս եւ Եվրիդիկե» օպերայում ստացել է ինը տարեկանում, այնուհետեւ մի շարք կարեւոր դերերգեր ունեցել, իսկ վերջին դերը նա ստանձնել է Երեւանի օպերայում, 2025 թվականին` Մյուզետան Պուչինիի «Բոհեմ» օպերայում:
Արժե երգչուհու արվեստին ծանոթանալ այս անգամ Գաֆեսճյան կենտրոնում, ապրիլի 10-ի երեկոյան:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ