Անվախ բազեի անմահ հոգին սլացավ երկինք

ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆԻ թարմ հիշատակին

Ապրիլի 5- ին երկրային կյանքից հեռացել է՝ գրող, հասարակական-քաղաքական գործիչ Զորի Բալայանը:

Զորի Հայկի Բալայանը ծնվել է 1935 թվականի փետրվարի 10-ին, Ստեփանակերտում: 1953-1957 թվականներին ծառայել է բալթիական նավատորմում: 1963 թվականին ավարտել է Ռյազանի Ի. Պ. Պավլովի անվան բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը: Հայ դատի եւ Արցախի հարցի արդար լուծմանը զինվորագրվել է 1960-1970թթ: Իր հեղինակած «Օջախ» գրքում անդրադարձել է Հայաստանի, Նախիջեւանի եւ Արցախի թեմային, որի համար հարձակումների է ենթարկվել ոչ միայն թուրք-ադրբեջանական պատմաբանների, այլեւ ԼՂԻՄ մարզկոմի ադրբեջանամետ ղեկավարության կողմից:

Եղել է 1988  թվականին ծավալված ղարաբաղյան ազգային-ազատագրական շարժման ղեկավարներից ու գաղափարախոսներից մեկը: 1988- 1991 թվականներին Միխայիլ Գորբաչովի, Ալեքսանդր Յակովլեւի եւ ԽՄԿԿ ԿԿ ու գործադիր իշխանությունների բարձրագույն այլ գործիչների հետ ունեցած հանդիպումների ժամանակ, ԽՍՀՄ պատգամավորների համագումարներում, Բորիս Ելցինին հղած նամակում ներկայացրել է արցախյան հիմնախնդիրը, ԼՂԻՄ-ում տեղի ունեցող ողբերգությունների հիմքերը, պանթուրքիզմի տարածման վտանգավորությունը, պատճառաբանված ու հիմնավորված ելույթներով դատապարտել Ադրբեջանի եւ Կենտրոնի կողմից կատարվող հակաօրինական, հակահայկական գործողությունները: 1989 -1992թթ  եղել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր: 1990թ  սեպտեմբերի 20-29-ին Մոսկվայում իր հյուրանոցային համարում հայտարարել է հացադուլ՝ բողոքելով «ԼՂ-ում տեղի ունեցող անօրինականությունների եւ Մ. Գորբաչովի անգործության դեմ» ու պահանջել, որ վերականգնվեն ԼՂԻՄ-ի իրավական-վարչական մարմինները, նրա սահմանադրական իրավունքները:

1992 -1995թթ եղել է ԼՂՀ Գերագույն խորհրդի պատգամավոր: 1992- 1994թթ ակտիվ մասնակցություն է ունեցել ռազմաքաղաքական նշանակության հարցերի մշակման գործում, պարբերաբար եղել է ռազմաճակատի ամենաթեժ կետերում եւ իր ներկայությամբ ոգեւորել հայ զինվորին, որի համար ստացել է «Կոմիսար» պատվանունը: Եղել է բազմաթիվ արտասահմանյան երկրների կողմից Արցախին ցույց տրվող մարդասիրական օգնության նախաձեռնողն ու կազմակերպիչը… Բայց այս ամենով հանդերձ նրա ամենամեծ առաքելությունը եղել է արցախյան ազգային- ազատագրական պայքարի միջազգայնացմանն ուղղված հիրավի նպատակասլաց գործունեությունը: Իսկ դրա համար, ինչպես պատերազմի տարիներին, այնպես էլ հետպատերազմյան շրջանում նա օգտագործել է ոչ միայն միջազգային տարբեր հանդիպումների ու հրապարակային ելույթների ուժը, այլեւ «Կիլիկիա» եւ «Արմենիա» նավերով շուրջերկրյա ճանապարհորդություն կատարելու տարբերակը… Ճանապարհորդություն, որի ընթացքում  նավերով օվկիանոսներն ու ծովերը հատում է Արցախի պետական դրոշը վեր պարզած: 

ՀԽՍՀ Պետական, ԽՍՀՄ լրագրողների միության Ն. Օստրովսկու անվան համամիութենական գրական մրցանակների դափնեկիր է:

2006 թվականի սեպտեմբերի 1-ին, ԼՂՀ նախագահի հրամանագրով, ԼՂՀ անկախության ձեռքբերման եւ ամրապնդման գործում մատուցած բացառիկ ծառայությունների համար Զորի Հայկի Բալայանն արժանացել է «Արցախի հերոս» ԼՂՀ բարձրագույն կոչման:

Զորի Բալայանի մահը խոր վիշտ է պատճառել  իր ընտանիքին, ընկերներին, մտերիմներին, եւ նրան  ճանաչողներին՝ Հայաստան, Արցախ, Սփյուռք:                            

Բնականաբար, այս տխուր լուրը համացանցում հայտնեց Զորի Բալայանի բժիշկ որդին՝ Հայկը. «Վաախ պապ ջան դու գնացիր անմիջապես Աստծո մոտ, Սուրբ հարության օրը, հոգիդ թող արծվի պես ազատ եւ խաղաղ ճախրի երկնքով!!!»:

Սիրելի Հայկ, փառք ու պատիվ հայրիկիդ, որ հայրենասիրությունն ու լավ որդի մեծացնելը իրեն համար լոկ խոսքեր չէին:

Պատահական չէր Վեհափառ Վազգեն առաջինի սրտաբուխ խոսքը. «Ուզում եմ համբուրել Զորի Բալայանի ճակատն այն բանի համար, որ սովորեցնում է սիրել Հայրենիքը»:    

ԱՆԺԵԼԱ  ՍԱՀԱԿԱՅԱՆ

ՓԱՐԻԶ, 07.04.2026թ.

The post Անվախ բազեի անմահ հոգին սլացավ երկինք appeared first on Ազգ.

Leave a Comment