Թրամփը պնդում է, թե իրանցիները, իբր, խնդրում են շարունակել ռմբահարումները

Դժվարընկալելի պնդումներ

Ամերիկայի նախագահը սպառնում է ավերիչ հարվածներ հասցնել Իրանի էլեկտրակայաններին, կամուրջներին, ճանապարհներին, նավահանգիստներին, փաստորեն, կենսական նշանակության ամբողջ ենթակառուցվածքին:

Վտանգը կանխելու համար Թեհրանը պետք է առանց վերապահումների ընդունի խաղաղություն հաստատելու ամերիկյան ծրագիրը:

Դոնալդ Թրամփը մի աներևակայելի հայտարարություն է արել, նա պնդել է, թե իրանցիներն այնքան են ատում կրոնապետության ղեկավարներին, որ ուզում են տառապել, միայն թե իշխանափոխություն լինի, և ամերիկյան կողմը, իբր, դա ապացուցող բազում գրություններ է ստացել:

«Նրանք պատրաստ կլինեին դա (օդային գրոհները) տանել ազատություն ունենալու համար։ «Խնդրում ենք՝ շարունակեք ռմբակոծել: Արեք դա»։ Եվ դա գրել են մարդիկ, որոնք ապրում են այնտեղ, որտեղ ռումբերն են պայթում: Նրանք ազատություն են ուզում։ Նրանք ապրել են մի աշխարհում, որի մասին դուք ոչինչ չգիտեք։ Դա բռնի, սարսափելի աշխարհ է, որտեղ եթե բողոքում եք, ձեզ վրա կրակում են»,- ասել է Թրամփը։

Թրամփի դժվարընկալելի որոշ հայտարարությունների շարքում առաջին տեղում, թերևս, այդ պնդումն է, որ իրանցիները խնդրում են իրենց ռմբահարել հանուն ռեժիմի տապալման:

«Հավաքվեք էլեկտրակայանների շուրջ»

Իրանի ղեկավարներն Էլ են ժողովրդին հորդորում իրենց կյանքը զոհաբերել, բայց ոչ թե ռեժիմը փոխելու, այլ փրկելու համար:

Արձագանքելով էլեկտրակայանները հրթիռակոծելու և ռմբահարելու մասին Թրամփի սպառնալիքին, Իրանի երիտասարդների և դեռահասների գերագույն խորհրդի քարտուղար Ալիռեզա Ռահիմին հատուկ ուղերձով դիմել է երիտասարդ ուսանողներին, դպրոցականներին, մարզիկներին, արվեստագետներին և դասախոսներին:

Երբ պատկերացնում ես, թե ինչպիսին կարող է լինել հետևանքը, Ռահիմիի ուղերձի էությունն էլ ես դժվար ընկալում:

«Երեքշաբթի, ժամը 14:00-ին հավաքվեք էլեկտրակայանների շուրջ, դրանք մեր ազգային ակտիվներն են, պատկանում են Իրանի ապագային և իրանցի երիտասարդներին»,- ասել է Ռահիմին:

«Այստեղ դժոխք է, և Թրամփն էլ դժոխք է գնալու»

Վստահ կարելի է պնդել, որ իրանցիների գերիշխող մեծամասնությունը բնավ չի երազում զոհվելու մասին, բայց նրանք նաև չեն ուզում հանձնվել: Համենայն դեպս, հարցազրույցներում մարդիկ Թրամփի այդ պահանջը միանշանակ մերժում են:

Այդ է ընդգծել Զայնաբ Անդարզը, որը սատարում է Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությանը:

«Թրամփն է սկսել պատերազմը մեր երկրի և մեր ազգի դեմ, նա տեղյակ չէ, որ մենք խաղաղ ազգ ենք: Այստեղ դժոխք է, և Թրամփն էլ դժոխք է գնալու»,- ասել է Անդարզը:

Ապագա բիոքիկմիկոս Զինատ Թոքմանեշը խոստովանել է, որ շատ ծանր է տարել պատերազմի մեկնարկը:

«Ճիշտն ասած, առաջին օրերին վախեցել էի, բայց տեսնում եմ համակուրսեցիներիս, մեր դասախոսներին: Բոլորն ուզում են պաշտպանել մեր երկիրը, առաջին օրերի համեմատությամբ հիմա ավելի հանգիստ եմ»,- ասել է Թոքմանեշը:

Թեհրանցի ամուսինների երազանքը

Մեհդի Ալիշիրը և Զահրա Արղավանը բնակվում են մահյրաքաղաք Թեհրանում, նրանք ավելի քան տասը տարի առաջ են ընտանիք կազմել, միասին վերապրել են կորոնավիրուսի համաճարակը և չեն ենթադրել, որ մի օր իրենց երկիրը կենթարկվի ամերիկացիների և իսրայելցիների օդային գրոհներին:

Ամուսինները երազում են խաղաղության մասին: Մեհդին համոզված է, որ ցանկացած պատերազմ չարիք է:

«Ցանկացած պատերազմ ավերիչ է, նշանակություն չունի՝ դու ուժեղ, թե թույլ կողմն ես, բոլորն են տառապում»,- ասել է Մեհդին:

Զահրան էլ է ուզում, որ այս սարսափն ավարտվի. «Պետք է խաղաղություն, պետք է դիվանագիտական ճանապարհով գալ ինչ-որ համաձայնության, պատերազմում հաղթող չկա, բոլորն են կորուստ կրում: Շարքային մարդիկ են ծանր գին վճարում»:

Ինչ վիճակ կլինի վաղն առավոտյան ժամը 3:30-ին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջնաժամկետ է սահմանել՝ ճիշտ կեսգիշերին Վաշինգտոնի ժամանակով:

Թեհրանում տեղական ժամանակով կլինի առավոտյան 3:30-ն իսկ Երևանի ժամանակով առավոտյան 4-ը:

Leave a Comment