Լիբանանի հայ համայնքն անհանգիստ է, բայց փորձում է ապրել առօրյա կյանքով․Սևակ Հակոբյան

Մերձավոր Արևելքում շարունակվող լարվածության երկարաձգմամբ պայմանավորված հուսալքության տրամադրություններ են նկատվում Լիբանանի հայ համայնքում։ Այս մասին «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտնել է Լիբանանի «Զարթոնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը։ Սակայն, նրա խոսքով, արտագաղթի ալիք չի նկատվում, քանի որ արտագաղթը հնարավորություններ է պահանջում, իսկ նման հնարավորություններ ունեցող հայերը երկրից հեռացել են ավելի վաղ՝ սկսած դեռևս Լիբանանի քաղաքացիական պատերազմի ժամանակաշրջանից։

Հայերի շրջանում զոհեր չկան։ Հայերով բնակեցված հատվածները հատուկ չեն թիրախավորվում։  

Նրա տվյալներով՝ Լիբանանի շուրջ 200 հազարանոց հայ համայնքից այսօր երկրում մնացել է ընդամենը 30-40 հազար հայ։ Նրանք նաև պատերազմով պայմանավորված սոցիալական խնդիրներ ունեն, իսկ հայկական կառույցները փորձում են հնարավորինս օժանդակել կարիքավորներին՝ համայնքում նկատվող հուսալքությունը մեղմելու համար։ Նա հայտնել է, որ այս պահին հայկական թաղամասեր չեն թիրախավորվել, չեն թիրախավորվել նաև հայկական հաստատություններ։ Նրա խոսքով՝ լիբանանահայ լրատվամիջոցները, այդ թվում «Զարթոնքը» ինչպես նաև Լիբանանի հայկական կազմակերպություններն ամեն ինչ անում են համայնքը համախմբված ու միակամ պահելու համար։ Լիբանանի «Զարթոնք» օրաթերթի խմբագրի հետ զրուցել է Կարեն Ղազարյանը։  

Leave a Comment