ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին ՔՊ-ի նախընտրական ծրագրի վերաբերյալ, մասնավորապես այն դրույթի վերաբերյալ, որ այնտեղ նշված է՝ նախընտրական ծրագրի մաս է Գարեգին Բ-ին հեռացնելը: Հարցին՝ ինչու էր պետք, որ այդ մտադրությունը դառնա նախընտրական ծրագրի մաս, Սիմոնյանը պատասխանեց՝ Կտրիճ Ներսիսյանը սպառնալիք է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը:
«Մենք Սահմանադրություն չենք խախտում, որովհետև դուք էլի նույնականացնում եք անձերին կառույցի հետ: Ալեն Սիմոնյանը Ազգային ժողովը չէ: Կտրիճ Ներսիսյանը 1700-ամյա Հայ առաքելական եկեղեցին չէ: Դա թագավորություն չէ: Երբ դուք վարչապետին եք քննադատում, քննադատո՞ւմ եք Հայաստանի Հանրապետությանը»,- ասաց Սիմոնյանը:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը ստորև.
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պաշտպանում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման օրակարգը և որդեգրում է ճանապարհային հետևյալ քարտեզը՝
ա) Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի հեռացում (հանգստի կոչում),
բ) Սահմանված կարգով Կաթողիկոսական տեղապահի ընտրություն,
գ) Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Կանոնադրության ընդունում․ Կանոնադրությամբ պետք է սահմանվեն ամրագրված սկզբունքների պահպանման, ֆինանսական թափանցիկության և հոգևորականների բարեվարքության ապահովման կառուցակարգեր,
դ) Սահմանված կարգով Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրություն։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձևավորած խորհրդարանական մեծամասնությունը և Կառավարությունը ձեռնամուխ կլինեն հոգևոր ծառայողներին սոցիալական երաշխիքների պետական համակարգում ներառելուն։
Միևնույն ժամանակ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հարգում է բոլոր քաղաքացիների դավանանքի և կրոնական համոզմունքների ազատությունը ու վերահաստատում, որ Հայաստանի Հանրապետությունն աշխարհիկ պետություն է, որտեղ, Սահմանադրության համաձայն, կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման օրակարգը ծառայում է Եկեղեցին քաղաքականությունից դուրս բերելու միջոցով ՀՀ սահմանադրական կարգի լիարժեք վերականգնմանը։