Մեր հոգսերը կարծես մերը չեն

Հայաստանյան առօրյան Աստծո յուրաքանչյուր օր երկակի տրամադրությամբ է սկսվում ու ավարտվում: Մեզնից յուրաքանչյուրի շրջապատում նվազագույնը 100-ից 200 մարդ կա, հարազատ ու բարեկամ, ծանոթ ու հարեւան, ուսումնառության ու աշխատանքային տարիների ընկերներ, կրթական ու անգամ կրոնական դավանանքով զանազանվողներ: Թե սույն մտորումների հեղինակը, թե՛ այլեւայլ երկրներում թող որ ժամանակավոր ապաստանած մեր հայրենակիցները կեսբերան շշնջում են, թե՛ երբ է Հայաստանում ապրելու տանելի միջավայր հաստատվելու, որ իրենք էլ իրենց ապագան ուրվագծեն, երազների գոնե մի մասը իրականություն դարձնեն: Ավաղ, ժամերը օրեր են դառնում, օրերը շաբաթներ, վերջիններս ամիսներ ու տարիներ, տարօրինակորեն թե ցավալիորեն ՀՀ համարվող տարածքում տեսանելի ու շոշափելի գրեթե ոչինչ չի փոխվում, եթե այլ գնահատական չհնչեցնենք:

Գործադիր իշխանության խնդիրը, որն է երկրի կառավարությունը, ՀՀ անվտանգային հարցերի լուծումն է, որտեղ առաջնայինը պետության ռազմական ու պարենային անվտանգության խնդիրների սահմանումն է: Ասենք, 3 մլն հայաստանաբնակների պարենային պահանջմունքները բավարարելու համար, համաշխարհային չափորոշիչները նկատի ունենալով, անհրաժեշտ է արտադրել նվազագույնը 300 հազար տոննա  թռչնի, խոզի ու տավարի միս եւ մոտ 1 մլն տոննա կաթ, կաթնամթերք ունենալու նպատակով: Այս պարզ, կարելի է անգամ ասել պարզագույն խնդիրը լուծելու համար համաշխարհային տնտեսավարումը բավարար փորձ կուտակել է, այն սիրահոժար ցուցադրում է ի տես Երկիր մոլորակի յուրաքանչյուր պետության, խտրականություն չդնելով մարդկանց ո՛չ կրոնական պատկանելիության, ո՛չ էլ մաշկի գույնի առումներով: Ասենք, երեք հիմնական արդեն նշված մսատեսակների համաշխարհային արտադրությունը 2000 թվականի 220 մլն տոննայից 2020 թվականին հասել է 330 մլն տոննայի: Իսկ ինչ վիճակ է Հայաստանի Հանրապետությունում:

Միայն այն, որ գյուղապետարաններից սկսած, մարզպետարաններով շարունակվող, նախարարություններով կառավարվող, ի վերջո ՀՀ գործադիր մարմնի պատասխանատվությամբ սահմանափակվող պատասխանատու կառույցների պաշտոնյաները տարին տարու վրա երբեւէ անգամ նվազագույնս չեն անդրադառնում ՀՀ պարենային ապահովության ու անվտանգության խնդրին, նախապատվություն տալով հանրությանը զբաղեցնել սուբսիդավորում հռչակվող ինչ-որ ծրագրի շուրջ թվեր հրապարակելով, գյուղական համայնքներում բնակարանաշինությունը խրախուսելով: Մի՞թե պարզ չէ, որ 30-40 տոկոս գյուղական բնակչություն ունեցող երկիրը չի կարող լիարժեք զարգանալ, ընդօրինակելի կրթական, առողջապահական, այլ անհրաժեշտ առաջնահերթությունների բավարարման ներուժ ունենալ, որը մենք տեսնում ենք մերօրյա ՀՀ-ում: Մանկությանս ընկերներից մեկը, որ ընտանեկան խնդիրների պատճառով մի որոշ շրջան բնակվել էր Բելգիայում, մեր յուրաքանչյուր հանդիպման հիշում է անվճար բնակարանի ու դեղորայքի, ծանոթ ուսանողների կրթաթոշակների ու  քաղաքային տրանսպորտի անվճար երթեւեկի շուրջ փաստերից: Ինչպես է դա հաջողվում ՀՀ տարածքի չափ տարածք ունեցող 12 մլն բնակչությամբ երկրում, երբ մենք հարցերից ու խնդիրներից պրծում չունենք: Նշեմ ակտիվ լրագրությամբ զբաղվող քաղաքացուս հետաքրքրությունների շրջանակի մի թիվ, որի մասին արդեն խոսել եմ. Բելգիայում միայն խոզի մսի տարեկան արտադրությունը հասնում է 1,2 մլն տոննայի: Փորձեցի մեր պահանջարկը բավարարող թվերից գանձվող հարկերի մոտավոր թիվ հաշվարկել: Տրիլիոն դրամների թվեր ստացվեցին, նույնը՝ կաթի վերամշակման պարագայում, որը ՀՀ-ից հոսում է արտերկրներ, ներմուծվող կաթի փոշու, խոր սառեցված մսատեսակների, կարագի, այլ առաջնահերթությունների տեսքով: Անգամ նվազագույն հարկման պարագայում գանձվող հսկայական գումարներ են գոյանում, որոնցով սոցիալական կողմնորոշման գործիչները միջավայր են փոփոխում:

Մեզանում փորձ է արվում հակառակն իրականացնել: Ասենք, երեւանյան տրոլեյբուսներում երթեւեկի վճարը 50 դրամ էր, որը բարեփոխումներ հռչակվածից հետո դարձվեց… 150 դրամ: Արդյունքում՝ այդ հսկայական տրանսպորտային միջոցներն օրվա հիմնական մասում մի քանի ուղեւորով անցնում են մայրաքաղաքի փողոցներով, պարզ չէ ինչ օգուտ տալով մայրաքաղաքի բյուջեին: Օրեր առաջ քաղաքապետի մի ակնարկից պարզվեց, որ ՀՀ կառավարությունը սուբսիդավորում է նաեւ այս ոլորտը: Ստացվում է, որ գումարները ծախսվում են, իսկ խնդիրները մնում, նվազելու փոխարեն ահագնանում:

Այսպես էլ ապրում ենք, ինչ-որ ժամանակներ հիշելով ու դատափետելով, սեփական խնդիրներն անտեսելով, սիզիֆյան աշխատանքով առաջնորդվելով. մեր հոգսերը կարծես մերը չեն: Արդյունքում՝ անգամ թշնամիների փնտրտուք, առանց… ամոթի:

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Leave a Comment