Ապրիլի 11-ին՝ յոթ ժամով (12:00-19:00) Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը կդառնա մասշտաբային կրթական ցուցահանդեսի հարթակ։
«USOOMFest 2026» կրթական ցուցահանդեսը միավորում է Հայաստանի և միջազգային առաջատար կրթական հաստատությունները։ Միջոցառմանը մասնակցելու են այնպիսի հեղինակավոր կառույցներ, ինչպիսիք են Հայաստանի ամերիկյան համալսարանը, Հայաստանում ֆրանսիական համալսարանը, Քեմբրիջի միջազգային դպրոցը, Բրիտանական խորհուրդը և այլ կազմակերպություններ։ Նման հարթակները ոչ միայն տեղեկատվական են, այլ նաև ոգեշնչող՝ օգնելով երիտասարդներին գտնել իրենց ճանապարհը և կայացնել կարևոր որոշումներ։
«USOOMFest 2026»-ը հրավիրում է նաև ծնողներին՝ ակտիվորեն մասնակցելու իրենց երեխաների կրթական և մասնագիտական կողմնորոշման գործընթացին։ Ծնողների ներգրավվածությունը կարևոր է, քանի որ նրանք հաճախ հանդիսանում են հիմնական խորհրդատուներն ու աջակիցները երիտասարդների համար՝ մասնագիտության ընտրության ճանապարհին։
Մասնագիտական կողմնորոշումը կարևոր է, քանի որ այն օգնում է ընտրել այնպիսի մասնագիտություն, որը համապատասխանում է անձի հետաքրքրություններին, կարողություններին և արժեքներին։
Հայ-շվեցարական հյուրընկալության ակադեմիան ևս կարևոր դեր ունի «USOOMFest 2026»-ի շրջանակում՝ ներկայացնելով հյուրընկալության ոլորտի կրթական հնարավորությունները և մասնագիտական աճի ուղիները։ Ակադեմիան հնարավորություն է տալիս ծանոթանալ այնպիսի մասնագիտությունների հետ, ինչպիսիք են հյուրանոցային կառավարումը, տուրիզմը և սպասարկման ոլորտը, որոնք այսօր մեծ պահանջարկ ունեն ամբողջ աշխարհում։
Հայ-շվեցարական հյուրընկալության ակադեմիայի օրինակով մասնագիտական կողմնորոշումը դառնում է ավելի հստակ և հասանելի․ երիտասարդները հասկանում են, թե ինչ հմտություններ և գիտելիքներ են անհրաժեշտ տվյալ ոլորտում հաջողելու համար։ Սա օգնում է նրանց կատարել ավելի գիտակցված ընտրություն և վստահ քայլերով շարժվել դեպի իրենց ապագա մասնագիտությունը։
Ինչպե՞ս ճիշտ և գրագետ պլանավորել ակադեմիական ապագան, ի՞նչ հնարավորություններ է տալիս միջազգային կրթությունը Հայաստանում, և ի՞նչ դեր ունի «USOOMFest 2026»-ի նման ցուցահանդեսը երիտասարդների կյանքում։

«Դպրության» տաղավարում այս հարցերին են պատասխանում «Լոնդոն Այ» (London Eye ITC) միջազգային ուսումնական կենտրոնի տնօրեն Սերգեյ Քոչարյանն ու Հայ-շվեցարական հյուրընկալության ակադեմիայի կրթական ծրագրերի ղեկավար Հայկուհի Գևորգյանը։