Հայաստանի կառավարությունը հաստատել է անշարժ գույքի և ժառանգության ինստիտուտների արդիականացման նախագիծը

Կառավարությունն ապրիլի 2-ի նիստում հաստատել է օրենքների նախագծերի փաթեթը, որով Հայաստանում ներդրվում է երկու նոր ինստիտուտ՝ հետադարձ հիփոթեքի և ամուսնու բացառիկ սեփականության իրավունքի:

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը նշել է, որ հետադարձ հիփոթեքի մեխանիզմը նախատեսված է թոշակառու տարիքի քաղաքացիների համար, ովքեր ունեն անշարժ գույք, սակայն լրացուցիչ եկամուտների կարիք ունեն:

Նոր մեխանիզմի համաձայն՝ թոշակառուն կարող է բանկի հետ կնքել հետադարձ հիփոթեքի պայմանագիր. քաղաքացին չի վաճառում իր բնակարանը, չի տեղափոխվում և պահպանում է սեփականության ու բնակվելու իրավունքը, սակայն բանկը պարբերական վճարումներ է կատարում նրան: Այս գումարը ավելացվում է քաղաքացու կենսաթոշակին։ Թոշակառուի մահից հետո ժառանգները հնարավորություն կունենան բանկի հետ կնքել սովորական հիփոթեքային պայմանագիր և մարել վճարված գումարը՝ վերականգնելով բնակարանի նկատմամբ լիարժեք սեփականությունը: Եթե ժառանգները հրաժարվեն մարումից, բանկը կարող է գույքը վաճառել աճուրդով, իսկ բանկի պարտքը գերազանցող գումարի տարբերությունը կփոխանցվի ժառանգներին:

«Երևանի Մաշտոցի պողոտայում տուն ունեցող մարդը միլիոնատեր է, բայց եթե չունի կանխիկ գումար, չի կարողանում օգտվել դրանից: Հետադարձ հիփոթեքը հենց այդ խնդիրն է լուծում», – նախագիծը մեկնաբանելիս հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախագծի հաջորդ մասը վերաբերում է ամուսնու բացառիկ սեփականության իրավունքին: Ներկայումս ամուսիններից մեկի մահվան դեպքում նրա բաժինը ժառանգվում է երեխաներին, և կենդանի մնացած ամուսինը հայտնվում է նրանց հետ համասեփականության մեջ: Նոր կարգավորմամբ ամուսինները հնարավորություն կունենան սահմանել, որ առաջին ամուսնու մահից հետո ամբողջ գույքն անցնում է կենդանի մնացած ամուսնուն, իսկ ժառանգները գույքին կտիրապետեն միայն երկրորդ ամուսնու մահից հետո: Սա թույլ կտա պաշտպանել կենդանի մնացած ամուսնու կենցաղային և ֆինանսական անվտանգությունը, ընդգծել է Թովմասյանը։

Leave a Comment