Դատախազությունը միջնորդել է Ա․ սաքապետոյանի գործով երրորդ անձ ներգրավել

Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում շարունակվում է Արմեն Սաքապետոյանի՝ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով նախնական դատական քննությունը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ մարտի 27-ին կայացած հերթական նախնական դատական նիստում քննարկման առանցքում հայտնվեց գործին նոր անձանց ներգրավելու հարցը, ինչպես նաև փոխառությունների և ընկերությունների բաժնեմասերի հետ կապված պահանջների շրջանակը։

Նիստի սկզբում հայցվոր Գլխավոր դատախազության ներկայացուցիչ Դավիթ Մեյրոյանը ներկայացրեց միջնորդություն՝ գործին երրորդ անձանց ներգրավելու վերաբերյալ՝ նշելով, որ կայացվելիք դատական ակտը կարող է ազդել մի շարք ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքների և պարտականությունների վրա։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է մի շարք ընկերությունների, որոնց նկատմամբ ներկայացված են բաժնեմասերի բռնագանձման և փոխառական հարաբերություններից բխող պահանջներ։

Ըստ դատախազության՝ այդ անձանց ներգրավումը անհրաժեշտ է՝ հաշվի առնելով, որ հնարավոր է փոխվեն պարտավորական հարաբերությունների կողմերը, և որոշ դեպքերում պահանջի իրավունքը կարող է փոխանցվել այլ անձանց։

Պատասխանող կողմը, ի դեմս Արմեն Սաքապետոյանի և նրա ներկայացուցիչ Վարազդատ Ասատրյանի, կտրուկ առարկեց միջնորդությանը՝ այն որակելով ուշացած և անհիմն։ Նրանց պնդմամբ՝ դատախազությունը դեռևս նախնական փուլում պետք է հստակեցներ, թե որ անձանց իրավունքների վրա կարող է ազդել հայցը, մինչդեռ այժմ նման միջնորդությունը հանգեցնում է դատական գործընթացի ձգձգման։

Պաշտպանական կողմը նաև բարձրացրեց փոխառական հարաբերությունների հստակության հարցը՝ նշելով, որ անհասկանալի է, թե ինչ ծավալի և ինչ ժամանակահատվածի պարտավորությունների մասին է խոսքը։ Ըստ նրանց՝ հնարավոր է, որ այդ հարաբերությունները ընթացքում փոփոխված լինեն՝ պարտավորությունները կատարված կամ վերաձևակերպված լինեն, ինչը պետք է պարզվեր մինչև դատարան դիմելը։

Միաժամանակ, պատասխանող կողմը ընդգծեց, որ նման գործընթացները բացասաբար են անդրադառնում բիզնես գործունեության վրա՝ նշելով, որ դատավարության երկարաձգումը կարող է առաջացնել ֆինանսական վնասներ և խաթարել տնտեսական գործունեությունը։

Քննարկման ընթացքում դատարանը մի շարք հստակեցնող հարցեր ուղղեց դատախազությանը՝ կապված ինչպես փոխառությունների չափերի, այնպես էլ կոնկրետ ընկերությունների նկատմամբ ներկայացված պահանջների հիմքերի հետ։ Մասնավորապես, դատարանը հետաքրքրվեց, թե արդյոք հստակեցված են տվյալ ընկերություններում բաժնեմասերի պատկանելության և փոխառությունների առկայության վերաբերյալ տվյալները միջնորդության ներկայացման պահին։

Դատախազության ներկայացուցիչը նշեց, որ առկա տվյալները հիմնված են գործի նյութերի վրա, սակայն չի բացառվում, որ որոշ հարաբերություններ ժամանակի ընթացքում փոփոխված լինեն։

Արդյունքում դատարանը հայտարարեց, որ միջնորդության վերաբերյալ որոշումը կկայացվի առանձին դատական ակտով։

Նիստի ավարտին դատարանը որոշեց հետաձգել գործի քննությունը՝ նշանակելով հաջորդ նախնական դատական նիստը 2026 թվականի մայիսի 6-ին, ժամը 11:30-ին։

Մանրամասները տեսանյութում

Leave a Comment