Մարտունիում կկառուցվի սպորտային համալիր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

Կառավարության որոշմամբ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Գետափնյա 2-րդ փողոց 17/1 հասցեում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման, գործառնական նշանակության 1.52 հա մակերեսով հողամասը նախատեսվում է ամրացնել ԿԳՄՍ նախարարությանը՝ սպորտային համալիր կառուցելու նպատակով:

Խոշորացված բոլոր համայնքներում նախատեսվում է ունենալ տիպային մարզակառույցներ, որոնք անպայման պետք է ապահովված լինեն լողավազանով, ֆիթնես սրահով։ Ծրագիրն իրականացվում է պետություն-մասնավոր համագործակցությամբ. նպատակն է՝ նպաստել զանգվածային սպորտի զարգացմանը, ֆիզիկական ակտիվության խթանմանը և առողջ ապրելակերպի տարածմանը։

Ծրագրի իրականացման առաջին փուլում նախատեսվում է ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներով ԿԳՄՍՆ կողմից շինարարական աշխատանքների, տեխնիկական հսկողության և հեղինակային հսկողության գնումների իրականացում (հեղինակային հսկողությունը կիրականացվի նախագծողի կողմից), ինչի արդյունքում Արարատ, Եղեգնաձոր և Մարտունի համայնքներում կկառուցվեն սպորտային համալիրներ։ Առաջին փուլը կիրականացվի 2026 և 2027 թվականներին, և կառուցված գույքի նկատմամբ կգրանցվի ՀՀ սեփականության իրավունքը։ Համագործակցությունն իրականացվում է «Հիլլզ» բրենդի ներքո մասնագիտացված ծառայություն իրականացնող ընկերության հետ:

Ծրագրի իրականացման երկրորդ փուլում նախատեսվում է միջազգային չափանիշներին համապատասխան սպորտային և անհրաժեշտ այլ գույքի և սարքավորումների ձեռքբերում և կառուցված սպորտային համալիրների ամբողջովին կահավորում։ Նշված շարժական գույքը ձեռք է բերելու ընկերությունը, որի փաստացի արժեքի 80 տոկոսը կփոխհատուցվի ՀՀ պետական բյուջեից (ձեռք բերված գույքի 80 տոկոսը կհանդիսանա պետական սեփականություն, 20 տոկոսը՝ ընկերության սեփականություն)։ Պլանավորված է նաև գույքի պարբերական թարմացման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով շահագործման առանձնահատկությունները:

Ծրագրի իրականացման երրորդ փուլում նախատեսվում է, որ մինչև 2027 թվականի ավարտը կառուցված սպորտային համալիրները հավատարմագրային կառավարման կհանձնվեն ընկերությանը՝ մինչև 20 տարի ժամկետով։

Ակնկալվում է, որ ծրագրի իրականացումը կնպաստի տարբեր մարզաձևերով մասսայական սպորտով զբաղվողների թվի աճին, առողջ ապրելակերպի խթանմանը, ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու մատչելիությանը, առողջ ապրելակերպի մշակույթի տարածմանը։

Leave a Comment