
Քաղաքագետ Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․
Նիկոլ Փաշինյանը շարունակում է մարտահրավերը, որի նպատակն է ընդդիմության առաջնորդներին քաշել այն ոճի խոսակցության կամ «բանավեճի» դաշտ՝ հեռակա, թե անմիջական, որում ինքը Հայաստանում թերևս անգերազանցելի է: Պայմանական, դա կարող ենք անվանել՝ «մետրոյի ոճ»:
Նախօրեին ես Օրվա թեմայի թողարկմանը ներկայացրի մետրոյի միջադեպի վերաբերյալ մեկ այլ դիտանկյուն, որտեղ ես ամենևին էլ «պատաահական» չէմ համարում միջադեպը, վագոնում Նիկոլ Փաշինյանի պահվածքը:
Ընդդիմության ուժերի առաջնորդները կարծես թե առայժմ ձեռնպահ են մնում ներքաշվելուց, հստակ գնահատելով, որ դա պարզապես «թակարդ» է, որ լարում է Փաշինյանը նախընտրական գործընթացի համար:
Միևնույն ժամանակ, Փաշինյանն իհարկե ինչպես ցանկացած քաղաքական գործիչ և իշխանավոր, որ ձգտում է պահել իշխանությունը, փորձում է պայքարը տանել այն դաշտ, որտեղ ինքն զգում է իրեն առավել ուժեղ, որտեղ տեսնում է իր առավելությունը: Մյուս կողմից սակայն հենց այդ հանգամանքը վկայում է, որ Փաշինյանը դե ֆակտո չունի հանրության համար համոզիչ կառուցողական, ստեղծարար օրակարգ, որը կարող է ենթադրել աշխատանք ավելի լայն էլեկտորատի վրա, քան պարզապես ներհասարակական բեվեռացված և ծայրահեղացված դիմակայությամբ հագեցող իր էլեկտորատն է:
Թե ինչու է այդ էլեկտորատը հագենում հենց այդպիսի միջավայրով, սա էլ իհարկե խոսակցության այլ նյութ է: Ես ամենևին հակված չեմ այդ հարցում դատապարտել հենց էլեկտորատին: Հետևաբար, այստեղ էլ, պետք չէ ընկնել «թակարդը» և պետք չէ շեղվել համընդհանուր հանրային համակեցության համերաշխության բանաձևից, որպես հասարակությանը առաջարկվող ուղենշային հանգամանք: