Երեք տարի հետո Երևանը ժամանակակից արտաքին տնտեսական լոգիստիկ կենտրոն կունենա։ Ըստ նախագծի՝ սա լինելու է մի վայր, որտեղ կմատուցվեն արտահանման ու ներմուծման հետ կապված բոլոր միասնական ծառայությունները։ Խորհրդարանի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում այս նոր վարկային համաձայնագիրն է քննարկվել։ Նոր կենտրոնի կառուցման համար նախատեսվում է 39 մլն եվրո վարկ վերցնել։ Բացի այդ՝ 6 մլն եվրո էլ ԵՄ–ն է տրամադրելու որպես դրամաշանորհ։
Պետական եկամուտների կոմիտեում տարեկան մոտ 80 հզր ներմուծման մաքսային տարանցման հայտարարագիր է լրացվում, շուրջ 75 հզր բեռ էլ սպասարկվում է ժամանակավոր սպասարկման պահեստներում։ Այս տվյալները ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովին ՊԵԿ նախագահն է ներկայացնում։ Էդվարդ Հակոբյանն ընդգծում է՝ ՊԵԿ–ը մաքսային գործառույթները որոշակի տարանջատման սկզբունքով է կատարում։ Հայտարարագրման, ձևակերպումների փաստաթղթային հսկողության գործառույթը մաքսային մարմնինն է, իսկ փաստացի զննումը կատարվում է առանձին տերմինալներում, որտեղ շատ դեպքում լաբորատորիաներ չկան՝ ըստ անհրաժեշտության ապրանքների փորձաքննության համար։ Ուստի Հայաստանին արտաքին տնտեսական միասնական կենտրոն է անհրաժեշտ․
«Որ այդ բոլոր գործառույթները՝ ոչ միայն մաքսային, այլ նաև այն բոլոր մարմինները, որոնք ունեն արտահանման և ներմուծման գործառույթ, մեկտեղենք մեկ համակարգի մեջ։ Բացի դա էլ՝ հաշվի առնելով Երևանի արտաքին տնտեսական գործունեության կենտրոնի վայրը՝ Պռոշյան գյուղը (ըստ էության, Հյուսիս–հարավ ճանապարհի հենց կողքին է), ենթադրվում է, որ սպասարկելու է Հյուսիս–հարավի ճանապարհով անցնող արտահանման և ներմուծման հոսքերը»։
Երևանի մաքսային ու լոգիստիկ կենտրոնի շինարարությունը կֆինանսավորվի ՀՀ-ի և ՎԶԵԲ–ի միջև կնքված 39 մլն եվրո վարկային պայմանագրով։ Բայց ՊԵԿ նախագահը շտապում է նաև տեղեկացնելու՝ դրամաշնորհ նույնպես նախատեսված է՝ 6 մլն եվրո ԵՄ–ից։ Նման ծրագրերում պարտադիր է նաև պետության համաֆինանսավորումը։
ՊԵԿ նախագահ Էդվարդ Հակոբյան․
«Այս կենտրոններում ապրանքների ներմուծման և արտահանման գործընթացներն լինելու են մեկ վայրում։ Բոլոր այն մարմիններում են լինելու, որ կապ ունեն արտահանման, ներմուծման հետ։ Եթե բաժանենք մասերի, ունենալու ենք բավական մեծ պահեստային զննման և բեռնաթափման մասնաշենք, մոտ 9 հզր մ² ԱՏԳ կենտրոնի սպասարկման սրահի վարչական մաս, որը կունենա 2․100 մ2 տարածք։ Կունենանք բեռնատար տրանսպորտային միջոցների ավտոկայանատեղի 408 ավտոմեքենայի համար, ունենալու ենք երկհարկանի լաբորատորիա` 700 մ², ինչպես նաև ճառագայթային զննման սարքի հարթակ` Կարգո և հավաքական բեռների զննման մասնաշենք՝ 2․100 մ²»։
Լոգիստիկ կենտրոնի կառուցման համար տրամադրվող գումարը վարկ է՝ 15 տարով, որի առաջին տարիների համար արտոնյալ պայմաններ են նախատեսված։
«Մենք կկարողանանք նաև որոշակի ավելացված արժեք գեներացնել Հայաստանի Հանրապետության համար, որպեսզի մարդիկ իմանան, որ ՀՀ տարածքով անցնելուց իրենք ունեն նաև հարմարավետ ենթակառուցվածք։ Կարիք լինի, օրինակ, կանգնեն, իրենց մաքսազերծումը անեն, համապատասխան զննությունները անցնեն, և այդ ամբողջը՝ բավական քաղաքակիրթ, թվային և ռիսկերի վրա հիմնված ձևով։ Այսինքն՝ կոմպլեքս համակարգ է լինելու»։
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը կարևորում է այդ ծրագրի իրականացումը․
«Հաշվի առնելով, որ, նախ, այո՛, մեր խաղաղության օրակարգը և ապաշրջափակման ամբողջ տրամաբանությունը, որը ենթադրում են, և ցանկալի է, որ լինեն հնարավորինս շատ հոսքեր Հայաստանի միջոցով։ Բնականաբար, տնտեսվարողին պետք է հարմարավետություն և ենթակառուցվածք, որի միջոցով նա կարող է իմանալ, որ այս գործողությամբ մեկ պատուհանի միջոցով կարող է իր բոլոր հարցերի պատասխանները ստանալ»։
Վարչական մասնաշենքը կկառուցվի ոչ վարկային միջոցներով՝ ասում է Էդվարդ Հակոբյանը։ Մնացած մասնաշենքերի համար վարկը կտրամադրվի երկու տրանշով։ Վարկային նոր միջոցների ներգրավումը նշանակում է պարտքի ավելացում։ Բայց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ասում է՝ պարտքի հետագիծը նվազում է․
«Մեր բյուջեով պլանավորված կանխատեսումների համաձայն՝ պարտքը պետք է բարձր լիներ ՀՆԱ–ի 50 %–ից։ 2025–ի ավարտին մենք ունենք ոչ միայն 50 %–ից ցածր, այլ նաև նախորդ տարվա նույն ցուցանիշից ցածր պարտք` 0,7 տոկոսային կետով։ Սա պայմանավորված է երկու հանգամանքով․ առաջինը ՀՆԱ–ի առաջանցիկ աճն է, որը մեր պլանավորածից ավելի է եղել շուրջ 2 տոկոսային կետով, երկրորդը՝ հարկերի հավաքումը, որը մեր կանխատեսածից ավելի է եղել»։
Բյուջեի դեֆիցիտը կանխատեսվել էր 5,5 %, բայց փաստացիորեն 3,7 %է։ Առաջիկայում ֆիսկալ քաղաքականության շնորհիվ այդ հետագիծը կնվազի՝ ամփոփում է ֆինանսների նախարարը։