Ինչքան մոտենում են ընտրությունները, այնքան ավելի մառազմատիկ է դառնում իշխանությունների վարքագիծը։ Մասնավորապես՝ Փաշինյանը փաստացի շանտաժի է ենթարկում ընտրողներին պատերազմով՝ ասելով, թե եթե իրեն չընտրեն, ապա պատերազմ կլինի։
Չգիտեմ՝ ինքը ընդհանրապես հասկացե՞լ է, թե ինչ է ասել։
Եկեք այս հայտարարության տրամաբանական վերլուծությունն անենք։
Այսպես․ նախ՝ ոչ մի ընդդիմադիր պատերազմ չի սկսելու Ադրբեջանի հետ և նման մտադրություն չունի։ Ով պնդում էր հակառակը, ուրեմն նա ունի նպատակ ուղղակի «շուստրավարի» խաբել ժողովրդին։
Երկրորդ՝ իշխանական թևի տրամաբանությամբ ստացվում է, որ եթե իշխանության գան այլ (իրականում հայամետ) ուժեր, ապա պատերազմը կսկսի Ադրբեջանը՝ իր աշխարհաքաղաքական ծրագրերը իրականացնելու համար։
Հիշեցնեմ ևս մեկ անգամ, որ Ադրբեջանի աշխարհաքաղաքական ծրագրերը ենթադրում են Հայաստանի Հանրապետության ապամոնտաժում և մեր երկրի տարածքում «Արևմտյան Ադրբեջան» ձևավորումը։ Սա փաստ է։ Հետևաբար ստացվում է, որ Ադրբեջանը հիմա չի սկսում պատերազմ, քանի որ Հայաստանի ներկա ղեկավարության քայլերը լիովին համապատասխանում են Ադրբեջանի՝ Հայաստանի ապամոնտաժման ծրագրերին։
Եվ փաստացի ստացվում է, որ Փաշինյանի իշխանությունը գնում է ընտրությունների հետևյալ նարատիվով՝ կա՛մ «խաղաղ» կերպով Հայաստանը վերածում «Արևմտյան Ադրբեջանի», կա՛մ պատերազմ։
Երրորդ տարբերակը Հայաստանի իշխանությունները ուղղակի չեն քննարկում, քանզի այդ պարագայում իրենց բոլոր նախընտրական տեխնոգիաները պայթում են։
Այո՛, հենց այսպես է ստացվում և ոչ այլ կերպ։
Իսկ ճշմարտությունն այն է, որ Հայաստանի իշխանությունները, երբ ամեն քայլափոխի հայտարարում են իրենց իբր «պայքարի» մասին Հայաստանի անկախության և ինքնիշխանության համար, իրականում անձնուրաց և «պիոներական եռանդով» սպասարկում են Ադրբեջանի ծրագրերը՝ ուղղված Հայաստանի ապամոնտաժմանը։
Հենց այսպես է և ոչ այլ կերպ իրականում իրավիճակը։ Երբ սրանք պնդում են թե իրենք “խաղաղություն” են բերում, իսկ մնացածը պատերազմ։
Այնուամենայնիվ, տրամաբանությունը շատ «զիլ» բան է…
Արման Աբովյան, քաղաքական վերլուծաբան