Հայաստանի ներքաղաքական դաշտում նոր աղմուկ է հասունացել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններից հետո։ Ընդդիմադիրները, սակայն, խոսում են ոչ միայն այդ թեմայով։ Այս պահի դրությամբ նրանք ուժերը մոբիլիզացրել են և աշխատումն են տարբեր ուղղություններով, տարբեր հարթակներում։
Այս օրերին ընդդիմադիրները և՛ եվրոպական կառույցներին են իրենց տեսակետները ներկայացնում, և՛ Մոսկվայից պահանջում են ՌԴ հստակ դիրքորոշումը Հարավային Կովկասի վերաբերյալ։ Ընդդիմությունը առաջնորդողի դերակատարման համար, սակայն, ընդդիմադիրները պայքար են սկսել նաև սեփական շարքերում։
Երկրորդ օրն է, ինչ ընդդիմադիր դաշտը պատասխանում է Հայաստանի վարչապետի վերջին հայտարարություններին։ Նիկոլ Փաշինյանի խոսքերը ընդդիմադիրները ընկալել են որպես սպառնալիք ընտրողներին՝ Փաշինյանին չընտրելու դեպքում պատերազմ է լինելու։ Ընտրազանգվածին այսպիսի ազդակ ուղարկելը ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյանը ազնիվ չի համարում։
«Ինձ հետաքրքիր է, եթե Նիկոլ Փաշինյանը օրով ու ամսաթվով գիտի` Հայաստանի վրա երբ է պատերազմ լինելու, ո՞նց է խոսում խաղաղության դարաշրջանից, այդ երկուսը իրար չե՞ն հակասում։ Դա խոստովանություն է, որ իր բերած խաղաղության օրակարգը ոչ թե կեղծ է, այլ՝ չկա։ Ինքներդ մտածեք` կա՞ արդյոք որևէ քաղաքական ուժ, ով պայքարում է, որպեսզի գա իշխանության և կուզենա, որ իր օրոք պատերազմ լինի»։
Այս հարցով գործող իշխանությանը և վարչապետին քննադատողներին ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հիշեցնում է նրանց մյուս մեղադրանքները։
«Փաշինյանը մեզ սպառնում է պատերազմով՝ ասում են այն նույն ընդդիմադիրները, որոնք 44-օրյա պատերազմից հետո Փաշինյանին մեղադրում էին այն բանի մեջ, որ վերջինս պատերազմից առաջ չի ներկայացրել վերահաս պատերազմի ռիսկերը, իրերի իրական դրությունը, չի ներկայացրել ռազմական հավասարակշռությունը և այսպես շարունակ։
Այսինքն` ի՞նչ է ստացվում, Փաշինյանը միևնույն ժամանակ դավաճան է, որովհետև պատերազմից առաջ չի խոսել պատերազմի ռիսկերի մասին, բայց նաև դավաճան է, որ հիմա ասում է, որ եթե Հայաստանը գնա երեք օլիգարխների առաջարկած ճանապարհով, այսինքն` խաղաղության վերանայման ճանապարհով, ապա պատերազմը լինելու է անխուսափելի։ Հանճարեղ տրամաբանություն է ուղղակի։ Իսկ ճշմարտությունը հետևյալն է երեք օլիգարխները բացեիբաց հայտարարում են, որ վերանայելու են խաղաղության ճարտարապետությունը։ Այն ճարտարապետությունը, որի շնորհիվ երկու տարուց ավելի է մեր սահմաններին հակառակորդի կրակոցից որևէ զոհ չի եղել։ Այն ճարտարապետությունը, որի շնորհիվ Հայաստանի սահմանները ապաշրջափակվելու են, ունենալու ենք հանգստության և տնտեսական զարգացման շրջան»։
Ընդդիմություն-իշխանություն բոլոր բանավեճերը ներքաղաքական դաշտում այս տրամաբանության մեջ են։ Վեճերը երբեմն կառուցողական կարող են լինել, երբեմն խիստ լարված, և անգամ կարևոր չէ վայրը․ հարաբերությունները պարզվում են ամենուրեք։ Ամենատարածվածը խորհրդարանի շենքն է․
Արդարության համար հիշենք, որ անկախ Հայաստանի պատմության ամբողջ ընթացքում ընդդիմադիր խոսքը, գործունեությունը և պայքարը մշտապես զսպվել է՝ «թշնամին տեսնում՝ ուրախանում է կամ հետևություններ է անում» խոսույթով։
Հայաստանում իշխանության համար պայքարը դուրս է եկել երկրի սահմաններից և ծավալվում է անգամ եվրոպական կառույցներում։ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը այս անգամ փորձել է Բրյուսելում եվրոպացիների «աչքը բացել» հայաստանյան իրադարձությունների վրա՝ Հայաստանի խորհրդարանի և Եվրոպական խորհրդարանի համագործակցության ձևաչափի հերթական նիստի ժամանակ։
Հայկ Մամիջանյանը վստահեցրել է, որ այն պահին, երբ ինքը խոսում է Բրյուսելում, ընտրական խնդիրները ընդդիմադիրների համար Հայաստանում առկա են։ Նա խոսել է նաև Ադրբեջանի հետ խաղաղությունից, իշխանություն-եկեղեցի հարաբերություններից։
Եվրոպական հարթակում նա թիվ է նշել՝ 50 քաղբանտարկյալ և տարակուսել է, թե ինչու եվրոպական կառույցները դա չեն նկատում։
«Ընդունվեց հայտարարություն, վստահ եմ` առաջիկայում այն կհրապարակվի թարգմանված տեքստով։ Այն ներառում է նաև մի կետ, որտեղ Եվրոպական միությունը նշում է, որ հաշվի է առել, «noted» բառն է օգտագործված, որ Հայաստանում առկա են կարծիքներ, որ օգտագործվում է դատական համակարգը, առկա են որոշակի ժողովրդավարական խնդիրներ, կոչ է անում ժողովրդավարությունը, ֆունդամենտալ իրավունքները պահպանել և այլն, և այլն։ Երևի երբ Հայաստանում ազատության մեջ ընդդիմադիր չմնա, երբ բոլոր ընդդիմադիրները բերդերում լինեն, երբ Հայաստանում քաղբանտարկյալների թիվը լինի ոչ թե 50, այլ 500, այդ ժամանակ կարող է մենք հասնենք նրան, որ եվրոպական կառույցները հստակ նշեն, որ Հայաստանում առկա են նմանօրինակ խնդիրները»։
Եվրոպական հարթակներում աշխատանքին զուգահեռ հայաստանյան ընդդիմությունը աշխատում է նաև Մոսկվայում։ Ընդդիմադիր գործիչների մեկ այլ խումբ հստակություն է պահանջում ռուսական կողմից՝ Հարավային Կովկասում առաջիկա 5-10 տարվա ռազմավարության առնչությամբ։ Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Էդուարդ Շարմազանովն ուզում է իմանալ՝ ի՞նչ է ուզում Ռուսաստանը։
Եթե ուզում ենք խոսել ապագայի մասին, պետք է ճիշտ վերլուծենք ներկան, ռուս գործընկերներին հորդորել է Շարմազանովը։ Իր ներկայացրած ուժի տեսլականով Շարմազանովը վստահեցրել է, որ Հայաստանի համար Ռուսաստանը այլընտրանք չունեցող գործընկեր է՝ միաժամանակ տարակուսելով ռուս գործընկերների պահվածքից։ Պատկերավոր լինելու համար Շարմազանովն օրինակ է բերել, որ Վալենտինա Մատվիենկո-Ալեն Սիմոնյան հանդիպումներից տպավորություն է ստանում, որ իրենց իշխանության օրոք են այդ հանդիպումները տեղի ունենում։ Նա հորդորել է ռուսական կողմին չներկայացնել, որ հարաբերություններում խնդիրներ չկան։
Ընդդիմությունը, սակայն, ոչ միայն ներպետական, աշխարհաքաղաքական ր իշխանություն-ընդդիմություն խնդիրներից է խոսում, այլև, կարելի է ասել, «ալեկոծվում» է ներքին ալիքներից։ Ընտրապայքարը դեռ չսկսած, ընդդիմադիր դաշտը ակնհայտորեն պայքարում է այդ հատվածի առաջնորդ ուժի դիրքերը ստանձնելու համար և այդ պայքարը այժմ դրսևորվում է ներընդդիմադիր դաշտում միմյանց պիտակավորելու կամ «դիմակ պատռելու» տեսքով։
Այդպիսի բացահայտումներով՝ Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստան» կուսակցության թիմում որոնում են Սերժ Սարգսյանի փեսայի գաղափարներն առաջ տանողներին, Ռոբերտ Քոչարյանի թիմակիցները հորդորում են ուշադիր լինել Քոչարյանին քննադատելիս։ Ընդդիմադիր դաշտում այժմ զբաղված են «ականներ» որոնելով և բացահայտելով։
Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ «աքլորակռվի ժամանակը չէ» գրառումից հետո, ստիպված եղավ լրացնել և ավելի բաց ներկայացնել իր ասելիքը սոցցանցում։ Մեջբերում․
«Իրական հասցեատերերից ամենաագրեսիվները շունչ քաշելու փոխարեն իրենց ժամկետանց թույնի մի քանի պարկ փորձում են նետել Հանրապետականի ուղղությամբ։ Եթե հարցնեք, թե Նիկոլից հետո ով է ամենամեծ վնասը հասցրել Հայաստանի քաղաքական կյանքին, ապա ստաբիլ երկրորդ տեղում է երկրորդ նախագահի քարոզչական թիմը։ Դուք կարող եք վատ հարաբերություններ ունենալ մեկ այլ ճամբարի հետ, մյուսի և էն մյուսի հետ էլ։ Բայց երբ պարզվում է, որ կոնֆլիկտներ ունեք ընդդիմադիր դաշտի գրեթե բոլոր դերակատարների և ուժերի հետ, ապա ակնհայտ է, որ պրոբլեմը ձեր ներսում է։ Որ պրոբլեմը հենց դուք եք։ Եվ մինչև ինքներդ ձեզ ազնվորեն դա չխոստովանեք և չփորձեք լուծումներ գտնել, շարունակելու եք դեստրուկտիվ և տոքսիկ դերակատարում ունենալ Հայաստանի քաղաքական կյանքում՝ թունավորելով միջավայրը և ինքներդ ձեզ»։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին օգտագործել էր հետևյալ ձևակերպումը, որ ռուսաստանաբելառուսական երեք օլիգարխները գործուղվել են Հայաստան՝ ապահովելու Հայաստանի կախվածությունը կոնկրետ երկրներից։