Սահմանադրության նոր տեքստի շուրջ իրավաբանական աշխատանքն ավարտվել է, փաստաթուղթն այժմ վերջնական վերանայման փուլում է՝ լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով փաստաթղթի հրապարակման մասին հարցին։ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ավելի վաղ հայտնել էր, որ Սահմանադրության նոր տեքստը պատրաստ է. այն կքննարկվի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում և վարչությունում:
Վարչապետը կրկնել է ավելի վաղ հայտնած մոտեցումը Սահմանադրության ներածության մասին։ Համոզված է, որ դրանում Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի:
Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ, Վանաձորի հելսինկյան գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել էր, որ նոր սահմանադրության նախագծի ամբողջական տեքստին ծանոթ չէ։ Արդյո՞ք ավելի քան մեկ տարի մշակված փաստաթղթի վերջնական տարբերակը դեռ հասանելի չէ․ արձագանքելով հարցին՝ վարչապետը նշեց, որ Սահմանադրության հետ կապված իրավաբանական աշխատանքը, ըստ էության, ավարտված է։ Նկատեց, որ հանձնաժողովի նիստեր են տեղի ունեցել, որոնց ոչ բոլոր անդամներն են պարտաճանաչորեն մասնակցել։
«Մենք չենք կարող այդ մասշտաբային պրոցեսը թողնել ուղղակի սուբյեկտիվ ընկալումների: Դա լրջագույն ռազմավարական հարց է: Իհարկե, կառավարող ուժը, որն ունի ՀՀ քաղաքացիների մանդատը՝ կառավարելու ՀՀ-ն, պետք է այդ հարցերով զբաղվի լրջորեն, և ես էլ անձամբ զբաղվում եմ»։
Ավելի վաղ՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, նոր սահմանադրությանը վերաբերող հարցերին էր անդրադարձել արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։ Հարցին, թե ինչու չի հրապարակվում Սահմանադրության նոր տեքստը, մասնավորապես ներածությունը, Գալյանը պատասխանել էր, որ շտապելու պատճառ չկա, քանի որ Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը համակողմանի քննարկումներից հետո միայն կհրապարակի այն։
«Սահմանադրության տեքստը նախագծի տեսքով լինելու է հրապարակային․ հրապարակային է լինելու նաև ներածությունը, և հանրությունը կարողանալու է տեսնել, թե ինչ է այնտեղ գրված։ Հիմա վարչությունում և խմբակցությունում են քննարկումները շարունակվում։ Սահմանադրությունը պարզ օրինագիծ չէ, և մեկ քննարկումով, վստահաբար, չենք կարող ամփոփել մեր մտքերը»։
Նոր սահմանադրությունից Անկախության հռչակագրին արված հղումը հանելու մասին հարցին նախարարը չէր պատասխանել։
Փոխարենը հարցին ավելի վաղ Նիկոլ Փաշինյանն էր պատասխանել։ Նրա խոսքով՝ նոր սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում պետք է չլինի, որովհետև այն կառուցված է կոնֆլիկտի տրամաբանության վրա։
Լրագրողի հիշեցմանը, թե Ադրբեջանի սահմանադրության մեջ նույնպես կա դրույթ, որը կարելի է դիտարկել որպես տարածքային հավակնություն Հայաստանի նկատմամբ, և որ այս թեման մտահոգում է հատկապես Բաքվին, Փաշինյանն արձագանքեց նախկինում արված պնդմամբ՝ Անկախության հռչակագրի և Սահմանադրության հարցը մեր ներքին խնդիրն է։
«Դա անհրաժեշտ է մեզ և ոչ թե ուրիշներին, մեզ՝ աշխարհում ճիշտ դիրքավորելու համար»։
Այդ թեմայով վարչապետը մտադիր է առանձին անդրադարձ-վերլուծությամբ հանդես գալու։ Մինչև այդ էլ կրկին ընդգծեց իր առանցքային մոտեցում-համոզմունքը՝ դա ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի, հետևաբար կախվածության հռչակագիր է։
«Պատկերացրեք, դուք տեղափոխվել եք նոր բնակարան և ապրում եք մի ընդհանուր հարթակում և սպառնում եք և՛ կողքի, և՛ դիմացի, և՛ ետևի, և՛ մյուս կողքի հարևաններին՝ այդպիսով հռչակելով նաև անկախություն։ Դա ի՞նչ է նշանակում։ Ինչպե՞ս եք այդ սպառնալիքների պայմաններում ապրելու այդ միջավայրում. միայն ու միայն արտաքին օգնությամբ, այսինքն՝ միայն ու միայն արտաքին օգնություն ակնկալելով։ Իսկ արտաքին օգնություն ակնկալելը ձեզ դնելու է շարունակաբար մեծացող-մեծացող, ահագնացող-ահագնացող կախվածության մեջ նրանից կամ նրանցից, ումից այդ օգնությունն ակնկալում եք։ Եվ հետևաբար՝ անկախության հռչակագիրը կոնֆլիկտի և կախվածության հռչակագիր է և ես առաջիկայում, գուցե նաև տեքստի վերլուծությամբ, ցույց կտամ այդ ամեն ինչը»։
Այս խոսակցությունը մեզ է պետք՝ հավելեց վարչապետը, շեշտելով, որ դա ներքին օրակարգի հարց է և արտաքին որևէ ուժի հետ չի քննարկվել։
«Ես՝ որպես ՀՀ վարչապետ, որպես կառավարության և երկրի ղեկավար հարկ եմ համարում այս ամենի մասին կիսվել մեր ժողովրդի հետ և ոչ միայն կիսվել, այլև լուծումներ առաջարկել և այդ ամենը հենց այդ համատեքստում է»։