Ընտրական օրենսգրքի՝ 2021–ին կատարված փոփոխություններն ամբողջությամբ ուժի մեջ մտան 2026–ի փետրվարի 7–ից, այսինքն՝ համապետական ընտրություններ նշանակելու մասին ԿԸՀ որոշման հաջորդ օրվանից։ Այսպիսով, փոփոխված օրենսգիրքը առաջին անգամ կիրառվելու է առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախընտրական և ընտրական շրջանում։ Այս փոփոխությունները ազդել են ընտրական թվաբանության վրա։ Առանց հիմնավորումները իմանալու այդ փոփոխություններն առաջին հայացքից հարցեր են առաջացնում։
Ո՞րն է ՀՀ ամենամեծ ընտրազանգված ունեցող տարածքը, ինչո՞ւ է կրճատվել ընտրողների թիվը, և ո՞ր կուսակցությունները կստանան բաղձալի «բոնուսային» տոկոսները։
Ամենամեծ ընտրազանգվածը, ինչպես և ենթադրվում էր, կենտրոնացած է Երևանում։ Մայրաքաղաքում է բնակվում ընդհանուր ընտրողների մոտ 34 %-ը: Ինչ վերաբերում է մարզերին, Կոտայքը մնում է ամենաշատ ընտրող ունեցող մարզը, իսկ Վայոց ձորը պահպանում է ամենաքիչ ընտրող ունեցողի կարգավիճակը: Թեև մարզերի ընտրողների քանակը դեռ ճշգրտվում է, ԿԸՀ-ն հաստատել է այս, եթե կարելի ասել, «տիտղոսները»։
Ընտրացուցակները հրապարակվում են մի քանի փուլով՝ ճշգրտումների հնարավորության համար։ Առաջին նախնական հրապարակումը քվեարկության օրվանից 40 օր առաջ է լինելու, այսինքն՝ ապրիլի 28–ին: Ցուցակները պետք է փակցվեն ընտրական տեղամասերում և հասանելի լինեն ԿԸՀ պաշտոնական կայքում: Վերջնական ցուցակների հրապարակումը քվեարկության օրվանից 2 օր առաջ է լինելու՝ հունիսի 5-ին: Հենց սրանցով էլ անցկացվելու է քվեարկությունը:
Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալների՝ 2026 թվականին ընտրողների թիվը 2021 թվականի համեմատ նվազել է մոտ 100 հազարով։ Եվ դա այն դեպքում, երբ աճել է ներգաղթը, և Ղարաբաղից տեղահանված մոտ 30 հազար անձ ՀՀ քաղաքացիություն է ստացել։ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանն ասում է, որ հաշվարկի մեթոդաբանությունն է փոխվել․
«Եթե 2021-ին հաշվառվածների թվում եղել են բոլոր 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները` անկախ իրենց փաստաթղթի վավերականության ժամկետից, ապա ավելի ուշ կատարված փոփոխությունների արդյունքում այս տարի մեր հաշվարկում ներառված են միայն նրանք, ում անձնագիրը վավեր է եղել նշանակված քվեարկության օրվան նախորդող վեց ամիսների ընթացքում»։
Ըստ ԿԸՀ պարզաբանման՝ ցուցակներից դուրս են մնացել այն անձինք, որոնք 10 տարի և ավելի կապ չեն ունեցել Հայաստանի հետ՝ չեն թարմացրել անձնագրերը կամ չեն կատարել որևէ վարչական գործողություն։
Նելլի Դավթյանը նշում է, որ, ի տարբերություն ՏԻՄ ընտրությունների, խորհրդարանական ընտրություններում չի գործելու նաև հաշվառված, բայց քաղաքացիություն չունեցող անձանց քվեարկության կարգը։

«Եթե անձը նույնիսկ ունի հաշվառում ՀՀ-ում, ունի 070 կոդով անձնագիր և ունի ժամանակավոր վկայական, նշանակում է, որ անձը փախստական է։ Այսինքն՝ ՀՀ քաղաքացի չէ։ Հետևաբար չի կարողանալու ընտրել»։
Ընտրական թվաբանությունից հատկապես մի թիվ անակնկալի է բերել հենց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանին։ Դա Հայաստանում գրանցված կուսակցությունների քանակն է։
«Երբ մեզ անհրաժեշտ եղավ Հայաստանում գրանցված կուսակցությունների կոնտակտային տվյալներ, էլեկտրոնային փոստ, որպեսզի հնարավորություն ունենանք իրենց նամակներ հղելու, մեզ 126 կուսակցության տվյալ է տրամադրվել։ Բայց, եթե ես չեմ սխալվում, պետք է որ գրանցված կուսակցությունները նույնիսկ ավելի շատ լինեն։ Այսինքն` այս 126–ը ենթադրում ենք, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը իրենց հետ հնարավորություն ունեցել է կապվելու։ Իմ ընկալմամբ, 2,5 մլն ընտրող ունեցող Հայաստանի պարագայում այս թիվը, կարծում եմ, բավականին մեծ է, և եթե օրենսդրությունը նպաստի, որպեսզի մեզանում ձևավորվեն խոշոր քաղաքական ուժեր, սա շատ կարևոր արդյունք կունենա։ Նաև կնպաստի ընտրությունների որակի շարունակական բարձրացմանը»։
Նոր օրենսդրությունը նաև նոր հնարավորություններ կտա քաղաքական միավորներին՝ ընտրություններից հետո կոալիցիաներ կազմելու։ ԿԸՀ նախագահը մանրամասնում է․
«Նախկինում` մինչև այս փոփոխությունները, նախ՝ օրենքը արգելում էր 3-ից ավել քաղաքական ուժերից բաղկացած կոալիցիաների ձևավորում։ Այս արգելքը հանվել է, և արդեն նոր կարգավորումներով առաջին իննօրյա ժամկետում կոալիցիա կազմելու իրավունքը տրվում է առավել ձայն ստացած քաղաքական ուժին։
Եթե չի կարողանում կոալիցիա կազմել, դրանից հետո արդեն ժամանակ է տրվում մնացած քաղաքական ուժերին։ Սա միջազգային տերմինաբանությամբ ընդունված է ասել՝ «փոքրամասնության կառավարություն» կամ «փոքրամասնության կոալիցիայի» ձևավորում։ Դրա վառ օրինակ էր Գյումրին, երբ շեմը հաղթահարած քաղաքական ուժերը միավորվեցին և ձևավորեցին կոալիցիա և արդյունքում առավել ձայն ստացած քաղաքական ուժը այդ կոալիցիայից դուրս մնաց։ Այսինքն` կառավարումը ստանձնեց «փոքրամասնության կոալիցիան»։
ԸՕ փոփոխությունները ազդել են նաև բազմիցս քննադատված «բոնուսային» համակարգի վրա։ Բայց այն չի հանվել, փոխվել են կարգավորումները։ Քանի որ շատերի համար դեռ պարզ չէ, թե ինչպես են բաշխվելու լրացուցիչ մանդատները, ԿԸՀ նախագահը պարզաբանում է․
«Եթե որևէ քաղաքական ուժ չունենա մանդատների մեծամասնություն, լրացուցիչ մանդատների մասին այս դեպքում խոսք գնալ չի կարող։ Բայց եթե որևէ քաղաքական ուժ կունենա մանդատների մեծամասնություն, բայց դա պակաս կլինի 52%-ից, Ը-ն սահմանում է, որ տվյալ քաղաքական ուժին պետք է տրվի լրացուցիչ մանդատներ այդ 52%-ը լրացնելու չափով։ Իմաստը հետևյալն է․ քանի որ խորհրդարանում մենք չորս ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ ենք միշտ ունենում, դա նշանակում է, որ քաղաքական տվյալ մեծամասնությունը ուղղակի կախվածության մեջ է գտնվում ազգային փոքրամասնության պատգամավորներից։ Իմաստը եղել է այն, որ ազգային փոքրամասնություններին զերծ պահենք Հայաստանի ներքաղաքական բանավեճերի այդ կիզակետում հայտնվելուց։ Ենթադրվել է, որ ազգային փոքրամասնությունները, այդպիսով, ներքաղաքական կյանքում շատ խոցելի վիճակում կարող են հայտնվել, և այս ինստիտուտը ներդրվել է, որպեսզի ուղղակի այդ կախվածությունը վերանա»։
ԸՕ փոփոխությունները կանդրադառնան նաև դիտորդական առաքելությունների աշխատանքի վրա։ Օրինակ՝ խստացումներ են մտցվում քողարկված քարոզչության դեմ։ Այդ իսկ պատճառով անգամ ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելությունների թիվը կարող է փոխվել, եթե ԿԸՀ-ն անվավեր ճանաչի արտոնագիրը։
Ըստ ժամանակացույցի՝ միջազգային և տեղական դիտորդական կազմակերպությունները պետք է գրանցվեն մինչև մայիսի 28-ը: Թեև դրանց հստակ թիվը հայտնի կդառնա միայն մայիսի վերջին, նախորդ ընտրությունների փորձը հուշում է, որ կարելի է ակնկալել մինչև 800 դիտորդով 10 միջազգային կազմակերպության մասնակցություն։
Որպես տեղական առաքելություն սովորաբար գրանցվում են 20-ից ավելի հասարակական կազմակերպություններ, որոնք կարող են ունենալ հազարավոր դիտորդներ։