Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ կայանալիք պատասխան հանդիպման մասին։
«Ես ցանկանում եմ տեսնել նույնպիսի «Ռեալ», ինչպիսին առաջին խաղում էր։ Մեր նպատակն է դուրս գալ խաղադաշտ և գործել նույն համեստությամբ ու նվիրվածությամբ։ Հարկավոր է նույնիսկ ավելին անել, քանի որ բարդ է լինելու։ Եթե ցանկանում ենք անցնել հաջորդ փուլ, պետք է հանդես գանք նույն բարձր մակարդակով կամ նույնիսկ ավելի լավ. մենք քաջ գիտակցում ենք հանդիպման բարդությունն ու մրցակցի ուժը»,- նշել է մարզիչը։
Խոսելով մադրիդյան ակումբում իր ապագայի մասին՝ մասնագետն ասել է, որ դա իրեն այս պահին ամենաքիչն է անհանգստացնում.
«Ապագաս վերջին բանն է, ինչի մասին հիմա մտածում եմ»,- մասնագետի խոսքերն է մեջբերում իսպանական AS պարբերականը։
Հիշեցնենք, որ Մադրիդում կայացած առաջին խաղում «Ռեալը» վստահ հաղթանակ էր տարել 3-0 հաշվով։