Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարվել է ռազմանավեր ուղարկել Հորմուզի նեղուցում նավարկությունը վերականգնելու համար, չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խնդրանքին: Այս մասին հաղորդում է The Daily Telegraph-ը։
Թերթի տվյալներով՝ Սթարմերի կողմից Թրամփի խնդրանքի մերժումը կարող է էլ ավելի վատթարացնել երկու առաջնորդների միջև հարաբերությունները:
Թրամփն արդեն իսկ դժգոհություն է հայտնել Լոնդոնի կողմից Իրանի դեմ առաջին հարվածի համար իր ռազմաբազաները օգտագործելու մերժման կապակցությամբ: Մարտի 15-ին The Sunday Times-ը, հղում անելով աղբյուրին, հաղորդեց, որ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը ուսումնասիրում է Հորմուզի նեղուցում անօդաչու թռչող սարքեր տեղակայելու հնարավորությունը:
Մեծ Բրիտանիայի էներգետիկ անվտանգության և ածխածնային չեզոքության նախարար Էդ Միլիբանդը Sky News-ին տված հարցազրույցում հաստատել է, որ այս տարբերակը քննարկվում է:
Թրամփը նախկինում հայտարարել էր, որ Հորմուզի նեղուցով նավթ ներմուծող երկրները պետք է նպաստեն նավագնացության անվտանգության ապահովմանը՝ այնտեղ ռազմանավեր տեղակայելով։ Նա Միացյալ Թագավորությունը, Չինաստանը, Կորեայի Հանրապետությունը, Ֆրանսիան և Ճապոնիան անվանել է այն երկրների շարքում, որոնք կարող են շահել նման քայլից։