Արվեստագետի ներաշխարհը ծնվում է այն պահին, երբ նրա հոգին սկսում է լսել աշխարհի ամենանուրբ շշուկները․ երբ մարդը տեսնում է ոչ միայն առարկաները, այլև դրանց ներսում թաքնված շարժումը, լույսի ու ստվերի մեղմ բախումը, բնության հանդարտ շունչը։ Այդ պահից արվեստը դառնում է ոչ միայն արտահայտվելու միջոց, այլև կյանքի ձև՝ ճանապարհ, որի վրա յուրաքանչյուր քայլը նոր բացահայտում է։ Երբ այդ զգացողությունները հավաքվում են մարդու մեջ և տեղափոխվում կտավի վրա, գույնը դառնում է լեզու, իսկ գիծը՝ մտքի շարունակություն։ Այդտեղ էլ ծնվում է արվեստը՝ որպես հոգու խոսք։ 

Երբ արվեստը գալիս է մարդու ներքին աշխարհից և սնվում է հայրենի հողի հիշողություններից, այն այլևս պարզապես ստեղծագործություն չէ․ այն դառնում է կյանքի պատմություն։ «Իմ մեջ արվեստի հանդեպ հետաքրքրությունը շատ վաղ է ծնվել»,– հիշում է նկարիչ Ներսես Մելիքյանը։ «Մանկապարտեզից դեռ սիրում էի պլաստիլինով տարբեր բաներ պատրաստել։ Մեր դաստիարակչուհին հաճախ ասում էր ծնողներիս, որ պետք է ուշադրություն դարձնեն ինձ վրա, որովհետև երևում է՝ արվեստի նկատմամբ հետաքրքրություն ունեմ»։
Այդ առաջին փոքրիկ քայլերը հետագայում վերածվեցին կյանքի ուղու։ Տարիներ անց նա սկսեց հաճախել Էջմիածնի Եղիշե Թաթևոսյանի անվան նկարչական դպրոցը և դարձավ դպրոցի առաջին շրջանավարտներից մեկը։ «Նկարչությունը ինձ համար հեքիաթային աշխարհ էր»,– ասում է նա։ «Երբ մտնում ես այդ աշխարհ, քեզ գրավում են գույները, մտածելակերպը, միջավայրը։ Ամեն ինչ կարծես քեզ տանում է մի ուրիշ իրականություն»։
Այդ հեքիաթը շարունակվեց նաև ուսանողական տարիներին, երբ նա ընդունվեց Գեղարվեստաթատերական ինստիտուտի դիզայնի բաժինը։ Այստեղ արդեն արվեստը դարձավ գիտակցված ճանապարհ։ «Եթե այբուբենը սովորում ես, պետք է շարունակես ստեղծագործել»,– ասում է նկարիչը։ «Չես կարող կանգ առնել, որովհետև այդ դեպքում արվեստը քեզանից հեռանում է»։

Ներսես Մելիքյանի ստեղծագործական ճանապարհը տարիների ընթացքում փոխվել է։ Սկզբում նրան մոտ էր պլակատային արվեստը, հետո՝ գեղանկարչությունն ու գրաֆիկան։ Ժամանակի ընթացքում նրա նկարներում հայտնվեցին նոր մոտեցումներ, նոր մտածողություն։ «Սկզբում ավելի ռեալիստական էի աշխատում»,– հիշում է նա։ «Բայց հետո, երբ աշխարհը բացվեց, սկսեցի ուսումնասիրել տարբեր արվեստներ, և իմ նկարչությունն էլ սկսեց փոխվել։ Երբեմն գնում էի վերացականի կողմը, երբեմն՝ ֆիգուրատիվի։ Արվեստը նման է գետի հոսքի․ պետք է կարողանաս գնալ այդ հոսքի հետ»։
Նկարչի համար ստեղծագործելը միայն ոգեշնչում չէ, այլ նաև պայքար։ «Երբ տեսնում եմ սպիտակ կտավը մոլբերտի վրա, զգում եմ, որ պետք է հաղթահարեմ այն»,– ասում է նա։ «Դա մի տեսակ պայքար է գույների, ներգերի, վրձնի հետ։ Երբեմն լավ է ստացվում, երբեմն՝ ոչ այնքան, բայց այդ գործընթացն ինքնին մեծ հաճույք է»։
Նրա ստեղծագործություններում վառ, աղմկոտ գույներ գրեթե չկան։ Մելիքյանի կոլորիտը մեղմ է, հանգիստ։ Նրա կարծիքով արվեստը պետք է նաև բուժող ուժ ունենա։ «Կարծում եմ՝ նկարները պետք է խաղաղություն բերեն մարդու տուն»,– ասում է նա։ «Այսօրվա լարված կյանքի մեջ մարդիկ շատ են տեսնում ակտիվ, կտրուկ գույներ։ Ես ուզում եմ, որ իմ աշխատանքները ավելի հանգստացնող լինեն»։

«ԶԱրտ» մշակութային նախագիծը առանձնահատուկ առաքելություն ունի՝ կամուրջ կառուցել արվեստի և հասարակության միջև։ Նախագիծը նպատակ ունի ներկայացնել հայ արվեստագետներին և նրանց ստեղծագործությունները ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում և արտերկրում՝ նպաստելով արվեստի հանրայնացմանը և արվեստագետների ճանաչմանը։ Տեսաֆիլմերի այս շարքի միջոցով հասարակությունն ավելի է մոտենում արվեստին, իսկ արվեստագետներն էլ՝ հասարակությանը՝ ստեղծելով մշակութային փոխըմբռնման գեղեցիկ տարածք։
Նկարչի արվեստանոցը նրա համար պարզապես աշխատավայր չէ․ այն տարածք է, որտեղ ամեն նյութ կարող է դառնալ ստեղծագործության մաս։ Նա օգտագործում է ոչ միայն ներկ և կտավ, այլև տարբեր նյութեր՝ թուղթ, կարտոն, մետաղ, նույնիսկ ապակու կտորներ։ «Իմ արվեստանոցում թափոնային բան գրեթե չկա»,– ժպտում է նա։ «Ամեն ինչ կարող է նյութ դառնալ արվեստի համար»։
Մի անգամ Օհանավանքում կազմակերպված միջոցառման ժամանակ նա հավաքել էր կոտրված ապակիներ և դրանցով ստեղծել խորհրդանշական ծառի պատկեր։ «Մարդիկ զարմանում էին, թե ինչ եմ անում»,– հիշում է նա։ «Բայց արվեստը հենց այդպես է ծնվում․ երբ սովորական նյութից կարողանում ես ստեղծել մի նոր պատկեր»։
Ներսես Մելիքյանի համար արվեստը նաև ներքին խաղաղություն է։ Նա հաճախ ստեղծագործում է ուշ ժամերին, երբ շուրջը լռություն է։ Այդ ժամանակ նա ավելի հեշտ է կենտրոնանում, ավելի ազատ է զգում իր մտքերը։ «Երբ նկարում եմ, զգում եմ, որ հոգեպես հանգստանում եմ»,– ասում է նա։ «Ստեղծագործությունը ինձ համար ամենաբնական վիճակն է»։
Մանրամասները՝ տեսանյութում։
«ԶԱրտ» մշակութային նախագծի մտահղացման հեղինակն ու ղեկավարը Կարեն Զադոյանն է, «Արարման առեղծվածը» տեսաֆիլմերի շարքի հեղինակն ու ռեժիսորը՝ Վազգեն Ղուկասյանը։