Հաջորդ շաբաթ ԱԺ մշտական հանձնաժողովներում ճյուղ առ ճյուղ քննարկվելու է ՀՀ կառավարության 2025 թվականի ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը։ Նախարարները ներկայացնելու են մեկ տարվա ոլորտային ձեռքբերումները և բացթողումները։ Ընդդիմությունն արդեն շտապում է ենթադրել, որ հաշվետվությունը կառուցվելու է նախընտրական տրամաբանությամբ, քանի որ ընտրություններից երեք ամիս առաջ, ըստ էության, բոլոր քաղաքական ուժերն արդեն այդ տրամադրությունն ունեն։ Հանրությանն ամենահետաքրքրող ոլորտներից մեկը պաշտպանականն է, որը նաև ընդդիմությունն է «խոշորացույցի» տակ պահում։
Ադրբեջանի խորհրդարանում ևս ներկայում հաշվետու շրջան է։ Այդ երկրի վարչապետը նախօրեին խոսել է զինված ուժերի և ռազմական արտադրանքի արտահանման մասին։ «Ռադիոլուր»-ը դիտարկել է երկու երկրների պաշտպանության և ռազմարդյունաբերության ծրագրերը։
Հաստատված խաղաղությունն է ՀՀ կառավարության «2025 թվականի ծրագրերի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցի հիմնական առանցքը, ինչը զուգորդվում է պաշտպանական ոլորտի զարգացմամբ և ռազմարդյունաբերական ծախսերով։
Նախորդ տարի երկրի պաշտպանական ծախսերը կազմել են 664 մլրդ դրամ կամ 1 միլիարդ 741 միլիոն 604 հազար դոլար: 2024-ի համեմատ՝ ծախսերն աճել են շուրջ 1.1 մլրդ դոլարով՝ պայմանավորված նաև սպառազինության ձեռքբերման համար կատարված կանխավճարներով: Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն իր ամփոփիչ ասուլիսին 2025–ը գերարդյունավետ է համարել իր ղեկավարած ոլորտի համար։
«Շատ կարևոր եմ համարում 2025 թվականի գործունեությունը համեմատել սկզբնական, զրոյական, նախահեղափոխական տարվա հետ այն առումով, որ շատ են քննադատությունները այն մասին, որ պաշտպանության ոլորտին տրամադրվում են քիչ ծախսեր, պակաս ծախսեր։ 2018 թ.–ին պաշտպանության ծախսերը կազմել են 245 միլիարդ, և այս թվերը խոսուն են, մեղմ ասած։ Ես ուզում եմ, որ սրա վրա ակցենտ դնելով շարունակենք 2025 թ.–ը համարել գերարդյունավետ տարի։ Պաշտպանական ոլորտը ծախսերի առումով, իմ կարծիքով, 25 թվականին մեծապես շահել է»։
2025–ի կատարողականի հատկապես պաշտպանական հատվածը կառավարությունը հպարտությամբ է ներկայացնում, իսկ ընդդիմությունը սա նախընտրական քայլ է համարում, քանի որ 2026-ի պաշտպանական բյուջեն արդեն նույն տրամաբանության մեջ չէ՝ ասում են։ Գործադիրը 2026 թ. բյուջեում պաշտպանական ծախսերի որոշակի նվազումը բացատրում է 2025-ի թռիչքային ծախսերից հետո բնականոն զարգացման տեմպին վերադառնալով: Ընդդիմությունը սա այլ կերպ է մեկնաբանում։ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյան․
«Եթե մնացած հանձնաժողովներում ճակատ ճակատի կարելի է քննադատել, կռվել, վիճել, ամենավերջին բառերն ասել, զինված ուժերի դեպքում մենք գործ ունենք մի կառույցի հետ, որը բոլորինս է, և բոլորիս հոգատարությունը պարտադիր է։ Բայց երբ այդ հոգատարությունը փորձում են շահարկել, փորձում են չարաշահել մեր քիչ խոսացածը, փորձում են մեր դեմ որպես քարոզչական զենք օգտագործել, ատամներդ կրճտացնում ես, բայց էլի ասում ես՝ լավ, որ վնաս չտաս մեր երկրի անվտանգությանը, մեր երկրի զինված ուժերին։ Այդ ինչի՞ միանգամից վերցրիք ու սկսեցիք տարփողել, որ բանակին, Զինված ուժերի բյուջեն այսքան միլիարդ դրամով կրճատվում է, որովհետև դա արտաքին քաղաքական ուղերձ է` ուղղված Բաքվին, ուղղված Թուրքիային»։
Կոնկրետ Ադրբեջանի համեմատ՝ Հայաստանի պաշտպանական ծախսերը զիջում են մոտ երեք անգամ։ Թե 2025-ին և թե 2026-ին Ադրբեջանի ռազմական բյուջեն գրանցել է ռեկորդային բարձր մակարդակ՝ գերազանցելով 5 միլիարդ դոլարը: Այդ երկրի պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերը 2025 թվականին աճել են 23%-ով։ Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը նախօրեին նաև շեշտել է, որ Բաքուն սպառազինություն ոչ միայն ձեռք է բերում, այլև արտադրում և իր ռազմական արտադրանքն արտահանում գրեթե 20 երկիր։
Այս շուկայում Հայաստանը ևս փորձում է իր դիրքը զբաղեցնել։ Կոնկրետ թիվ պաշտոնապես չի հնչեցվում, բայց նշվում է, որ տեղական մի քանի ընկերություններ արդեն ստացել են արտահանման լիցենզիա և դուրս եկել միջազգային շուկա։ Դա ոլորտի համար նոր իրողություն է համարում Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
«25 թվականի ընթացքում X քանակի ընկերություններ ռազմական արտադրանք արտահանելու լիցենզիա են ստացել պետության կողմից։ Առաջնահերթություն է մեր ռազմարդյունաբերական ընկերությունների կողմից միջազգային գործակցության հաստատումը, և սա գաղտնիք չէ։ 25–ին Ռազմարդյունաբերության կոմիտեն գործարկել է CAMP հարթակը` Cooperation Armenia military technology-ն, և կազմակերպել է CAMP France և CAMP India գործարար համաժողովները։ Դրանց շրջանակում տասնյակ առաջատար ռազմարդյունաբերական ընկերություններ Ֆրանսիայից և Հնդկաստանից ժամանել են Հայաստան` տեղում ծանոթանալու հայաստանյան ռազմարդյունաբերական ընկերությունների հետ, գործարար կապերի, փորձարկելու հայաստանյան մշակումները։ Դրանց արդյունքում հասունանում են միջազգային նոր համագործակցություններ»։
Ռազմարդյունաբերության ոլորտում գիտահետազոտական աշխատանքների և փորձարարական մշակումների ֆինանսավորումն աճել է 50%–ով՝ վստահեցնում է նախարարը։ Օրենսդրական բազա է ստեղծվել՝ ապահովելու ռազմարդյունաբերական ընկերություններին անհրաժեշտ գործիքներով։
«Կատարվել է կարևորագույն փոփոխություն, որն օրենսդրական հիմք է տալիս ռազմաարդյունաբերական ընկերություններին նոր հետազոտություններ և մշակումներ անելու նպատակով տրամադրել Պաշտպանության նախարարությանը պատկանող գույքը։ Սա կարևոր բարեփոխում է, որը թույլ է տալիս պետությանը է՛լ ավելի մեծ գործիքակազմով օգնել տեղական ռազմաարդյունաբերական ընկերություններին։ Այժմ մենք ամեն տարի տեսնում ենք տասնյակ նոր արտադրանքների ստեղծում նոր ընկերությունների կողմից, պետական փորձարկումների սահուն իրականացումը, փորձարկումների ժամանակ մեր գործընկեր կառույցի` ՊՆ կողմից անհրաժեշտ գույքի տրամադրումը, իսկ գործընթացների վերահսկողությունը կրիտիկական կարևորություն ունի ոլորտի ընդհանուր զարգացման համար։ Մյուս քայլով մշակվել է պետական փորձարկումներ իրականացնելու համար անհրաժեշտ փորձանմուշներ ստեղծելու ֆինանսավորման կարգը։ Սա նոր գործիքակազմ է` ֆինանսապես օգնելու մեր ընկերություններին՝ անցնելու պետական փորձարկումների բարդ և թանկարժեք գործընթացով»։
Սկսվող շաբաթ խորհրդարանում զեկուցվելիք 2025–ի կատարողականի համաձայն՝ նախորդ տարի պաշտպանության նախարարությունը ներդրել է մի շարք նոր ծրագրեր։
Իսկ ավելի վաղ՝ հունվարի 28-ին, վարչապետը խոսել էր «Ռազմավարական պատշաճ հարաբերությունների» հայեցակարգի մասին՝ ձևակերպելով, որ երկրի անվտանգային, այսպես ասենք, «հիերարխիան» փոփոխվում է։ Պաշտպանության նախարարությունում հանդիպման ժամանակ Փաշինյանը բացատրել էր իր մոտեցումը, ըստ որի՝ երկրի անվտանգության ապահովման առաջին գիծը պետք է լինի արտաքին քաղաքականությունը, երկրորդ գիծը՝ դիվանագիտությունը, իսկ բանակը պետք է լինի երրորդ գիծը։ Ըստ վարչապետի՝ սա նշանակում է, որ արտաքին քաղաքականությունն ու դիվանագիտությունը պետք է լինեն այնքան արդյունավետ, որ բանակի գործելու կարիք պարզապես չառաջանա։