
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Շվեյցարիա աշխատանքային այցի շրջանակներում մարտի 12-ին տեղի է ունեցել Բեռնում Հայաստանի ռեզիդենտ դեսպանության պաշտոնական բացման արարողությունը, որին մասնակցել է Շվեյցարիայի Համադաշնության արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսը:
Բեռնի սրտում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված պատմական հատվածում գտնվող դեսպանության առջև բարձրացվել է Հայաստանի Հանրապետության դրոշը, հնչել են երկու երկրների ազգային օրհներգերը, և ժապավենի կտրելու հանդիսավոր արարողությունից հետո պաշտոնապես ազդարարվել է դեսպանության բացումը:
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսը հանդես են եկել ողջույնի և շնորհավորական խոսքով։
Նախարար Միրզոյանն ընդգծել է. «Մինչ Ժնևում մեր ավանդական ներկայության շնորհիվ մենք արդեն ձևավորվել ենք ամուր քաղաքական երկխոսություն, երկկողմ դեսպանության տեղափոխումը Շվեյցարիայի մայրաքաղաք կարևոր քայլ է մեր երկկողմ հարաբերությունների զարգացման գործում և խորհրդանշում է մեր համատեղ հանձնառությունը՝ շարունակաբար ամրապնդելու բարեկամությունն ու համագործակցությունը մեր երկու երկրների միջև»:
Շվեյցարիայի ԱԳ նախարար Կասիսն ընդգծել է. «Դաշնային մայրաքաղաքում ներկայությունը հնարավորություն կտա առավել սերտ համագործակցություն զարգացնել մեր հաստատությունների միջև և էլ ավելի ամրապնդել հարաբերությունները մեր երկու երկրների միջև:
Բազմաթիվ ավանդույթներում նոր տունն ընդունված է դիմավորել աղ ու հացով. հացը խորհրդանշում է կայունությունն ու շարունակականությունը, իսկ աղը՝ համն ու ավանդաբար նաև պաշտպանությունը։
Այս ոգով սիրով հրավիրում եմ ձեզ բոլորիդ՝ մեզ հետ կիսելու «աղն ու հացը»։
Հայաստանի և Շվեյցարիայի ԱԳ նախարարները և միջոցառման հյուրերը կիսել են դեսպանությունում մատուցված «աղն ու հացը»: