2026 թվականի մարտի 12-ին Բարձրագույն դատական խորհուրդը հապարակեց Դավիթ Հարությունյանի վերաբերյալ Խորհրդի որոշումը։ Iravaban.net-ի փոխանցմամբ նիստին ներկա էր արդարության նախարարի ներկայացուցիչը։
Բարձրագույն դատական խորհուրդը քննության առնելով Դավիթ Հարությունյանի վերաբերյալ գործող արդարության նախարարի պարտականությունները կատարող Լևոն Բալյանի կողմից ներկայացված միջնորդությունը որոշեց վերանայման արդյունքում կայացնել նոր որոշում, Արդարության նախարարի պարտականությունները կատարող Լևոն Բալյանի՝ Երևան քաղաքի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ 2023 թվականի մայիսի 24-ի թիվ 42 Ա որոշմամբ ներկայացված միջնորդությունը բավարարել: Երևան քաղաքի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատ Դավիթ Հարությունյանի լիազորությունները էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնել, որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է։
Հիշեցնենք, որ 2023 թվականի հուլիսի 3-ին ԲԴԽ-ն ընդունել էր թիվ ԲԴԽ-57-Ո-Կ-16 որոշումը, որով դադարեցվել էին դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները: Դատավորի լիազորությունները դադարեցվել էին Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Լևոն Բալյանի 2023 թվականի մայիսի 24-ի թիվ 42-Ա միջնորդության հիման վրա:
Հուլիսի 3-ին ընդհանուր ժողովի օրակարգում ԲԴԽ դատավոր-անդամի ընտրության հարցն էր։ Դրա նախօրեին ԲԴԽ-ի՝ այսօր արդեն նախկին նախագահ Կարեն Անդրեասյանը՝ մամուլի քարտուղարի անունից հաղորդագրություն էր տարածել, որով, ըստ էության, փորձել էր ուղղորդել դատավորներին ընտրությունից առաջ։ Դատավորն անթույլատրելի էր համարել ԲԴԽ-ի հայտարարությունը՝ նշելով, որ որևէ մեկն իրավունք չունի նման արտահայտություն թույլ տալ՝ որևէ թեկնածուի հասցեին, նման հայտարարության հեղինակը բարեվարքության խնդիր ունի։ Անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք կա ուղղորդում իշխանությունների կողմից, Հարությունյանը նշել էր. «Անկախ նրանից՝ ուղղորդումն ում կողմից է, եթե կանգնում ասում են՝ բացարձակ կոնսենսուս կա, այդպես չի կարող լինել։ Եթե բացարձակ կոնսենսուս է, ուրմեն ինչ-որ մեկի կողմից ուղղորդվում է»։ Նա նաև նշել էր, որ 20-ից ավելի դատավորի լիազորություն տարբեր եղանակով անօրինական կերպով դադարեցվել են։ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը ԲԴԽ-ում քննվել է մի շարք առերևույթ խախտումներով։ ԲԴԽ-ն նախ կամայականորեն որոշել էր դռնփակ ռեժիմով քննել միջնորդությունը, ապա՝ սանկցիա կիրառել և նիստերի դահլիճից հեռացրել դատավորին, ինչից հետո խոչընդոտել է նաև նրա փաստաբանների մասնակցությունը։ Ավելին, անգամ ձայնագրություն է տարածվել, թե ինչպես է ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը հորդորում կարգադրիչներին փակել դուռը, արագ ավարտում է գործի քննությունը, մինչդեռ, նույն պահին Դավիթ Հարությունյանի փաստաբանները գտնվել են ԲԴԽ շենքում և ցանկանում էին մասնակցել նիստին։ Դատավոր Դավիթ Հարությունյանը խախտված իրավունքները վերականգնելու համար դիմել է ՄԻԵԴ, որտեղ նրա գանգատին առաջնահերթության կարգ էր տրվել: