Հայաստանի մասնակցությունը «ատոմային ակումբին»․ ՀՀ վարչապետի ուղերձները Փարիզից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Փարիզում Միջուկային էներգիայի երկրորդ գագաթնաժողովին որպես ատոմային էներգիա արտադրող պետության ղեկավար։ Նա միջազգային հանրությանը ներկայացրել է Հայաստանի ռազմավարությունը միջուկային էներգիան խաղաղ նպատակներով օգտագործելու հարցում։ Գագաթնաժողովը կազմակերպել են Ֆրանսիայի կառավարությունը և Միջուկային էներգիայի միջազգային գործակալությունը: 

Մոտ 40 երկրների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին դիմավորել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր քարտուղար Ռաֆայել Գրոսին։ Հայաստանի համար այս գագաթնաժողովին մասնակցելն առանցքային է, քանի որ քննարկվում են նաև նոր ատոմակայանի կառուցման ֆինանսավորման և տեխնոլոգիական գործընկերության հարցերը:

Հայաստանը տարածաշրջանի միակ երկիրն է, որը, այսպես կոչված, «ատոմային ակումբի» անդամ է և մասնակցում է Միջուկային էներգիայի գագաթնաժողովներին որպես ատոմային էներգիա արտադրող պետություն: Գագաթնաժողովին մասնակցելու համար Փարիզ մեկնած Հայաստանի վարչապետն արժանացավ ընդգծված ջերմ ընդունելության։ Ֆրանսիայի նախագահը՝ «Նիկո՛լ, ինչպե՞ս ես» ասելով՝ ընդառաջ գնաց գրկախառվելու։

Էմանուել Մակրոնի ուշադրությունը գրավեց Նիկոլ Փաշինյանի կրծքազարդը՝ իրական Հայաստանի քարտեզի տեսքով։ Մակրոնը այն ցուցադրում էր լուսանկարվող մյուս հյուրերին, երկու երկրների ղեկավարներն այդ ընթացքում հասցրին նաև կարճ զրուցել։

Միջուկային էներգիայի գագաթնաժողովը սովորաբար հյուրընկալում է 40 երկրի և միջազգային կազմակերպության ներկայացուցիչների։ Մասնակիցները հիմնականում նրանք են, որոնք արդեն իսկ օգտագործում են միջուկային էներգիան կամ ունեն հստակ ռազմավարություն դրա ներդրման համար։ Հայաստանի դեպքում, կարելի է ասել, կա երկու պայմանն էլ։ 2024–ին՝ առաջին գագաթնաժողովի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Մեծամորի ԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու որոշման մասին:

Երկրորդ գագաթնաժողովում արդեն շեշտը դրված է նոր ատոմակայանի կառուցման գործնական քայլերի և ֆինանսավորման մոդելների վրա:

Իր ելույթում վարչապետ Փաշինյանը նշեց․ «Հայաստանի կառավարությունը նաև որդեգրել է միջուկային էներգիան որպես Հայաստանի էներգետիկ անվտանգության էական գործոն և որպես էլեկտրաէներգիայի մատակարարման հիմնական բաղադրիչ պահպանելու քաղաքականություն։ Անվտանգության տեխնոլոգիաների զարգացման հետ մեկտեղ, գործող միջուկային ռեակտորների կյանքի երկարաձգումն ապահովում է զրոյական արտանետումների հասնելու ժամանակին և ծախսարդյունավետ ուղի։ Այս համատեքստում, Հայաստանը, ինչպես այստեղ ներկայացված շատ երկրներ, մեկնարկել է Հայկական Ատոմային Էլեկտրակայանի (ՀԱԷԿ) շահագործման կյանքը մինչև 2036 թվականը երկարաձգման ծրագիր։ Այս երկարաձգումն ամուր հիմք կդնի նոր միջուկային էներգաբլոկի բարեհաջող և անվտանգ անցման համար։

Այս նպատակով՝ մեր ուշադրությունը կենտրոնացած է քաղաքացիական միջուկային էներգիայի նորարարությունների վրա, մասնավորապես, փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիաների վրա, որոնք խոստումնալից հեռանկարներ են առաջարկում»։

Հայաստանի վարչապետը հաստատեց, որ միջուկային էներգիայի ոլորտում Հայաստանն ակտիվորեն աշխատում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ։ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց կազմակերպությանը սերտ գործակցության համար։ Նաև ընդգծեց, որ Հայաստանը աշխարհում միակը չէ, որ պատրաստ է շարունակելու ատոմային էներգիա արտադրել։

«Շատ երկրներ այժմ գիտակցում են, որ միջուկային էներգիան՝ որպես կարգավորվող, ցածր ածխածնային էներգիայի աղբյուր, կարող է լավ համագործակցել վերականգնվող էներգիայի աղբյուրների հետ, այլ ոչ թե մրցակցել դրանց հետ։ Հայաստանը որոշում է կայացրել փոքր մոդուլային ռեակտորի տեխնոլոգիայի կիրառման վերաբերյալ։ Ներկայումս մենք ուշադիր ուսումնասիրում ենք տեխնոլոգիաները և գնահատում միջազգային գործընկերների առաջարկները։ Ընտրության գործընթացն առաջնորդվում է հուսալիության, երկարաժամկետ կայունության հաշվառմամբ և միջուկային անվտանգության, պաշտպանվածության և չտարածման բարձրագույն չափանիշներին մեր նվիրվածությամբ»։

Հայաստանի վարչապետն ընդգծեց, որ Հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման ողջ ընթացքում միջուկային կամ ճառագայթային անվտանգության հետ կապված որևէ միջադեպ չի եղել։

Ֆրանսիայում Նիկոլ Փաշինյանի հանդիպումները կարևորության մի քանի շերտ ունեն՝ ընդգծում են վերլուծաբանները։ Օրինակ՝ ֆրանսիական կողմի հետ քննարկվում է միջին հզորության կամ փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիան։ Ֆրանսիան առաջարկում է ոչ միայն սարքավորումներ, այլև ամբողջական «էկոհամակարգ»՝ մասնագետների վերապատրաստում և անվտանգության կառավարում։ Այստեղ Հայաստանը կարող է գործակցել EDF՝ Électricité de France ընկերության հետ։ Սա դիտվում է որպես Հայաստանի էներգետիկ կախվածության դիվերսիֆիկացիայի լուրջ քայլ, որը կնվազեցնի բացառիկ կախվածությունը ռուսական տեխնոլոգիաներից։

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր քարտուղար Ռաֆայել Գրոսիի հետ հանդիպումները կարևոր են Մեծամորի ԱԷԿ-ի միջազգային լեգիտիմության համար։ Նա վերահաստատել է, որ իր ղեկավարած կառույցը շարունակական տեխնիկական աջակցություն կցուցաբերի մինչև 2036 թվականը կայանի շահագործման անվտանգությունն ապահովելու համար։ Գրոսիի դրական գնահատականը, պատկերավոր ասած, վահան է Հայաստանի համար՝ հարևան երկրների, հատկապես Ադրբեջանի և Թուրքիայի քննադատությունների և «վտանգավորության» մասին հայտարարությունների դեմ։ Դե իսկ ԵՄ ներկայացուցիչների հետ հանդիպումները վերաբերում են նոր ատոմակայանի կամ էներգաբլոկի ֆինանսավորման հնարավորություններին։

Այս հանդիպումներով Հայաստանը փորձում է ստեղծել միջազգային կոնսորցիում, որտեղ տեխնոլոգիան կարող է լինել ֆրանսիական կամ ամերիկյան, իսկ ֆինանսավորումը՝ եվրոպական հիմնադրամներից։

Միջուկային էներգիայի բնագավառում Հայաստանը մի շարք ուղղություններով գործող իրավական հիմքեր ունի։ Հայաստանը գործակցում է ԵՄ-ի և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի հետ՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի՝ CEPA–ի շրջանակում: Ռուսաստանի հետ գործում են երկկողմ համաձայնագրեր Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման և վառելիքի մատակարարման վերաբերյալ: Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ էլ Հայաստանն ունի բազմաթիվ պայմանագրեր և երաշխիքների համաձայնագրեր՝ ապահով և խաղաղ միջուկային էներգիայի օգտագործման համար: 

2026-ի փետրվարի 9-ին այս ցանկին ավելացավ նաև Միացյալ Նահանգների հետ գործակցությունը։ Կնքվեց «Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև գործակցության մասին» համաձայնագրի՝ բանակցությունների ավարտի վերաբերյալ համատեղ հայտարարությունը։

Մեկ ամիս առաջ Հայաստանի վարչապետն ընգծեց․ «Այս համաձայնագիրը նոր էջ կբացի Հայաստանի և ԱՄՆ-ի միջև խորացող էներգետիկ գործընկերության ասպարեզում, կնպաստի Հայաստանի էներգետիկ ռեսուրսների բազմազանեցմանը՝ անվտանգ ու նորարարական տեխնոլոգիաների ներգրավմամբ»։

Միջուկային էներգիայի անվտանգ և խաղաղ օգտագործման անհրաժեշտության մասին Հայաստանն այս տարի խոսել է նաև Ժնևում Զինաթափման համաժողովի ժամանակ։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ներկայացնելով Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը, շեշտել էր՝ խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի ապահով և անվտանգ օգտագործումը շարունակում է մնալ Հայաստանի պետական քաղաքականության առաջնահերթություններից մեկը։

Leave a Comment