Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի սցենարով՝ 2026-ի խորհրդարանական ընտրություններում ինքն իրականացնելու է արդեն երրորդ հեղափոխությունը։ Նույն թիվը վկայակոչում է նաև Հայաստանի երրորդ նախագան, ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը՝ համարելով, որ երկու անգամ հաջողությամբ կատարել է իր աշխատանքը, երրորդ անգամ էլ կարող է դա անել։ Այս ամենին զուգահեռ, սակայն, շրջանառվում են անակնկալներ խոստացող տարբեր այլ սցենարներ էլ, որոնք, ըստ դրանց հեղինակների, կարող են փոխել ընտրությունների արդյունքն ու ընթացքը։ Այս փուլում թարմացել են Միութենության մասին խոսակցությունները, ինչը կոշտ արձագանքի է արժանացել գործող իշխանության կողմից։ Ըստ էության, համարվում է, որ բոլոր «ընտրական անակնկալները» մտնում են «Գյումրի 2» սցենարի մեջ։
Մինչ ընդդիմությունը խոստանում է երեք ամսից այսպես ասած «Գյումրի 2» իրականացնել համապետական ընտրություններում, գործող իշխանությունը ազդարարում է իր իսկ կողմից իրականացվելիք երրորդ հեղափոխության մեկնարկը։
Վարչապետը հենց Գյումրիում ներկուսակցական հանդիպումների և քարոզչության շրջանակում խոսեց առաջիկա իրադարձությունների մասին։ Փաշինյանի հաշվարկով՝ իր գլխավորած քաղաքական թիմը 2018-ին ընտրություններով իրականացրեց ներքաղաքական հեղափոխություն, իսկ արդեն 2021-ի ընտրությունների արդյունքները նա բնորոշում է «սոցիալ–հոգեբանական և մտածողության հեղափոխություն»։ Կայանալիք երրորդ հեղափոխությունը վարչապետը կոչել է «պատմաքաղաքական» և ծրագրել այն հունիսի 7–ին՝ նշաձող սահմանելով ընտրողների ձայների 65%–ը։ Երրորդ հեղափոխության իմաստը Փաշինյանը բացատրում է․
«Մեզ՝ Հայաստանի ժողովրդին, յոլա գնալու, գոյատևման քաղաքականության ցիկլից դուրս է բերելու և զարգացման, հարատև պետության օրակարգի ռելսերի վրա է դնելու։ Բայց նաև Գյումրիում լինելու է «Գյումրի 1»։ Մենք մոռանում ենք, որ Գյումրիում հեղափոխություն տեղի չի ունեցել, Գյումրին հեղափոխական իշխանություն չի ունեցել։ Այս ընտրություններում ժողովրդին պետք է ոչ թե պարզապես հաղթանակ, ՀՀ-ին և մեր ժողովրդին պետք է, որպեսզի խաղաղության թիմը ստանա բացարձակ սահմանադրական մեծամասնություն»։
Պայմանական «Գյումրի 1» սցենարի ժամանակ ընդդիմությունը ավագանու ընտրություններից հետո միավորվեց և Գյումրիի քաղաքապետ առաջադրեց Կոմունիստական կուսակցության ներկայացուցիչ Վարդան Ղուկասյանին։ Այս պահին ներքաղաքական դաշտում հնչում է նոր առաջարկ, որը լրագրողների հետ զրույցում բարձրաձայնեց Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը։ Աշխարհաքաղաքական վատթարացող իրավիճակում նա ճիշտ դիրքավորվելու կոչ է անում։
«Աշխարհագրությունը փոխվելու է, քաղաքական քարտեզը փոխվելու է մոտ ժամանակներս։ Նրանք, ովքեր շուտ հասկացան իրենց տեղը, դերը, նշանակությունը, իմացան՝ որ աշխարհակարգում են, շատ շուտ փրկվելու են։ Պարզ եմ ասում՝ Կովկասը դեպի հյուսիս, և մենք պետք է լինենք Միութենական կազմում»։
Հայաստանի իշխանության ներկայացուցչները կտրուկ են արձագանքել Արցախի նախկին պաշտոնյայի այսպիսի վերլուծություններին և առաջարկներին։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյան․
«Միութենական պետությո՞ւն եք ուզում, խելքներդ հացի հետ եք կերե՞լ։ Եկել եք Հայաստանում դիրքավորվել եք որպես «տրոյական ձիեր» և ուզում եք այս պետությունը մատաղ անե՞ք, պետությունը ուզում եք աճուրդի հանեք մի երկու թուլափայի համար ու ժողովրդի ճակատագիրը որպես մանրադրամ շպրտեք ուրիշների ոտքերի տակ։ Սա՞ է ձեր ուզածը։ Չի՛ ստացվելու։ Հայաստանի ինքնիշխանությունը անսակարկելի է, իսկ ձեր ջախջախումը անկասելի է հունիսի 7–ի ընտրություններում»։
Գործող իշխանությունը իր քննադատությունների և կասկածների զգալի բաժինը սովորաբար ուղղում է ռուսաստանաբնակ գործարար, այժմ Հայաստանում տնային կալանք կրող Սամվել Կարապետյանի հիմնած «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը։ Նաև Վիտալի Բալասանյանի խոսքն է ներկայացվում և ընկալվում որպես աջակցություն Կարապետյանի քաղաքականությանը։ Ըստ հարցումների՝ ընդդիմադիր կուսակցություններից «Ուժեղ Հայաստան»–ը հավակնում է ապագա խորհրդարանում ձևավորելու երկրորդ խմբակցությունը։ Համենայն դեպս, այդպես է Միջազգային հանրապետական ինստիտուտի վերջին հարցման համաձայն։
Հայաստանի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ տարբեր դրվագներով համեմատություն է տարվում Մոլդովայի ընտրությունների հետ։ Ընդ որում՝ այդ համեմատություններն անում են և՛ իշխանությունները՝ հիբրիդային սպառնալիքների մասին խոսելիս, և՛ ընդդիմադիրները՝ տարբեր խոչընդոտներ կանխատեսելու համար։ Այդպես է անում նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին անդամ, «Միացյալ ազգային սոցիալիստական կուսակցության» նախագահ Հովիկ Աղազարյանը․
«Մեր ձևով» շարժումը մեր պատկերացումներով առաջատար դիրքերում են և, հետևաբար, ներկայացնում են այդ իմաստով լուրջ այլընտրանքային հատված իշխանության նկատմամբ։ Ի՞նչ կարող է տեղի ունենալ։ Նիկոլ Փաշինյանը սպասելու է որոշ ժամանակ և տեսնի, թե «Մեր ձևով» շարժման շուրջ ոնց է կոնսոլիդացվում հասարակությունը, ընդդիմադիր ընտրազանգվածը, և այդ մաքսիմալ կոնսոլիդացումից մի պահ առաջ կատարի անհրաժեշտ քայլ՝ կա՛մ ընտրարշավին մասնակցելու իրավունք ստանալու գրանցման պահին չգրանցեն, կա՛մ նույնիսկ մայիսի 15–20 դուրս հանեն քաղաքական պայքարից և «Մեր ձևով» շարժումը չհասնի հունիսի 7–ին»։
Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը սոցցանցում գրառմամբ անդրադարձել է առաջիկա խորհրդարանական ընտրություններին այլ հնարավոր սցենարի։ Ըստ գրառման՝ «Քոչարյանի հետ միավորվելու սցենարը չեն հերքել ո՛չ ռուսաստանցի օլիգարխը, ո՛չ տեղական օլիգարխը, որովհետև մեկը չի կարող լինել վարչապետ, իսկ մյուսը՝ չի ուզում», – գրել է պաշտոնյան հավելելով, որ փաստացի սա «Գյումրի 2» սցենարն է։
«Քաղաքացիական պայմանագրից» պատգամավոր Արման Եղոյանը այս ամենին հավելում է․
«Գումրիում ի՞նչ տեղի ունեցավ՝ մարդկանց քվեի գողություն։ Այդ ուժերը չէին հայտարարել, որ իրենք պատրաստվում են Վարդան Ղուկասյանին դարձնել Գյումրու քաղաքապետ, ճի՞շտ է։ Հիմա մենք ասում ենք` ընկերներ ջան, եթե դուք ուզում եք ձեր այդ սցենարով այսպես կոչված դիցուկ Ռոբերտ Քոչարյանին դարձնել վարչապետ, նախ դա հայտարարեք։ Հետո արդեն կլինի այլ գնահատական։ Բայց իրենք դա չեն հայտարարում և ասում են` «Գյումրի 2»։ Դա վիրավորական է, կարծում եմ, մեր ընտրողների համար ասել, որ տեղի կունենա «Գյումրիի 2»։ Նշանակում է ասել, որ մենք ևս մեկ անգամ պիտի խաբենք Հայաստանի քաղաքացիներին, դա նույնն է։ Բա դա անհանգստացնող չէ՞։ Մեկը պետք է լինի վարչապետ, թող ասեն անունը»։
Մարտի 7–ին, ի դեպ, Հայաստանի երրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդես եկավ իրեն ոչ բնորոշ ձևաչափով։ Իր առաջնորդած «Հայաստան» խմբակցության երկու պատգամավորներ Ագնեսա Խամոյանի և Աննա Գրիգորյանի հետ հեղինակեցին փոդքասթ, որի ընթացքում մեկ ժամից ավելի խոսեցին անցյալի և սպասվող պայքարի մասին։ Այդ զրույցի շրջանակում արդեն Քոչարյանը չհերքեց իր հավակնությունները։ Նա բացահայտեց իր ղեկավարած քաղաքական ուժի դիրքավորումն առաջիկա խորհրդարանական ընտրություններին և նշեց, որ ընտրողներին հիմնական ուղերձը պետք է լինի հետևյալը՝ այն, ինչ կարողացել է անել երկու անգամ, կարող է անել նաև երրորդ անգամ։