Խորհրդարանն այսօր շարունակել է Հակակոռուպցիոն կոմիտեի 2025–ի գործունեության մասին հաղորդման քննարկումը, որը վերածվել է Հայաստանում կոռուպցիայի առկայության, դրա մեջ նախկին ու ներկա իշխանությունների ներգրավման ու դրա դեմ պայքարի արդյունավետության մասին բանավեճի։ Իշխանությունն ու ընդդիմությունը մեղադրանքներ են ուղղել միմյանց ու փաստաթուղթն ընդունել ի գիտություն։
Նախընտրական գործընթացներ, ապօրինի գույքի բռնագրավում, պետական միջոցների օգտագործում․ այս բոլոր ուղղություններով խորհրդարանական ընդդիմությունը կոռուպցիոն ռիսկեր է տեսնում ու մեղադրանքներ ուղղում խորհրդարանական մեծամասնությանը։
«Հայաստան» խմբակցության անդամ Արմենուհի Կյուրեղյանի մեղադրանքը պետական միջոցների վատնման կամ ոչ նպատակային օգտագործման մասին էր։
«Ահռելի արտաքին պարտքի դիմաց մեծ գումարներ են ծախսվել ասֆալտապատման համար, պարզվում է՝ դրանք առանց բիտումի են, որն էլ դարձել է ասֆալտի քանդման պատճառ։ Մեծ գումարների վատնում, անորակ աշխատանք, ամենինչ ճիշտ արված ծախսերի ներկայացում․ բա սա կոռուպցիա չէ՞»։
Կյուրեղյանը փորձում է ոչ միայն ստանալ «սա կոռուպցիա՞ է, թե ոչ», այլև «ո՞վ է լինելու 2034 թ․ իշխանության ղեկին» հարցի պատասխանը։
«Պարզ է, չէ, որ 2034 թվականին դուք այլևս իշխանության չեք լինելու։ Բա, ձեր արած ծախսերի ճակատագիրն ի՞նչ է լինելու»։
Ընդդիմադիր պատգամավորները վկայակոչում են նաև Հայաստանում կոռուպցիայի ընկալման համաթվի անկումը՝ իրավիաճակը լճացած, իսկ կոռուպցիայի դեմ պայքարն անարդյունավետ գնահատելով։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հասմիկ Հակոբյանը ընդդիմադիր գործընկերներին հիշեցնում է նախկին պաշտոնյաների մասնակցությամբ ընթացող դատավարություններն ու կոռուպցիոն մեղադրանքները։
«Ամբողջ կյանքում պետական ծառայողը չէր կարող այդ դղյակներն ունենալ, այդ կարողություններն ունենալ։ Միանգամից 26 գույք ունենալ ու ապօրինի գույքի գործով անցնել։ Անշարժ և շարժական տարբեր գույքեր ունենար, մի քանի հարյուր միլոիոն չհիմնավորված դրամներ ունենար։ Պարզապես չէր կարող ունենալ»։
«Հայաստան» խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյանին այլ հարց է հետաքրքում․
«Այս իշխանությունն այդպես էլ չկողմնորոշվեց, ի վերջո մենք՝ ընդդիմադիրներս միլիոնների թալանած ու դրա մեջ լող տվող անհատներ ու խմբակցությու՞ն ենք, թե 10 հազար կամ 30 հազար դրամի համար կոճակ սեղմողներ, որ գալիս են գրանցվեն, որ այդ 10 հազարն ու 30 հազարը չկորցնեն»։
Նախօրեին «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանն էլ մեկ այլ մտահոգություն էր հայտնել՝ մեկ անձից պետական գնումների թվի աճի կապակցությամբ։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արուսյակ Ջուլհակյանը վիճակագրական տվյալներով է փարատում ընդդիմադիր գործընկերոջ մտահոգությունները։
«Հարգելի՛ պարոն Դանիելյան, սիրելի՛ Գառնիկ, ես ձեզ պետք է խնդրեմ՝ մի բանի մասին խոսելուց առաջ, գոնե, ծանոթանալ վիճակագրությանը։ 2017 թվականին կազմել է 56.4 %, այսինքն՝ ամբողջ գնումների կեսից ավելին մեկ անձնից գնումներ են եղել, 2018-ին՝ 52.7 %, այսինքն՝ սկսել է իջնել, 2019-ին՝ 52 %, 2020-ին՝ 50.5 %, 2021-ին՝ մի փոքր բարձրացել է 51.2 %, 2022-ին՝ 45 %, 2023-ին՝ 43.9 %, 2024 թվակաին 16.2 %, այսինքն՝ իջել է շեշտակի։ Նյութին տիրապետեք մի փոքր, չեմ ասում խորությամբ։ Տվյալները շատ են, մի թեթև google արեք, կբերի»։
Ընդդիմադիրներն իշխանությանը մեղադրում են նաև նախկին պաշտոնյաների կոռուպցիան չբացահայտելու և, այսպես ասենք, կողոպուտը հետ չբերելու համար։ «Հայաստան» խմբակցության անդամ Աննա Գրիգորյանի խոսքով՝ դրա համար իշխող ուժը 7 տարի ժամանակ ուներ։
«Իշխանությունը ձեր ձեռքը չի՞, բա ինչո՞վ եք զբաղված։ Եկել եք ու՞մ վրա եք մունաթ գալիս։ Եկեք այդ Մոնումենտի դղյակներից հետաքրքիր դեպք հիշենք։ Հովիկ Աբրահամյանի դղյակը, որպես օրինակ վերցրելով գալ իշխանության։ Բա տեսեք՝ ի՞նչ դղյակներ են նախկիններն իրենց համար կառուցել։ Ի՞նչ եղավ, կալանքի տակ էր դրված, մի քանի ժամով կալանքը հանեցին, ձեր սրտի օլիգարխը գնաց գնեց ու նորից դրվեց կալանքի տակ»։
Աննա Գրիգորյանի հայտարարություններին ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն է հակադարձում․
«Կգնա՛ք ամբողջ խմբակցությամբ, այսպես ծայրից ծայր, կգնա՛ք շեֆի մոտ ու կասեք՝ շե՛ֆ, այդ 200 մլն-ը հերիք է երկարացնես, հույս չունենաս՝ ընտրությունները չենք կրելու գնա մուի բյուջե։ Սպասում ենք, 200 մլն-ը հետ բերեք բյուջե։ Պտտվեք ձեր շուրջը նայեք, ձեր խմբակցության կեսը ապօրինի գույքի գործով է անցնում։ Ասե՛ք, մուծվե՛ք»։
Իշխանություն–ընդդիմություն լարված բանավեճին շուրջ երեք ժամ հետևում էր Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը, որն ամփոփիչ ելույթում վստահեցրեց․
«Կոռուպցիոն դրսևորումները լիովին բացառված չեն և չեն կարող բացառված լինել որևէ երկրում։ Ցավոք, առանձին դեպքեր շարունակում են արձանագրվել այսօր»։
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի խոսքով՝ արձանագրվող կոռուպցիոն դեպքերը համակարգային չեն և հիմնականում տեղային կամ առանձին դրսևորումների բնույթ ունեն։