Ինչպե՞ս է 12-րդ դարի հայկական գրքարվեստի գլուխգործոցը՝ Սկևռայի ավետարանը, հայտնվել Լեհաստանում, հետո անհետացել Երկրորդ համաշխարհային պատերազմի քաոսում և տասնամյակներ անց «հարություն առել»։ ԿԳՄՍ նախարարության և Մատենադարանի աջակցությամբ այսօր ներկայացվել է միջնադարյան այդ մատյանի խորհրդավոր ոդիսականը՝ Կիլիկիայից մինչև Լեհաստան։
«Կորսված, գտնված, թաքնված»․ կինոռեժիսոր Վահրամ Մխիթարյանը հինգ տարվա տքնաջան աշխատանքի շնորհիվ բացահայտել է Սկևռայի հռչակավոր ավետարանի դրամատիկ ճակատագիրը։ Ռեժիսորն ասում է, որ այդ մասին ֆիլմ նկարահանելով նպատակ է ունեցել արձանագրելու ավետարանին առնչվող կարևոր պատմական իրադարձությունները, որոնք շատ նման են հայ ժողովրդի ճակատագրին։
«Ինձ համար խնդիր էր այդ ամբողջը ցույց տալը։ Ինչ-որ պահի հասկացա, որ այս ֆիլմով ուզում եմ պատմել ավետարանի մասին ոչ միայն հայերի, այլև արտաքին դիտողի աչքերով»։

Վահրամ Մխիթարյանը միջնադարյան ձեռագրերը մարդկանց է նմանեցնում՝ իրենց ճակատագրով, անցյալով և վերապրած բազմաթիվ աղետներով։ Հազարավոր մատյանների մի մասն է հասել մեր օրեր, հետևաբար դրանք պատմության բախտավոր վկաներն են։
Ֆիլմում ռեժիսորը ներկայացնում է Սկևռայի ավետարանի անցած զարմանալի ուղին՝ Կիլիկիայի հայկական թագավորության ափերից մինչև ժամանակակից Լեհաստան։ Ֆիլմը պատմում է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձեռագրի կորստի, 20-րդ դարավերջին դրա գրեթե պատահական հայտնաբերման և կրկին անհետացման մասին։
Սկևռայի ավետարանը կիլիկյան մանրանկարչության նշանավոր նմուշներից է։ 1939–1945 թթ․ այն անհետացել էր Լվովի հայկական արքեպիսկոպոսարանից։
Պատմում է Կրակովի համալսարանի պրոֆեսոր Քշիշտոֆ Ստոպկան․
«Ես զբաղվում եմ Սկևռայի ավետարանի հետազոտությամբ և նրա ճակատագրի պարզաբանումով այն ժամանակից, երբ ավետարանը հայտնվեց Լվովում։ Ինձ ոգևորեցին գործընկերներս։ Առեղծվածային էր հատկապես 1219–1422 թվականների միջև ընկած ժամանակահատվածը, որտեղ հիշատակվում է Կիլիկիայի հայոց առաջին արքա Լևոնի մահն ու անհետացումը»։
Ֆիլմի հեղինակները փնտրել և գտել են ականատեսների, որոնք առանցքային դեր են խաղացել ավետարանի հայտնաբերման և փրկության գործում, ինչպես նաև այն մարդկանց, որոնց կյանքում այդ բացառիկ ձեռագիրը անջնջելի հետք է թողել։
Գրեթե մեկ ժամանոց վավերագրական կինոնկարը կամրջում է Կիլիկիան և ժամանակակից Լեհաստանը՝ դառնալով հայկական մշակույթի եվրոպական հետքի յուրօրինակ ապացույցներից մեկը։
ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյան. «Մշակույթի միջոցով մենք պետք է առնչվենք և շփվենք աշխարհի հետ։ Դա ամենակարևոր և առանցքային կետն է, որի շուրջ կա և՛ պատմություն, և՛ ինքնություն»։
Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանն ասում է՝ այս ֆիլմը յուրատեսակ վերադարձ է։ Այն հայ հասարակությանը հնարավորություն է տալիս տեսնելու և ձեռագրական ու մանրանկարչական արվեստի գլուխգործոցը, շփվելու դրա հետ։
«Ինչո՞ւ է մեզ համար կարևոր այս ֆիլմի ստեղծումը։ Քանի որ Մատենադարանից դուրս՝ աշխարհում, ևս կա մի մեծ «Մատենադարան»՝ մասնավոր հավաքածուներում, տարբեր երկրների թանգարաններում և արտասահմանյան հոգևոր ձեռագրատներում։ Մենք՝ որպես հայերեն ձեռագրերի մայր կառույց, չենք կարող անտարբեր մնալ աշխարհում տարածված մեր ձեռագրական ժառանգության հանդեպ։ Հայերեն ձեռագրերի հանրայնացումը, ճանաչելիության բարձրացումը և գիտական հետազոտության վերականգնումը մեր կառույցի առաջնահերթություններից են»։
Սկևռայի ավետարանի ճակատագիրը նաև Լեհաստանի հայկական համայնքի պատմության մասն է։ Ավետարանի բնօրինակը այժմ Լեհաստանի ազգային գրադարանում է։
«Նախագիծն իրականացվում է Հայաստան–Լեհաստան մշակութային գործակցության շրջանակում։ Սա այն եզակի դեպքերից է, երբ վստահաբար կարող ենք ասել, որ բնօրինակը հուսալի ձեռքերում է, իսկ մենք այսօր բավարարվում ենք բարձրորակ կրկնօրինակով, որը պահպանվում է մեր սիրելի Մատենադարանում»։
«Կորսված, գտնված, թաքցված» ֆիլմը նկարահանվել է լեհական «Կաթնեղբայր» հիմնադրամի և Հայաստանի կինոյի հիմնադրամի օժանդակությամբ։