1946 թվականի մարտի 5-ին ԱՄՆ Ֆուլտոն քաղաքում Ուինսթոն Չերչիլի ելույթը, որտեղ նա հայտարարեց «Երկաթե վարագույրի» մասին, համարվում է Սառը պատերազմի սկզբնակետը։ Այս պատմական ճառը կանխորոշեց ԽՍՀՄ-ի և Արևմուտքի միջև սկսվող լարվածությունը և աշխարհաքաղաքական երկարատև դիմակայությունը։
Չերչիլը նախազգուշացրեց Եվրոպայում Խորհրդային Միության ազդեցության տարածման մասին և կոչ արեց ստեղծել անգլո-ամերիկյան դաշինք։
Ճառի ամենահայտնի հատվածը հենց «Երկաթե վարագույրի» («Iron Curtain») մասին արտահայտությունն էր, որը բաժանում էր Եվրոպան։
Այս ելույթով փաստացի վերջ դրվեց Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գոյություն ունեցող դաշինքին և սկսվեց արևմտյան ու արևելյան բլոկների դիմակայությունը։

Սառը պատերազմ
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո սկիզբ առավ համաշխարհային աշխարհաքաղաքական, ռազմական, տնտեսական և գաղափարական առճակատում Արևմուտքի (Միացյալ Նահանգներ, ՆԱՏՕ-ի դաշնակիցներ և այլք) և Սոցիալիստական ճամբարի (ԽՍՀՄ և Վարշավյան համաձայնագրի դաշնակիցներ) երկրների միջև։
Ֆաշիզմի նկատմամբ տարած հաղթության մեջ ունեցած իր ներդրման շնորհիվ աննախադեպ աճել էր ԽՍՀՄ-ի հեղինակությունը։ Ընդլայնվել էր նրա ազդեցության ոլորտը ոչ միայն Եվրոպայում, այլ նաև Ասիայում։ Խորհրդային բանակի կողմից ազատագրված եվրոպական երկրներում շատ արագ ձևավորվեցին խորհրդամետ վարչակարգեր, իսկ մյուս երկրներում մեծ թափ էր հավաքել կոմունիստական շարժումը։ Կար իրական հնարավորություն, որ այդտեղ էլ կհաստատվեն սոցիալիստական վարչակարգեր։ Խորհրդային Միության նկատմամբ աճել էր եվրոպացիների հետաքրքրությունը, իսկ ԱՄՆ–ի մասին նրանց պատկերացումները խորհրդանշվում էին քաղաքակրթական կարևոր արժեքներով՝ ազատություն, սոցիալիստական արդարություն, ստեղծագործ աշխատանք։
ԽՍՀՄ ղեկավար Իոսիֆ Ստալինը օգտագործեց այս կացությունը՝ նպաստելով Եվրոպայում և Ասիայում սոցիալիստական նոր պետությունների առաջացմանը։
Արևմտյան կապիտալիստական աշխարհում անվիճելի դարձած ԱՄՆ-ը չէր կարող համակերպվել ԽՍՀՄ-ի քաղաքական ազդեցության ծավալման հետ։ Որպես հետևանք՝ ԱՄՆ-ը և ԽՍՀՄ-ը չկարողացան պահպանել պատերազմի տարիներին ձևավորված համագործակցային հարաբերությունները։
Սառը պատերազմի սկիզբը
ԱՄՆ-ի նախագահ Թրումանը 1947 թ. փետրվարին Կոնգրեսին հոդված իր ուղերձում ձևակերպեց Եվրոպան խորհրդային ծավալապաշտությունից փրկելու ծրագիրը։ Նախատեսվում էր մեծածավալ տնտեսական օգնություն տրամադրել եվրոպական երկրներին և ստեղծել արևմտյան երկրների ռազմաքաղաքական խմբավորում ԱՄՆ-ի հովանու ներքո։ Թրումանի «դրույթը» (դոկտրինան) երկու գլխավոր նպատակ էր հետապնդում՝ չթույլատրել ԽՍՀՄ-ի և նրա գաղափարախոսության հետագա տարածումը, իսկ հնարավորության դեպքում նաև հետ շպրտել ԽՍՀՄ-ին իր ազդեցության նախկին սահմանները։

ԱՄՆ-ի արտաքին քաղաքական նոր կուրսի գործադրման առաջին քայլը եղավ Մարշալի պլանը, որով 1948-1951 թթ. 12,4 միլիարդ դոլար տրամադրվեց Արևմտյան Եվրոպայի երկրներին։ Դրա շնորհիվ կտրուկ աճեց ԱՄՆ-ի ազդեցությունը այդ երկրներում։